Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Թուրքիայում 2014 թվականին

Hasan Oktay Հայտնի է, որ 2014 թվականին Թուրքիայում սպասվում է երկու իրադարձություն՝ տեղական և նախագահական ընտրություններ: Այս համատեքստում «Անկախ»-ի լրագրողը զրուցել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գործող Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, թուրքական Ազգայնական շարժում կուսակցության անդամ, թուրք մտավորական,  պատմական գիտությունների դոկտոր Հասան Օքթայի հետ: Ձեզ ենք ներկայացնում պրն Օքթայի տեսակետները ներկայումս Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակի, ուժերի դասավորվածության, Գյուլ-Էրդողան մրցակցության, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի և սպասվող փոփոխությունների մասին:

- Մենք գիտենք, որ 2014 թվակնին Թուրքիայում երկու ընտրություններ են սպասվում՝ տեղական և նախագահական: Ինչպիսի՞ն է ներքաղաքական վիճակը Թուրքիայում 2014-ին ընդառաջ:

-Սկսած 1947 թվականից Թուրքիայում, չնայած որոշակի թերություններով, այնուհանդերձ շարունակվում են ժողովրդավարական գործընթացները, որոնց անբաժան մասն են կազմում ընտրությունները: Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, իսկ այժմ առաջին անգամ ժողովրդի կողմից հանրապետության նախագահն է ընտրվելու, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը ցանկանում է նախագահ դառնալ՝ հավատալով, որ Թուրքիան կարող է ավելի լավ ղեկավարել՝ երկիրը տանելով նախագահական կառավարման համակարգի: Եթե Աբուլահ Գյուլն էլ որոշի իր թեկնածությունը առաջադրել, ապա Գյուլ-Էրդողան պայքարում հնարավորություն կառաջանա մեկ այլ թեկնածուի հաղթանակի համար: Այնուհանդերձ հնարավոր է, որ նախագահին ընտրի խորհրդարանը՝ այսպիսով ժողովրդին զրկելով ընտրության իրավունքից:

- Արդյո՞ք վարչապետ Էրդողանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2014 թվականին նախագահական ընտրություններում:

-Ամենայն հավանականությամբ Էրդողանը կառաջադրի իր թեկնածությունը, սակայն այստեղ ավելի կարևոր հարց է Գյուլի դիրքորոշումը: Այժմ Արդարություն և զարգացում կուսակցության ներսում առկա ամենադժվար հարցը Գյուլի թեկնածության խնդիրն է.  եթե նա, այնուամենայնիվ, որոշի երկրորդ անգամ նախագահ դառնալու փորձ կատարել, ապա այդ պարագայում բաց կմնա այն հարցը, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը:

- Ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի շանսերը, արդյո՞ք նա ունի մրցակիցներ:

-Շատերը կարծում են, որ եթե ընտրություններում Էրդողանը առաջադրի իր թեկնածությունը, իսկ Գյուլը՝ ոչ, ապա Էրդողանը հեշտությամբ հաղթանակ կտոնի: Սակայն մինչ նախագահական ընտրությունները Թուրքիայի քաղաքական օրակարգում շատ բան կփոխվի և հիմա դժվար է ասել, թե ինչ զարգացումներ են սպասվում: Այնուհանդերձ ակնհայտ է, որ Էրդողանը ամենամեծ շանսեր ունեցող առաջնորդն է համարվում:

- Արդյո՞ք «Գեզի» այգու իրադարձությունները ազդել են Էրդողանի հեղինակության վրա, որի հետևանքով նա կարող է ձայներ կորցնել:

-Կարծում եմ, որ «Գեզի» այգու իրադարձություններն  ամբողջովին փչացրեցին ԱԶ կուսակցության և վարչապետ Էրդողանի հոգեբանությունը, քանի որ «Գեզիի» ցուցարարները ընդդեմ Էրդողանի մեծ ինքնավստահություն ձեռք բերեցին: «Գեզիի» դեպքերը պատճառ հանդիսացան, որպեսզի Էրդողանի կառավարությունը կազմող կոալիցիոն ուժերի միջև այսօր հակասություններ առաջանան:

- Ինչ եք կարծում, վերջերս հրապարակված «ժողովրդավարացման փաթեթը» հաստատում կստանա՞: Արդյո՞ք Էրդողանի նպատակը դրա միջոցով ընտրություններից առաջ աջակիցներ հավաքելն է: 

-Էրդողանի հրապարակած «ժողովրդարացման փաթեթը» և դրան հաջորդած Դիարբեքիրում Բարզանիի հետ տեղի ունեցած հանդիպումը քաղաքական առումով ձայների կորուստի պատճառ կարող է հանդիսանալ՝ այդպիսով լուրջ խոչընդոտ դառնալով Էրդողանի` նախագահ ընտրվելու ճանապարհին: Պետք է նշել, որ Բարզանիի հետ հանդիպումը լուրջ հակասություններ է առաջացրել նաև ԱԶ կուսակցության ներսում:

 - Ի՞նչ ազդեցություն  կունենա Էրդողանի նախաձեռնած Քրդական հարցի լուծման գործընթացը նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

