Հայկական ոսկիների լեգենդը թուրքական անբուժելի հիվանդության պատճառ

gandzerՀայտնի է, որ հայերը Օսմանյան կայսրությունում բազմաթիվ արհեստներով են զբաղվել, եղել են լավագույն ոսկերիչները, դերձակներն ու կոշկակարները, ինչպես նաև մշակել են հող, ունեցել են մրգատու այգիներ և դաշտեր: Չնայած կայսրությունում կիրառվող ծանր հարկային համակարգին, հայերը իրենց աշխատասիրության շնորհիվ կարողացել են բարեկեցիկ կյանք ունենալ և նեղ օրվա համար էլ որոշակի ունեցվածք կուտակել: Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ բռնել գաղթի ուղին՝ թողնելով իր տունն ու ունեցած ամեն բան: Իրենց տներից հարկադրաբար հեռացող հայերը խորապես համուզված էին, որ շուտով հետ են վերադառնալու, այդ պատճառով էլ ունեցած ոսկիներն ու թանկարժեք իրերը պահել են այգիներում փորված նկուղներում, տան պատերի մեջ արված գաղտնի պահարաններում, տարբեր անցքերում, գետնի տակ, ինչպես նաև հայկական եկեղեցիներում:

Հայաթափված Արևմտյան Հայաստանում այլևս հետ չվերադարձած հայերի ունեցվածքը՝ տները, դաշտերն ու այգիները մնացին նրանց քուրդ հարևաններին: Վերջիններս էլ, լավ իմանալով հայերի ոսկիների գոյության մասին, սկսեցին ագահորեն փնտրել դրանք՝ անխնա ավերելով հայկական տներն ու եկեղեցիները: Այսպես Թուրքիայում առաջացավ մի նոր հիվանդություն, մի մոլուցք, որով տարված մարդկանց անվանում են գանձախույզներ (թուրքերեն՝ defineci): Տարիների ընթացքում հայերի թողած հարստությունը հայտնաբերվեց և յուրացվեց այդ տարածքներում բնակվող քրդերի կողմից: Սակայն սրանով հանդերձ Թուրքիայում ծնունդ առավ և տարածում գտավ հայկական ոսկիների մասին լեգենդը, որը արդեն հարյուրամյակ է, ինչ հանգիստ չի տալիս այս մոլուցքով տառապող մարդկանց:

Հայկական գանձերը գտնելու ցանկությունը այն աստիճանի է հասել, որ Թուրքիայում ստեղծվել է հատուկ կայք, որն ամբողջությամբ նվիրված է գանձերի որոնման «արվեստին»: Այստեղ ներկայացված է գանձախույզների համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ սկսած հայկական պահոցներին հատուկ տարբերանշանների բացատրություններից, մինչև հայերի տների պատերի մեջ արված փորվածքների հայտնաբերման մեթոդներ:

Այն, որ հայերի ոսկիների լեգենդները դեռ վառ են թուրքական իրականության մեջ, կարելի է հեշտությամբ հասկանալ՝ այցելելով Արևմտյան Հայաստան: Հայկական հողերի այսօրվա բնակիչները՝ քրդերը, նկատելով զբոսաշրջիկ հայերին, իրենց «օգնությունը» առաջարկելու առիթը բաց չեն թողնում: Նրանք լկտիաբար մոտենում են հայերին, հարցուփորձ անում ինչ-որ քարտեզների մասին և առաջարկում միասին փնտրել ոսկիները և ապա իրար մեջ կիսել գտածոն:

Հայտնի է, որ ցեղասպանությունից փրկված հայերը իրենց երեխաներին պատմել են հայրենի հողերում թողած ունեցվածքի մասին, և ավանդելով փնտրել դրանք, նրանց համար կազմել են ուղեցույց քարտեզներ՝ այսպիսով փորձելով հուշել պահոցների գտնվելու տեղերը: Իհարկե, տասնամյակների ընթացքում եղել են դեպքեր, երբ հայերը, նախնիների թողած քարտեզները ձեռքներին, փորձել են գտնել պապենական ոսկիները: Սակայն, եթե մեզ համար սա մի յուրատեսակ ուխտի, խոստման է նմանվում, ապա քրդերի պարագայում խոսքն իսկապես մոլուցքի հասած մի արկածախնդրության մասին է: Այս հորձանուտում հայտնված մարդկանց շարքերում կան նաև այնպիսիք, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրում են հայերի ոսկիները գտնելու և այդպիսով հարստանալու գործին: Այնուհանդերձ այս գանձախույզներին կարելի է հասկանալ, քանի որ նրանք իրենց աչքի առաջ իրական փաստեր ունեն: Ներկայումս Թուրքիայի ամենահարուստ երկու ընտանիքների՝ Քոչ և Սաբանջը տոհմերի հաջողությանը օգնել են հենց հայկական ոսկիները: Ասում են, թե նրանց պապերը իրենց բիզնեսները սկսելու համար հիմք են ծառայեցրել հայերից առգրավված ունեցվածքը՝ արդյունքում դառնալով միլիոնատեր գործարարներ: Այս պարագայում զարմանալի չէ, որ հայկական գանձերը գտնելու երազանքը շարունակ հետապնդում է գանձախույզներին՝ շատերի համար դառնալով կյանքի գերագույն նպատակ:

Հայերի թողած ոսկիների մասին լեգենդը ուրվականի նման շրջում է Թուրքիայով՝ փոխանցվելով սերնդե սերունդ: Չնայած Արևմտյան Հայաստանի տարածքում եղած ոսկիներն ու արժեքավոր իրերը վաղուց արդեն գտնվել և յուրացվել են և քիչ է հավանական, որ գանձեր որոնողները կարող են խոշոր գտածո հայտնաբերել, այնուհանդերձ այս երևույթը կա և շարունակում է ապրել մարդկանց գիտակցության մեջ: Արևմտյան Հայաստանի տարածքում ամեն օր հայկական քչաթիվ կառույցների ավերումը, հայերի գերեզմանների պղծումը սրա վառ ապացույցն է:

Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար է անցել, բայց կոտորածների մասին հուշերը չեն լքել այդ հողերը: Հայերի դահիճների սերունդները ամեն կերպ փորձում են ոչնչացնել հայկական ամեն ինչ, ջնջել հայկական շունչը և այդ տարածքներում հայերի երբեմնի գոյության ճշմարտությունը: Հայկական ջարդերից հարյուրամյակ անց նրանք չեն կորցրել իրենց ցեղասպան էությունը՝ շարունակելով հայերի ունեցվածքի որոնումներն ու թալանը: Հիվանդ հասարակությունը տառապում է ևս մեկ հիվանդությամբ՝ հայկական ոսկիները գտնելու մոլագարությամբ: Միգուցե սա հատուցում է գործած մեղքերի համար, գուցե պատիժ, որն այս հողերում թողեցին նենգաբար սպանված հարյուր հազարավոր հայերի անմեղ հոգիները:

Տաթևիկ Սարգսյան

Tags: