Պատրիկ Հիկեն վերընտրվեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ

images ՀԱՕԿԵվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ միաձայն վերընտրվեց  իռլանդացի Պատրիկ Հիկեն: Այս մասին հայտնի դարձավ Հռոմում անցկացված ԵՎՕԿ –ի  42 –րդ համաժողովում:

Նոյեմբերի 21-23-ը տեղի ունեցած   Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գագաթաժողովին  մասնակցեց նաև  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում  էին  գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը , նախագահի խորհրդական  Ռուբեն Հակոբյանը և վարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

ՀԱՕԿ- ի  նախագահը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Կիպրոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի և Լիտվայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ: Կողմերը փոխշահավետ համագործակցության պայմանագրեր ստորագրեցին: Առաջիկայում մեր մարզիչների    համար  Հայաստանում և արտասահմանյան  համապատասխան երկրներում  կկազամակերպվեն   մասնագիտական  խորհրդակցություններ:  Տարբեր մարզաձևերի մեր  հավաքականները և առանձին  մարզիկները ուսումնամարզական համատեղ հավաքներ կանցկացնեն:

Ջերմ էր Գագիկ  Ծառուկյանի և ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի առանձնազրույցը: Պարզվեց, որ Բախը  լավատեղյակ է  ՀԱՕԿ-ի աշխատանքներին և միջազգային ասպարեզներում Հայաստանի մարզիկների  ունեցած մրցելույթներին:

ՄՕԿ-ի նախագահը  ցանկություն հայտնեց այցելել Հայաստան, ծանոթանալ մարզաշխարհի ներկայացուցիչների  հետ, տեսնել  մեր  մարզակառույցները և այլն :

Հռոմին հրաժեշտ տալու  օրը գագաթաժողովի  մասնակիցներին Վատիկանում հյուրընկալեց  Նորին Սրբություն Հռոմի  Պապ Ֆրանցիսկը: