«Ընթերցասեր հասարակությունն էլ պետք է իմանա, որ գրականության ոլորտում անընդհատ ծրագրեր են իրականցվում եւ գրական պատերը շարժուն են: «Զվեզդա» հրատարակչության հետ մենք շարունակելու ենք աշխատել»,-այսօր գրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսիայում լույս տեսած “Люблю тебя, отчезна” («Սիրում եմ քեզ, հայրենիք») գիրքի մասին նշեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Բելառուսական «Զվեզդա» հրատարակչության կողմից հրատարակած «Սիրում եմ քեզ, հայրենիք» վերնագրով ռուսերեն անթոլոգիայում միաժամանակ ընդգրկված են հայ և բելոռուս հեղինակների ստեղծագործությունները, ինչն ավելի հետաքրքիր ու ինտրիգային է դարձնում հայ և ռուս գրականությունների հետ ծանոթությունը: «Սիրում եմ քեզ, հայրենիք» անթոլոգիայում տեղ են գտել Արևշատ Ավագյանի, Հենրիկ Էդոյանի, Հովհաննես Գրիգորյանի, Դավիթ Հովհաննեսի, Արտեմ Հարությունյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Հրաչյա Թամրազյանի, Ռազմիկ Դավոյանի, Ղուկաս Սիրունյանի չափածո և Ռուբեն Հովսեփյանի, Լևոն Խեչոյանի, Վահագն Մուղնեցյանի, Վրեժ Իսրայելյանի, Վահագն Գրիգորյանի, Նորայր Ադալյանի արձակ գործերից:
Անթոլոգիայում տպագրվել են նաև բելառուս հեղինակներ Օլեգ Ժդանի, Միկոլա Մալյավկայի, Կազիմիր Կամեյշայի, Միկոլա Չեռնյավցկու և այլոց ստեղծագործությունները:
Վերջերս Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, հայկական և բելառուսական տաղավարներում տեղի ունեցավ այս գրքի շնորհանդեսը, որին գրողների, արվեստագետների, ընթերցողների հետ մասնակցում էին «Զվեզդա» հրատարակչության ներկայացուցիչները:
Շնորհանդեսներում մեկ անգամ ևս կարևորվեց գրական կապերի ամրապնդումը, գրականությունների համագործակցությունն ու տարբեր մշակույթների փոխհարստացման անհրաժեշտությունը:
Պրն. Միլիտոնյանի համոզմամբ սա շատ լավ նախագիծ է: Գրքում տեղ են գտել 15 հայ հեղինակների ստեղծագործություններ, որոնցից 6-ը արձակագիր են, իսկ 9-ը՝ բանաստեղծ: Ընտրվել են նախագահի եւ պետական մրցանակներ ստացած հեղինակները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: «Սիրում եմ քեզ, Բելառուսիա, հայրենիք»
