Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

մամուլի ազատությունԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը ներկայացրեց տեղեկատվության ազատության իրավունքի խախտման իրենց կենտրոնի կազմած «Սեւ ցուցակ»-ի վերջին հաշվետվությունը, որում ներգրավվում են այն անձինք, ովքեր խախտել են տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Բանախոսը նախ ասաց, որ ինֆորմացիայի ազատության ցանկացած խախտում կապված է հրապարակային աշխատելու մշակույթի բացակայության հետ, որովհետև շատ մարմիններ չեն հասկանում, որ ինֆորմացիան իրենց սեփականությունը չէ: Նրա խոսքերով` ինֆորմացիայի ազատության իմաստով բավական առաջընթաց կա մեր երկրում: Եթե նախկինում իրենց կենտրոնի ուղարկած հարցումների մոտ 30 տոսկոսը անարձագանք էր մնում, ապա այժմ գրեթե չեն լինում հարցումների լուռ մերժման դեպքեր. «Սա չի նշանակում, որ ամեն ինչ անթերի է: Մենք դեռ ստանում ենք շատ թերի պատասխաններ, կամ անհիմն մերժումներ, գրանցած հաջողությունը կապված է լուռ մերժումներ չստանալու հետ», – պարզաբանեց Գեւորգ Հայրապետյանը:

Այս եռամսյակի արդյունքում կենտրոնի «սև ցուցակ»-ում է հայտնվել միայն ՀՀ Ազգային Ժողովը: Աժ-ն անպատասխան չի թողել ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուղարկած հարցումը, այլ ուշացրել է այն 4 ամսով և այն էլ` պատասխանել է կիսատ` չուղարկելով պահանջված փաստաթղթերից 12-ը: ԱԺ-ի կատարած այս խախտման համար ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել դատարան: Մեր հարցին, թե դատարան դիմելու դեպքում ինչ է ակնկալում կենտրոնը, բանախոսը պատասխանեց. «Պահանջում ենք նախ ճանաչել իրավունքի խախտման փաստը, ապա` տրամադրել տեղեկատվությունը, իսկ երբմեն էլ խնդրում ենք դատարանին վարչական պատասխանատվության ենթարկել տվյալ մարմնին»:

Tags: , ,