Ոստիկանության բաժիններում ազատազրկվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառում. զեկույց

զեկույց«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ ուսումնասիրել է ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում: Այսօր համանուն զեկույցի քննարկումն էր:

«Ուսումնասիրության նպատակն է վերլուծել Հայաստանում ոստիկանության  բաժիններում խոշտանգումների և  վատ վերաբերմունքի դրդապատճառները, կանխարգելման  հնարավոր եղանակները և ձևերը»,-ասաց ՀԿ  նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով` տարատեսակ զեկույցներում խոսվում է քրեակատարողական և ձերբակալվածների պահելու հիմնարկների  վիճակի մասին, բայց չի խոսվում ոստիկանության վերաբերմունքի մասին կալանավորվածների նկատմամբ. «Ոստիկանությունում տեղի ունեցած  վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին , որպես կանոն, հասարակությունը տեղեկանում է, երբ դեպքն ունենում է ողբերգական ավարտ, կամ երբ բռնության ենթարկվածները լինում են քաղաքական ակտիվիստներ, ովքեր բարձրաձայնում են դրա մասին»:

Ուսումնասիրության ընթացքում հետազոտող խումբը հանդիպում է ունեցել կալանքի տակ գտնվող 80 անձանց հետ, նրանցից միայն 30-ն են համաձայնել հարցաթերթիկ լրացնել: Մնացածը հրաժարվել են` վախենալով վատթարացնել իրենց վիճակը կամ էլ մտածելով, որ դրանով ոչինչ չի փոխվի:

Հարցաթերթիկի հարցերը կոչված են եղել պարզելու, թե ոստիկանության բաժիններում քաղաքացինները որքանով են կարողացել իրացնել իրենց զանգելու, իրավապաշտպան ունենալու և բուժօգնություն ստանալու  իրավունքները: Պարզվել է, որ առավել հաճախ խախտվում է իրավապաշտպան ունենալու իրավունքը:

30 հարցվածներից 29-ը սկզբնական շրջանում պաշտպան չեն ունեցել, պաշտպանից հրաժարվել են հիմնականում ոստիկանների, քննիչների պարտադրանքով կամ «համոզելով»:

Պարզվել է նաև, որ հարցաքննություններն իրականացվում են ֆիզիկական և հոգեբանական բռնություններով: Հարցաքննության ժամանակ քննիչից բացի ներկա են գտնվում նաև ոստիկանության աշխատակիցներ:

Հարցաթերթիկների արդյունքների համաձայն` ՔԿՀ ընդունվելիս 30 հարցվածներից 18-ն ունեցել են մարմնական վնասվածքներ, 12-ը` ոչ: 10 անձի ցույց է տրվել բժշկական օգնություն, 6-ին ոչ` չնայած դրա կարիքն ունեցել են:

ՔԿՀ ընդունվելիս  բուժզննություն անցել են 28-ը, 9-ի բուժզննությանը ներկա են եղել ոստիկաններ: Բուժզննության ժամանակ 10 դեպքում արձանագրվել են  բոլոր մարմնական վնասվածքները, իսկ 7-ի դեպքում` ոչ, թեև կարիք ունեցել են:

Ըստ հարցումների պարզվել է, որ ոստիկանությունում կամ քննչական բաժնում գտնվելու ընթացքում բոլոր հարցվածների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշում.  ծեծել են ոտքով, ձեռքով, փայտով, մահակով և այլ առարկաներով, էլեկտրաշոկ են կիրառել:

Սպառնացել են, որ հանցանքը չխոստովանելու դեպքում կտուժեն նաև ընտանիքի անդամները` վերջիններիս էլ կներգրավեն գործում կամ նրանց հանդեպ ևս բռնություն կգործադրեն:

Բոլոր հարցվածները ոստիկանության բաժնի աշխատակիցների վերաբերմունքը իրենց նկատմամբ գնահատել են որպես «վատ»:

Ավետիք Իշխանյանի խոսքով ոստիկանների հետ զրույցներից տպավորություն է ստեղծվել, որ ամենի պատճառը խորհրդային  տարիներից եկող իներցիոն մտածողությունն է, որ առանց ապացույցներ հավաքելու կարող են ծեծով խոստովանություն կորզել: Պարզվել է նաև, որ շատ քիչ են ոստիկանները, որոնք տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին և կրիմինալիստիկային, աղքատիկ է  նյութատեխնիկական բազան: Պատճառների թվում Իշխանյանը նշում է  նախաքննության նկատմամբ դատախազության ոչ  պատշաճ վերաբերմունքը, նաև այն, որ դատախազությունը դատարանում պաշտպանում է այդ կերպ ձեռք բերված մեղադրանքը:

Ուսումնասիրություններից ելնելով` զեկույցի հեղինակները մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնք հնարավորություն կտան  շտկել իրավիճակը և կանխարգելել ազատազրկվածների իրավունքների ոտնահարումը և նրանց նկատմամբ բռնությունները ոստիկանության բաժիններում:

Ըստ այդմ,  առաջարկում են  ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված «խոշտանգում» տերմինը համապատասխանեցնել ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեմ»  կոնվենցիայի 1-ին հոդվածին: Հարցաքննությունն իրականացնել միայն հատուկ նախատեսված, կահավորված և տեսախցիկներով հագեցած սենյակներում, տեսաձայնագրել ողջ  հարցաքննության ընթացքը, ոստիկանության խմբի անդամներին և հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն տալ այդ սենյակներում  հետևելու հարցաքննության ընթացքին` միայն պատկերի միջոցով, առանց լսելու: Առաջարկվում է նաև ՁՎՊ և ՔԿՀ ընդունվող անձանց մանրակիկիտ բուժզննություն իրականացնել` ոստիկանության աշխատակիցների տեսադաշտից և լսողությունից հեռու:

Tags: , , , ,