Հայաստանը մեկուկեսմիլիոնանոց ծերանոց դարձնելու տեսլականը

A protest actionՀայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում 2014 թ. հունվարի 1-ից գործելու է պարտադիր կուտակային բաղադրիչը, որին պարտադիր մասնակցելու են 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

Պարտադիր կուտակային բաղադրիչը նախատեսում է, որ աշխատակիցների կողմից աշխատավարձային եկամուտների 5-10%-ը պետք է փոխանցվի անձնական կենսաթոշակային (կուտակային) հաշիվներին, իսկ պետությունն աջակցելու է 5%-ով, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամը:

Հանրության մի զգալի հատված վրդովված է կատարվող բարեփոխումից և չի ցանկանում իր աշխատավարձից որևէ մաս հանձնել օտարերկրյա մասնավոր հիմնադրամների: Նախ դա իրենց սոցիալական վիճակի վրա բացասաբար կարող է ազդել, բացի այդ, վստահ չեն, որ 20-30 տարի հետո իրենց ներդրած գումարները անփորձանք կվերադառնան իրենց. ոչ վաղ անցյալի դառը փորձը դեռ չի մոռացվել:

 Արծվիկ Մինասյան. «Այս համակարգն ամրագրում է մեկուկեսմիլիոնանոց Հայաստան ունենալու մոտեցումը»

մինասյան արծվիկՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը երեք հիմնական խնդիր պետք է լուծի: Առաջին խնդիրը Հայաստանում բեռնվածության գործակցի չափազանց անհամաչափությունն է՝ մեկ աշխատող մեկ թոշակառուի դիմաց, մինչդեռ կենսունակ է երեքը մեկի դիմաց տարբերակը: Այս խնդիրը, ըստ պատգամավորի, պարտադիր կուտակային նոր համակարգի ներդրմամբ չի լուծվում. «Ռեֆորմի մեջ թիրախ չկա նշված: Նպատակն աշխատատեղերի ստեղծումը չէ, վճարողների թիվը մեծացնելը չէ, ֆոնդը մեծացնելը չէ»,- թվարկում է նա:

Երկրորդ խնդիրը փոխհատուցման գործակիցն է: Երբ մարդն անցնում է թոշակի, նրան իր աշխատածի առնվազն 40%-ով պետք է փոխհատուցեն: Դա նվազագույն շեմն է, որն ամրագրված է նաև միջազգային պարտավորություններով, սակայն Հայաստանում փոխհատուցման գործակիցը կազմում է 23%: «Առաջին արդյունքը պետք է քսաներեք տարի հետո լինի, սակայն քանի որ այդ ամենը ենթարկվում է ֆինանսական, տնտեսական ռիսկի, ապա որևէ մեկն այսօր վստահաբար չի կարող ասել, որ այդ 40%-ը կապահովվի»:

Երրորդ խնդիրն արդարության սկզբունքն է. յուրաքանչյուրը պետք է ստանա այնքան թոշակ, որքան ժամանակին վճարել է կենսաթոշակային ֆոնդին: Սակայն մեզ մոտ բոլորի դեպքում գործում է հավասարության սկզբունքը` անկախ այն հանգամանքից` վճարել ես հազա՞ր դրամ, թե՞ հարյուր: Թոշակային վճարների վերադարձը որոշվում է հիմնական սոցիալական վճարով, աշխատանքային ստաժով և քաղաքական որոշմամբ հաստատված արժեքով:  «Այս սկզբունքը պահպանվում է այնքանով, որ քո ակտիվների տերը դու ես, կարող են քո վճարածին համապատասխան աճել, կարող են նվազել, դու ես որոշում` ինչպես անել: Իսկ լավ կառավարելը կախված է նրանից, թե որ ֆոնդի որ պորտֆելում ես գումարը ներդնում: Երեք հիմնական պորտֆելներ կան` ռիսկային, ցածր և միջին: Մի խոսքով, գործում է խաղատան սկզբունքը»:

