Թող մեր դարդը մեր բաց թողած սերիան լինի

Լուսանկարը` Media.am-ի

Լուսանկարը` Media.am-ի

Սերիալներ` 90-ականներից մեր կյանք խուժած ու հաղթարշավով առաջ ընթացող հեղեղ, անհատնում հոսք, մեկը մյուսին հերթագայող, մեկը մյուսից գրեթե չտարբերվող, այնքան միօրինակ ու նույնքան սպասվող սերիալ: Այո, լավ բան քիչ կա սերիալում, սակայն  դա մեր կյանքի մի ողջ ճակատ զբաղեցրած տեսահոսք է, առանց որի սոցիալական որոշ խավեր չեն պատկերացնում իրենց կյանքը: Պարզաբանեմ, որոշ խավեր  կատեգորիան:

Հիմնականում սերիալներ են դիտում միջին ու տարեց հասակի մարդիկ: Ինչո՞ւ: Հիշենք` քիչ բան չփոխվեց 90-ականներից այս կողմ: Սթրեսային անդադար իրավիճակներ` պայմանավորված կարգերի փոփոխմամբ: Օրհասական վիճակներ, դժվարին կացություն, անելանելի վիճակ: Երբ այլևս լույսի ծեղ անգամ չէր երևում: Հացի խնդիր, կենաց հարց: Մարդ կգժվեր, եթե չլինեին սերիալները: Օրը բալանսի բերող սերիալները: Անտանելի վիճակը փոխհատուցվում էր` օրական մի քանի րոպեով ուրիշի կյանքը խուժելով:

Երբեմն մտածե՞լ եք, թե ինչու ենք սիրում սուպերմարկետները: Սիրում ենք, որովհետև սուպերմարկետից բարեկեցության հոտ է գալիս, թեկուզ` ոչ մեր: Սերիալն էլ այդ բարեկեցության պես մի բան է` ուրիշի տան երևակայական բնակչի կարգավիճակով: Ուրեմն բոլոր սերիալագետներս սիրում ենք դռան անցքից նայել, ուրիշի եղածը «մեր հագով» չափել ու մխիթարվել մեր տեսածով: Աչքներս տեսնի` հերիք է սկզբունքով:

Հիմա, տարեցներին, որոնք ժամանակի այս խելահեղ ռիթմի հետևից չեն հասցնում, էլ ի՞նչ է մնում անելու,  եթե ոչ մխիթարական անցքից նայելը: Ժամանակի հորձանուտից դուրս են թռել, կյանքն էլ մի տեսակ դատարկվել է, մինչդեռ նրանք սովոր էին հագեցած ու «բովանդակալից» (այս բառը նրանց բառապաշարից է) կյանքով ապրելուն: Ի՞նչ տարբերություն. երիտասարդները կամ նրանք, ովքեր կարողանում են համակարգչից օգտվել, կրկին մուտք են գործում ուրիշի կյանք, սակայն օգտատերի ստատուսով: Մեծերն այդ հմտությունները չեն սովորել, ու նրանց մեծ մասը դժվար թե այդպես էլ սովորի: Ուրեմն նրանք էլ են մուտք գործում ուրիշի կյանք, սակայն պասիվ օգտատերերի կարգավիճակով: Հիմա ստացվում է, որ համացանցային օգտատերն ու սերիալասեր հասարակությունը նույն սոցիալական խավն են, սակայն երկու իրարից թվացյալ հեռու դիրքերից:

Մի բան փաստ է` սերիալը` լավ թե վատ, լցրել է տարեց մարդկանց կյանքը, նրանց, ովքեր էս կյանքում այլևս իրենց տեղը չեն գտնում: Նրանց հմտությունները երիտասարդին հարկավոր չեն, քանի որ մեր երիտասարդներն արդեն մի-մի մագիստրոս են` պատրաստ սովորեցնելու բոլորին այն, ինչը, համոզված են` իրենցից բացի ոչ ոք չի հասկանում: Երիտասարդները լավն են, բան չունեմ ասելու, բայց լավի հետ էլ որակներ ունեն, որոնց հետ մենք` ոչ երիտասարդներս, հաշտվել չենք կարողանում:

Սերիալները կյանք են, այո, կյանք են տարեցների համար: Օրը սկսվում է դրանց քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ ու հանգուցալուծումների սեփական տարբերակնեով:

Կրկին էական չէ` լավն են, թե վատ, կամ լավ է, թե ոչ: Սակայն կենցաղից կտրում են, վիշտը` մեղմում: Պատկերացրեք, թե ինչ կաներ տարեց, ծեր կինն ամուսնու մահից հետո, եթե հանկարծ մի պահ գիտակցեր, որ այդ տարիքում մնացել է մենակ, առանց ընկերոջ, միայնակ` ճակատագրի դեմ: Ողբալ ու  շարունակել տանջվելով ապրել սեփական մահվան սպասելիքով. ինչպե՞ս կարճել այդ անհայտ ժամանակը: Ինչպե՞ս դիմանալ միանգամից այդքան հարվածի: Ընկերովի մահը հարսանիք է, իսկ եթե ընկերդ հեռանում է կյանքից ու քեզ թողնում դաժան իրականության հե՞տ: Հանկարծ հասկանում ես, որ տարիքդ ինչ-որ չափով չէիր զգում, որովհետև ընկերդ էլ նույնքան էր, որքան դու, իսկ հիմա այդ  տարիների բեռը միայնակ ես կրում, ու ամեն կողմից ասես մատնացույց են անում տարիքային անկարողությունդ: Փրկությունը կրկին սերիալն է: Համենայն դեպս, ուրիշ փրկօղակ, բացի սերիալից, դեռ չեն հորինել:

Ես  կողքից դիտողի դերում եմ, նայում եմ, թե ինչպես է մայրս արթնանում, մի կերպ մի քանի ժամ մլուլ տալիս ու սպասում իր սերիալին, չէ` սերիալներին: Թերևս սերիալների ժամերն էլ նրանց կյանքում այն միակ ու ստույգ ժամերն են, որոնք չեն շփոթվում ոչ մի ժամի հետ: Նա չգիտի, թե շաբաթվա որ օրն է, որ թոռը որտեղ է սովորում, սակայն ստույգ գիտի սերիալի ժամը:

Ես չեմ մոռանա, երբ մի անգամ, երբ կրկին տարիքը հիշելով` գնահատում էր իրեն բաժին մնացած ժամանակը, իր ցանկությունը հուզմունքով բարձրաձայնեց` երանի մինչև սերիալի ավարտը չմեռնեմ:

 

Հասմիկ ԱԶԱՐՅԱՆ

Անկախ

Tags: