Ինչու ավերվեց Գյումրին. մասնագետներ

Գյումրի,երկրաշարժՍեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տվյալներով Գյումրիում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին փլվել է 127 բազմաբնակարան շենք: Փլվել են այն տիպային շենքերը, որոնք կառուցվել են կոմունիստական հասարակարգի պլանային նորմերով:

“Հիմնականում հավաքովի, կարկասային, երկաթ-բետոնյա հիմքերով շենքեր են: Բայց բոլորիս հայտնի է, որ եղել են նույնիսկ 20-ական թվականներին կառուցված շենքեր, որոնք ավելի լավ են դիմակայել երկրաշարժին, քան այն շենքերը, որ կառուցվել են 80-ականներին”, – ասում է ՍՊՀԾ տնօրեն Կարեն Մխիթարյանը:
Փլուզման գործում մեծ դեր խաղացին ոչ թե շենքերի տարիքային, այլ որակական, սեյսմակայուն առանձնահատկությունները: “Խրուշչովյան` քարե, 4 հարկանի, սովորական շենքերը, բարձրությունը` 2.70, դիմակայեցին, բայց վնասվածք ստացան առանց երկրաշարժի: 64 շենք երկրաշարժից առաջ վթարային էին կամ չէին երաշխավորվում բնակչության համար, որոնք իրականում չփլվեցին”, – նշում է սեյսմիկ ռիսկի և վտանգի ընդհանուր գնահատման համալիր բաժնի վարիչ Սերգեյ Նազարեթյանը:
Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, հիմնվելով մասնագետների փորձի վրա և այն բոլոր աշխատանքների, որոնք կազմակերպվել ու իրականացվել են աղետի գոտում, ՍՊՀԾ համապատասխան մասնագետները սկսել են ուսումնասիրել Սպիտակի ավերիչ երկրաշարժից վնասված շենքերի վարքը: Կազմվել են երկրաշարժի ուժգնության ու շենքի վնասվելու աստիճանի միջև կախվածության գրաֆիկներ: Այսինքն, որ տիպի շենքը, որ բալայնականության պարագայում ինչ վնասվածքներ կունենան:
Իսկ որքանով են սեյսմիկ առումով ապահով հետերկրաշարժյան բնակելիները, քանի որ շատ է խոսվում, հատկապես, վերջին տարիների շինարարության ցածր որակի մասին:
“Գյումրին լինելով աղետի գոտի` տարբեր տարիներին բազմաթիվ շենքեր են կառուցվել: Քաղաքն ունի 88 բազմաբնակարանային վթարային շենքեր, ու չնայած դրան, մեր ուսումնասիրություններով Գյումրին համարվում է հանրապետությունում ամենաանվտանգ քաղաքներից մեկը: Ինչու, որովհետև բնակֆոնդը վերկառուցվում է 9 բալ սեյսմակայունությամբ: “Անի” թաղամասում կառուցված շենքերի սեյսմականությունը նույնիսկ ավելորդ ամրություն ունի: “Լինսի” բնակարանաշինությունը համարվում է էտալոնային շինարարություն, որովհետև տեխհսկողությունը եղել է եռաստիճան: Այսինքն մի կազմակերպությունը տեխհսկողական գործառույթներ իրականացնելով հսկել է մեկ այլ տեխհսկիչի. մեկը-մեկին հսկելով ստացել են բավականին լուրջ որակ: Իսկ ինչ վերաբերում է “Մուշ” թաղամասին, ցավոք, մեր ծառայությունը չուներ անմիջական ուսումնասիրություններ իրականացնելու գործառույթներ. հիմնվելով քաղաքաշինության նախարարության գերատեսչական հաշվետվություններին` փաստվել է` չնայած քաղաքաշինական առումով թերություններին, կրող կոնստրուկցիաները համապատասխանում են 9 բալ սեյսմակայունությանը, այլ խնդիր է ներքին հարդարումը կամ երեսապատումը: Խոսքը առաջին փուլում հանձնված բնակելիների մասին է: Երկրորդ փուլում արդեն մենք էլ ենք ուսումնասիրել, որակը բավականին տեղին է”, – խնդրի շուրջ պարզաբանում է Կարեն Մխիթարյանը:
Քանի մոտենում է երկրաշարժի տարելիցի օրը, այնքան մարդկանց մեջ անհագնանում է այն միտքը, թե յուրաքանյուր 25 տարին մեկ խոշոր երկրաշարժերը կրկնվում են: Այս առումով մասնագետները նշում են` դա հաստատել կամ հերքել հնարավոր չէ: Իսկ հարցին, թե արդյոք ճիշտ է այն վարկածը, որ 1988-ին ոչ թե բնական երկրաշարժ է եղել, այլ ռուսական կողմի ձեռնարկած հատուկ դիվերսիան, Սերգեյ Նազարեթյանը նշեց. “1000 տոկոս պատասխանատվությամբ ասում եմ` դա սուտ է, բացարձակ խոսակցություններ: Դժբախտաբար մեր ժողովուրդը հակված է երկու սխալի. մեկը` զոհերի թիվը չի ընդունում: Հազար ձևի հաշվել ենք, դրանից ավել չի կարող լինել: Ասում են` Սպիտակում 18 հազար մարդ է զոհվել, երբ 4003 հոգի է զոհվել: Մեր քաղաքում` Գյումրիում, նվազագույնը 15.000, առավելագույնը 17.000 զոհ է եղել: Բայց, հատկապես զոհ ունեցողները հակված են մտածելու, որ զոհերի թիվը շատ է եղել: Երկրորդը, մասնագետները գոռում են` աշխարհում հնարավոր չէ ոչ մի արհեստական երկրաշարժ ստեղծել, բացի, երբ մեծ ծավալի ջրամբար ես կառուցում: Ջրամբարի ջրի սյան բարձրությունը, որ անցնում է 70 մետրից, ճնշումն այդ մասում սկսում է հարուցել սեյսմիկություն”:

Tags: ,