Ըստ պատգամավորի` բոլոր վերլուծությունները հանգեցնում են նրան, որ մոդելը ճիշտ չի ընտրվել: Ասում է, որ ժամանակին այս մոդելով շատ երկրներ են ոգևորվել, նաև` եվրոպական երկրները, սակայն աստիճանաբար սկսել են հրաժարվել, որովհետև հասկացել են, որ սոցիալալան ոլորտի փոփոխությունները չպետք է ենթարկվեն ֆինանսական ոլորտի ռիսկերին:

Մինասյանը բերում է Արգենտինայի օրինակը, որը մեծածավալ ֆոնդեր ուներ, սակայն 2009 թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ հիմքում դրված ակտիվները թողարկող կազմակերպությունները սնանկացան, ֆոնդերը զրոյական արժեք ունեցան: Արգենտինան հետ կանչեց այդ համակարգը` անցնելով պայմանական կուտակայինի գաղափարին:

Պայմանական կուտակային կենսաթոշակային համակարգը, ըստ պատգամավորի, այդ խնդիրները լուծելու այլընտրանքն է, որը գործում է շատ երկրներում, այդ թվում և եվրոպական, բայց, ցավոք, մեր իշխանությունների կողմից անտեսվում է:

Ո՞րն է պայմանականի էությունը: Հավաքված գումարների պատասխանատուն պետությունն է, որը դրանք ներդնում է ազգային տնտեսության մեջ` ստեղծելով աշխատատեղեր, մեծացնելով հարկ վճարողների բազան և զարգացնելով իր սոցիալական պաշտպանության քաղաքականությունը: Այս մոդելով ապահովվում է նաև արդարության սկզբունքը:

ԱՄՆ-ում, օրինակ, կա պարտադիր կուտակայինի գաղափարը, բայց կա նաև պետական ֆոնդեր ընտրելու հնարավորություն, որի դեպքում պետությունը երաշխավորում է  100%-ով վերադարձ` ցածր տոկոսադրույքով:

Հարց է առաջանում` ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունն իր քաղաքացիներին առաջարկել ամենախոցելի տարբերակը: Մինասյանը հիշում է օրենքի ներդրման նախապատմությունը. բարեփոխումները տասը տարի առաջ սկսեցին քննարկվել: 2003 թ. պետական կենսաթոշակների մասին օրենքում ամրագրվեց մի դրույթ, ըստ որի` կուտակային պարտադիր բաղադրիչի մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ չորս պայման բավարարվի՝ աշխատավարձերի անընդհատ աճ, ՀՆԱ-ի աճ ոչ պակաս, քան 2%, պետական բյուջեի դեֆիցիտ ոչ ավելի, քան 1% և անձնավորված հաշվառման համակարգի լիարժեք գործադրում: 2010 թ., երբ խորհրդարան բերվեց օրենքների փաթեթը, այս պայմաններից որևէ մեկը բավարարված չէր: «Ի՞նչ արեց մեր հարգարժան կառավարությունն ու իշխող քաղաքական մեծամասնությունը,- հիշում է Արծվիկ Մինասյանը,- այդ պայմանները ուժը կորցրած համարեց, ասաց, որ մենք կարող ենք հենց հիմա էլ ներդնել այդ համակարգը»:

Արծվիկ Մինասյանը ներկայացնում է համակարգի ներդրման իրական պատճառը. «Ընկերությունը ցանկություն է հայտնել գնել Հայաստանի ֆոնդային բորսան և դեպոզիտարիան: Բայց քանի որ էս երկրի կապիտալի շուկայի հերն անիծվել էր, չկար կորպորատիվ կառավարման համակարգ, կապիտալի շուկա, ապա ընկերությունն առաջարկել է իրեն շահագրգռելու համար  իրականացնել կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ և հաշիվների ողջ համակարգը հանձնել իրեն: Փաստորեն, այս բարեփոխման արդյունքում մասնավորեցվում է Հայաստանի կենսաթոշակային ողջ համակարգը»:

Բայց եթե անգամ այդ գումարները տնօրինի ոչ թե օտար մասնավոր ընկերությունը, այլ պետությունը, կա՞ արդյոք երաշխիք, որ այդ միջոցները չեն թալանվելու և ծառայելու են երկրի տնտեսության զարգացմանը: «Սա արդեն քաղաքական որոշման խնդիր է,- ասում է Մինասյանը` նշելով, որ այնուամենայնիվ ավելի լավ է այդ պատասխանատվությունը իշխանությունը կրի, քան մասնավոր օտար ընկերությունը:

Առաջ է գալիս հաջորդ հարցը` ո՞րն է Հայաստանի շահը

Տնտեսագետ պատգամավորը կարծում է, որ տեսականորեն կարելի է կապիտալի շուկայի զարգացման օգուտ ստանալ` բիզնես միջավայրի բարելավման առումով, դրսի հայտնի կազմակերպության Հայաստան գալով, որը մեր երկրի հանդեպ վստահություն կառաջացնի դրսում և այլն:  «Բայց այդ ամենը խիստ տեսական է: Ինչքան  հայտնի կազմակերպություններ գալիս են Հայաստան, դրական էֆեկտը չի երևում, որովհետև պրոբլեմը մեզ մոտ շատ ավելի խորն է»:

Մի խոսքով` Արծվիկ Մինասյանը չի հավատում ներկա կառավարության և կենտրոնական բանկի կողմից իրականացվող բարեփոխումներին:

Որո՞նք են կառավարության հիմնավորումները

Նշվում է, որ  սա նպատակ ունի ՀՀ աշխատաշուկայում արտադրողականությունը խթանել, կրճատել ստվերային տնտեսությունը և այլն: Սակայն ամենազավեշտալի հիմնավորումը Հայաստանի ժողովրդագրական վիճակի զարգացումներին է վերաբերում: Վերցված են մակրոցուցանիշները, որ այս տեմպերով մեր երկրի բնակչության թիվը 2050 թ. կլինի մեկուկես միլիոն: Եվ քանի որ ծերերի թիվը մեծանալու է, իսկ նոր ծնունդները նվազելու են, ապա բեռնվածությունը մեծանալու է, հետևաբար միջոցները պետք է տեղաբաշխել այնպես, որ ծերերի հարցը հնարավոր լինի լուծել: «Իրականում այս համակարգն ամրագրում է մեկուկեսմիլիոնանոց Հայաստան ունենալու մոտեցումը»,- նկատում է Արծվիկ Մինասյանը:

Կարելի է ձևակերպել նաև այսպես` ամրագրվում է մեկուկեսմիլիոնանոց ծերանոց ունենալու մոտեցումը:

 Հանրային խորհրդում շահագրգիռ կողմերը քննարկել են վիճահարույց «բարեփոխումը»

հանրային խորհուրդՆոյեմբերի 26-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսատնտեսական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ:

Վազգեն Մանուկյանը նախ առաջ է քաշել այն հարցը, թե ինչու խնդիրը դրվեց հիմա, երբ ֆինանսական, սոցիալական առումով պայմանները բոլորովին բարենպաստ չեն. համաշխարհային ֆինանսական համակարգը խիստ փոփոխական է և անկայուն, ուստի երկարաժամկետ նախագծեր կազմելը վտանգավոր է, բացի այդ, Հայաստանում սոցիալական լարվածություն կա, աշխատավարձերը ցածր են, աղքատությունը մեծ է, հանրության շրջանում ապագայի նկատմամբ մեծ անորոշություն կա:

Նա մտահոգիչ է համարել նաև շրջանառու միջոցների տնօրինման հարցը՝ նշելով, որ չնայած մասնավոր հիմնադրամների վրա դրված է պայման այդ գումարների 60 տոկոսը Հայաստանում և 40 տոկոսից ոչ ավելին դրսում ներդնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, միջոցների 40 տոկոսի դուրսհանումը նույնպես լուրջ վնաս է Հայաստանի տնտեսությանը:

