«Գիտցավ, որ սիրիացի եմ, դուռը բացավ և իջավ». Երեւանում տաքսի վարող սիրիահայ բիզնեսմենի պատմությունը,տեսանյութ

 Վահե Փալանջյան,սիրիահայՍիրիայի Հալեպ քաղաքի բնակիչ Վահե Փալանջյանը պատերազմի պատճառով թողել է իր տունն ու խանութը և հաստատվել Հայաստանում: Արդեն վեց ամիս է, որ այստեղ է, բայց միակ աշխատանքը, որ կարողացել է գտնել` տաքսու վարորդի աշխատանքն է: «Սկիզբը, որ նոր սկսանք գործը, քիչ մը դժվար էր, քանի որ քաղաքը չէինք գիտեր: Քիչ-քիչ սովրեցանք արդեն, հիմա կքշենք: Կսեի ՝կրնաք ցույց տալ ինձի ճանապարհը: Եվ իրենք ցույց կուտային»,- ասաց Վահե Փալանջյանը,հաղորդում է  news.am-ը :

Արդեն չորս ամիս է՝ ինչ Վահեն Հայաստանում տաքսի է վարում ու քաղաքն արդեն բավականչափ ճանաչում է։ Անգամ հասցրել է մի քանի ռուսերեն բառ սովորել` «ռազվառոտ», «սվետաֆոր», «կալցեվոյ» և այլն:

Չնայած Վահեն ջանք չի խնայում, բայց ասում է՝ ոչ բոլորն են ուզում սիրիահայ վարորդի տաքսին նստել։  «Մաս մը կա, որ մեզի խորթ աչքով կդիտե: Ինձ հետ երկու-երեք անգամ պատահեցավ, երբ որ դուռը բացին և մի բառ որ հետս խոսացին` գիտցավ, որ ես սիրիացի եմ, ուղղակի իմ երեսիս դարձավ, ըսավ՝ ես սիրիյահայերուն հետ չեմ ելար երթ, դուռը բացավ և իջավ»:

Մասնագիտությամբ ավտոմեխանիկը, որը Հալեպի կենտրոնում իր սեփական խանութն ուներ, Հայաստան էր եկել այն հույսով, որ այստեղ էլ կկարողանա իր գործով զբաղվել, բայց մտափոխվել է, երբ տեղեկացել է Հայաստանում գործող հարկերի մասին։ «Հոս բարեկամ մը ունիմ` սուպերմարկետ մը բացած է: Մոտավոր երեսուն մետր տարածքով խանութ է և կենտրոնում էլ չէ, քաղաքից քիչ մը հեռու: Հարցուցի՝ դուն ամսական հարկային ինչքա՞ն կվճարես, քանի որ լսած եմ՝ այստեղ ամիսեամիս հարկայինը կվճարեն: Ըսավ՝ հինգ հարյուր դոլար: Դարձա ասեցի՝ ի՞նչ կշահիս դու: Միայն հինգ հարյուր դոլարով չի վերջանա, այնտեղ հոսանքը կա, ջուրը և այլ ծախսեր: Ես խանութիս համար տարեկան պետությանը կուտայի հարյուր հիսուն դոլար: Եվ դեռ կսեինք, որ սուղ է: Հիմա կտեսնեմ, որ լեռներ ձորերի տարբերություն կա»,- պատմեց Վահեն:

Անցած տարի, երբ Վահեն ընկերների հետ առաջին անգամ Հայաստան էր այցելել, հիացել էր. «Ոնց որ Եվրոպա լինի: Պտույտի եկողը հոս կսիրե: Ադոր համար սիրեցի քաղաքը, ժողովուրդն ալ: Երբ Սիրիայեն ելա` մեծ հույսով ելա, որ հոս պիտի հաստատվիմ, բայց հոս ապրելու, աշխատանքի քաղաք մը չէ: Հոս քիչ մը ապագա չկա մեկ խոսքով: Հոս աշխատանքով չկա մեկը, որ բանի տեր մը կրնա դառնալ»: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Tags: , ,