 -Տեղական և նախագահական ընտրությունների արդյունքների վրա ներազդելու համար ԱԶ կուսակցական շրջանակները օրակագ բերեցին Բարզանիի հետ հանդիպումը: Ինչպես նշեցի, սա անհանգիտս մթնոլորտ առաջացրեց կուսակցության ներսում, և Էրդողանը դադար տվեց: Իրականում Թուրքիայում տեղի ունեցող որոշ իրադարձություններ անտեսվում են: Մասնավորապես երկրի հարավ-արևելքում Հուդափար անունով մի կուսակցություն է հիմնվել, որը առաջիկա ընտրություններում պայքարի մեջ կմտնի: Իրանական կողմնորոշում ունեցող այս կուսակցությունը հարավ-արևելյան շրջաններում աշխատում է այլընտրանք դառնալ ԱԶ և ԽԺ կուսակցություններին, ինչի շնորհիվ որոշ տեղերում քաղաքապետի պաշտոններ ձեռք կբերի:

- Ըստ նախատեսվող սահմանադրական բարեփոխումների՝ Թուրքիան անցնելու է նախագահական կառավարման համակարգի: Արդյո՞ք դա իրատեսական է:

 -Կարծես թե սահմանադրական բարեփոխումները կհետաձգվեն և կդիտարկվեն արդեն 2014 թվականի նախագահական ընտրություններից հետո: Այս պարագայում անցումը դեպի նախագահական կառավարման համակարգի փակուղի է մտել և դժվար թե իրականանա:

- Քաղաքական ո՞ր կուսակցություններն ու ուժերն (օրինակ նուրջուները) են աջակցում Էրդողանին:

 -Էրդողանի կողմնակիցների թիվն  օրեցօր նվազում է՝ հատկապես  «Գեզի» այգու իրադարձություններից հետո: Ինչ վերաբերում է Գյուլենական շարժման հետևորդներին՝ նուրջուներին, ապա նրանք Էրդողանին պատերազմ են հայտարարել: Գալով Ազգայնական շարժում կուսակցությանը՝ պետք է նշել, որ մենք պատրաստվում ենք նախագահական ընտրություններում առաջադրել մեր թեկնածուին:

 - Եթե Էրդողանը դառնա նախագահ, արդյո՞ք Գյուլը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

 -Այս հարցը դեռևս քննարկվում է, սակայն ամենախելամիտ որոշումը սա կլինի: Այնուհանդերձ իրադարձությունների արագ ընթացքի հետևանքով հնարավոր է, որ Էրդողանը չդիմանա այս լարվածությանը: Եթե ԱԶԿ-ի և գյուլենականների միջև վեճի արդյունքում Ստամբուլի քաղաքապետ դառնա ԺՀԿ-ի երիտասարդ քաղաքական գործիչ Մուստաֆա Սարըգյուլը և պարտության մատնի ԱԶԿ-ին, ապա սա կդառնա Էրդողանի կուսակցության անկման սկիզբը, ինչպես նաև մեծ ազդեցություն կունենա և՛ տեղական, և՛ նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

 - Ի՞նչ կփոխվի Թուրքիայում, եթե Էրդողանը դառնա նախագահ: Ինչպե՞ս դա կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա:

 -Եթե Էրդողանը դառնա նախագահ, ապա կփորձարկվի նախագահական կառավարման համակարգը, սակայն կարծում եմ, որ Էրդողանի ԱԶ կուսակցությունը կբռնի անկման ուղին՝ կրկնելով Թուրգութ Օզալի ղեկավարած Մայր հայրենիք կուսակցության ճակատագիրը: Այնուհանդերձ կարծում եմ, որ առաջիկա տասը տարում Թուրքիային շատ ակտիվ և ոգևորիչ ժամանակաշրջան է սպասվում:

Գալով հայ-թուրքական հարաբերություններին` պետք է նշել, որ Էրդողանի նախագահ դառնալու պարագայում այս հարցում որոշակի առաջընթացի կարելի է սպասել: Քանզի Էրդողանը ուժեղ նախագահ լինելու համար մի շարք բարեփոխումներ անցկացրեց և նախագահ դառնալով էլ ավելի կակտիվացնի այդ գործընթացը: Սակայն այս հարցում որոշ անբարենպաստ գործոններ կան: Վերջին շրջանում Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում բավական մեծացել են, և եթե Ադրբեջանը որոշի օգտագործել այս հանգամանքը, ապա Թուրքիան հետ կկանգնի Հայաստանի հետ համաձայնության գալուց՝ սպասելով հայկական կողմի քայլերին: Հայաստանը պետք է վերանայի իր ավանդական քաղաքականությունը, ըստ որի միշտ անուշադրության է մատնել տարածաշրջանային զարգացումներում Թուրքիայի ստանձնած դերակատարությունը: Մասնավորապես Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացումը էլ ավելի կմեկուսացնի Հայաստանին: Էրդողանի պրակտիկ մոտեցումը մի շարք հարցերի լուծման գործին լավ առիթ կարող է հանդիսանալ նաև հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար: Սակայն կարծում եմ, որ այս հարցում Հայաստանին ևս մեծ աշխատանք է բաժին ընկնում:

 

Հարցազրույցը վարեց Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Tags: ,