ՀԽ անդամ Հայկ Սարգսյանը, որ միաժամանակ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է, ներկայացրել է ֆակուլտետի մի խումբ տնտեսագետների քննարկումների արդյունքները, ըստ որի` մակրոտնտեսական տեսանկյունից սոցիալական ապահովագրության կուտակային համակարգի ներդրումը ներկայումս առաջարկվող սկզբունքներով սխալ է:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ կենսաթոշակային համակարգն իսկապես բարեփոխման կարիք ունի, սակայն այն խնդիրները, որ պետք է այդ բարեփոխումների արդյունքում լուծվեն, ոչ միայն չեն լուծվում, այլև նոր խնդիրներ են ի հայտ գալիս:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանն արդարացի չի համարել այն հանգամանքը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու դեպքում պետությունը 5%-ով աջակցում է, իսկ պայմանականի դեպքում՝ ոչ: Նրա խոսքով՝ օրենքը օգտակար է որոշ անձերի համար, սակայն պետության համար շահեկան չէ:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը ներկայացրել է չորս երկրների փորձը, որոնց մեր կառավարությունը հղում է անում օրենքը կիրառելիս՝ միաժամանակ մատնանշելով օրենքի կիրառման դրական մեխանիզմները, որի պատճառով այդ երկրներում օրենքն ընդունելիս նման սոցիալական ցնցումներ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է Չիլիին, որի փորձից են հիմնականում օգտվել օրենքի մշակման հեղինակները, ապա Թանդիլյանը նշել է, որ պարտադիր պայմանը կիրառվել է նոր շուկա մտնողների համար, իսկ աշխատաշուկայում արդեն իսկ գտնվող աշխատողներիի համար գործել է կամավորության սկզբունքը:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանն էլ առաջարկել է 500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում գոնե կիրառել պայմանական վճարումը:

Կառավարության տեսակետը պաշտպանել են Կենտրոնական բանկի գլխավոր մասնագետ Վիգեն Շահնազարյանն ու ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Արամ Ջհանգիրյանը՝ ասելով, որ համակարգի ներդրումը միմիայն սոցիալական նպատակ է հետապնդում: Նրանք համարում են, որ մասնավոր հիմնադրամների կողմից իրականացվող ներդրումները դրական ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա երիտասարդ մասնագետների կարծիքով՝ եթե ամեն ինչ դիտարկվի հնարավոր ռիսկերի տեսանկյունից, ապա որևէ բարեփոխում հնարավոր չէ իրականացնել:

Վիգեն Շահնազարյանը հայտնել է, որ պետությունը մասնավոր հիմնադրամների նկատմամբ սահմանել է ներդրումային սահմանափակումներ, որպեսզի միջոցների ներդրման ռիսկերը բաշխվեն:

Նա նաև նշել է, որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ հանրության 51%-ը դրական է վերաբերվում կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին, ինչին հակադրվել է Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով մի քանի ամիս առաջ արված հարցումների արդյունքները, որոնք տեղադրված են նաև կառավարության կայքէջում, ըստ որի՝ օրենքին կողմ է հանրության ընդամենը1,5%-ը:

Ի դեպ, քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն այդ կառույցից որևէ ներկայացուցիչ ներկա չի եղել:

Ամփոփելով քննարկումը՝ Վազգեն Մանուկյանն այն կարևորել է կողմերի տեսակետները լսելու և հարցադրումները որոշակիացնելու առումով: Նա տեղեկացրել է, որ Հանրային խորհուրդն առաջիկայում հարցը քննարկելու է նաև ՀԽ լիագումար նիստի ժամանակ և հայտնելու է իր դիրքորոշումը:

Անի Գասպարյան

Անկախ

Tags: , ,