Արծվիկ Մինասյանն առաջարկում է կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը լուծել հանրաքվեի միջոցով

big_dae1910784a9882d23d494c549d0dece

Խորհրդարանում սկսվեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցն օրակարգ մտցնելու մասին ընդդիմության առաջարկի քննարկումը։ Ընդդիմադիր խմբակցությունների և ԲՀԿ պատգամավորների կողմից այդ հարցըԱԺօրակարգ մտցնելու համար հավաքվել էր 49 ստորագրություն:

Իբրև հիմնական զեկուցող հանդես եկավ Արծվիկ Մինասյանը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդրի բարձրացումը պայմանավորված է մի շարք հիմնավոր փաստարկներով՝ առ այն, որ սոցիալական համերաշխության, իրավական և մի-քանի այլ տեսակետներից հունվարի մեկից կուտակային բաղադրիչի ներդրումը չի համապատասխանում երկրի վիճակին. «Չնայած սրան՝ կառավարությունը անցկացրեց իր որոշումը: Հիմնական պատճառաբանությունն այն էր, որ պարզվեց, թե շատ շուտով ծերության մակարդակը կաճի, դեմոգրաֆիական վիճակը կվատանա: Այսպիսով՝ կառավորությունն ընդունեց, որ անճարակ է փոխելու ստեղծված իրավիճակը և հայտարարեց, թե կուտակային բաղադրիչի ներդրումը կլուծի խնդիրը: Բայց եկեք հասկանանք՝ արդյոք կլուծի՞, թե՞ ոչ: Կարծում ենք, որ այն ոչ միայն չի լուծում առկա խնդիրը, այլև հնարավորություն չի տալիս հետագայում համապատասխան սոցիալական քաղաքականություն վարել: Հնարավո՞ր է մարդուն պարտադրել, որ նա խնայողություն կատարի, եթե նա ստանում է 50000 աշխատավարձ: Սա մարդկայի՞ն մոտեցում է, ակնհայտորեն` ոչ: Արդյունքում մենք կունենանք հերթական ձախողված փորձ ու կխրախուսենք ստվերային տնտեսությունը: Գլոբալ իմաստով մենք դեմ չենք պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանը, սակայն դա կարելի կլիներ քննարկել, եթե սոված մարդ չլիներ երկրում: Մեր աղքատության պայմաններում սա չի աշխատի: Չի կարելի ընդունել մի բան, որ արտագաղթի նոր ալիքի պատճառ կարող է դառնալ: Հարգելի քաղաքական մեծամասնություն, դիմում ենք Ձեզ, խնդրում ենք Ձեզանից, որ համաձայնեք հետաձգել այս համակարգի ներդրումն առնվազն մեկ տարով, ապա կազմակերպել քննարկումներ ու հանրաքվե», – ասաց Արծվիկ Մինասյանը: