Սոցիալական վատ վիճակից, անհաջողություններից, սեփական ապագան իմանալու ցանկությունից կամ պարզապես հաճույքի համար, այսօր մեզանում շատերն են այցելում գուշակների կամ այսպես ասած` պայծառատեսների և ծախսում նույնիսկ մեծ գումարներ: Հայաստանում շուրջ 300-400 գուշակ կա, որոնցից շատերը թերևս կարողացել են այցելուների մեծ բանակ հավաքել:
Սովորաբար գուշակությամբ զբաղվում են ոչ միայն գնչուները: Թերևս, գուշակության բազմաթիվ տեսակներ կան բոլոր հին ժողովուրդների հավատալիքներում, և դրանք փոխանցվում են սերնդեսերունդ: Ոմանք ճակատագիրն են կանխատեսում սուրճի մրուրով, թռչունների թռիչքով, լոբի նետելով, խաղաթղթերի օգնությամբ, ոմանք` ձեռքի ափի, մոմի միջոցով, երազների մեկնությամբ և այլն:
Ապագան վաղօրոք կանխագուշակելը մարդկանց շրջանում սնահավատությո՞ւն է, թե՞ նախասիրություն, կարծիքները տարբեր են:
Հայաստանում գուշակությամբ և մոգությամբ զբաղվող տիկին Ռիտայի հետ հարցազրույցը հնարավորություն կտա բացահայտելու, թե մոգական ուժի արդյունքում հնարավո՞ր է արդյոք ապագան կանխագուշակել կամ հիվանդին ապաքինել:
Նա պատմում է, որ իրեն ուղղված 3 կրակոց է եղել, բայց 3-ն էլ չնշանակետին չեն դիպել: Այդ դեպքից հետո իր համար ծանր հոգեբանական շրջան է սկսվել: Օգնություն է փնտրել մոգերի տիբեթյան կենտրոնում: Վերականգնվելուն զուգահեռ ուսումնասիրել է մոգերի ուսմունքն ու ձեռք բերել մասնագիտություն: Այնուհետև իրեն կոչել նոր անուններով` Գերդա, Գրետա, Ռիտա:
- Առհասարակ գուշակությունն ու պայծառատեսությունն արվե՞ստ է, նախասիրությու՞ն, մասնագիտությու՞ն, թե՞ շնորհ:
- Գուշակությունը նախասիրություն է այն մարդկանց համար, ովքեր շահադիտական և միայն գումար վաստակելու համար են դրանով զբաղվում: Սակայն, իրականում կան բնածին տաղանդով օժտված մարդիկ, որոնք Աստծուց են ժառանգում այդ շնորհը: Այս պարագայում մարդը մտածում է դիմացինին օգտակար լինելու և ինչ-որ լավ գործ անելու մասին: Եթե մարդը կարող է տեսնել, լսել, հաղորդակցվել և ստանալ անհանգստացնող հարցերի պատասխաններ, կանխագուշակել վտանգներ և մահեր, կարծում եմ, պետք է իր առաքելությունը համարի գուշակությամբ ու պայծառատեսությամբ զբաղվելն ու մարդկանց վտանգից զերծ պահելը: Գուշակները շատ են Հայաստանում, բայց ես չեմ կարող ասել, որ բոլորը ճիշտ են գուշակում, ինձ թվում է՝ դա աշխատանք է:
- Ինչպե՞ս կարող է մարդը զգալ, որ օժտված է ապագան կանխատեսելու շնորհով:
- Առաջին հերթին պետք է հիմնվի իր կատարած աշխատանքների արդյունքների վրա, թե ինչքանով է կարողանում մարդկանց օգտակար լինել: Այս հարցում պակաս կարևոր չէ նաև գենետիկան, քանի որ այդ շնորհը կարող է սերնդեսերունդ փոխանցվել:
- Իսկ ովքե՞ր են ավելի շատ հակված գուշակություններին հավատալու:
- Կարծում եմ` բոլորը, իսկ նրանք, ովքեր դա սնահավատություն են համարում, իրենց հոգու խորքում ավելի շատ են հակված գուշակների այցելելու: Յուրաքանչյուրը պետք է հավատով դիմի գուշակին, առանց հավատի գալը ճիշտ և խոհեմ չէ: Եթե մարդն ընկնում է անելանելի վիճակի մեջ, երբ նույնիսկ բժիշկը չի կարող օգնել, խորհուրդ են տալիս դիմել ինձ: Ես հոգեբանորեն կարողանում եմ մարդկանց հոգեվիճակը կայունացնել: Վանգան ասում էր. «Ես չեմ կարող աշխատել, եթե դուք ինձ չեք հավատում, հեռացեք այստեղից»: Ինձ հավատացողը կարող է հետ կանգնել յուրաքանչյուր վատ երևույթից:
- Երբեմն գուշակներին դիմելը ոչ թե հոգեպես լիցքաթափում, այլ հակառակը` հոգեբանորեն բացասական ազդեցություն է թողնում այցելուի վրա:
- Իսկապես, նման գուշակներ շատ կան, որոնք ներգործում են մարդկանց վրա իրենց չար մտքերով, որպեսզի ավելի շատ գումարներ շորթելու հնարավորություն ունենան, բայց այդպիսի բան չի կարելի անել: Առանց այդ էլ մարդը գալիս է այլայլված, լքված, բաժանված, ծեծված: Երկրորդ հարվածը գուշակն է տալիս, որը մեծ հոգեկան ցնցումներ է առաջացնում: Երբեմն ինձ հարցնում են՝ դուք խաբո՞ւմ եք, ես ասում եմ՝ այո, խաբում եմ, քանի որ այդ սուտը շատ անգամ նրանց երջանկություն է բերում, ես խաբում եմ, մինչև այդ մարդը դուրս գա այդ հոգեկան ճգնաժամից: Ես նրանց միայն օգնում եմ:
- Իսկ մարդիկ ինչպիսի՞ խնդիրներով են ավելի շատ դիմում: Լինո՞ւմ են դեպքեր, երբ մերժում եք:
- Ամենատարբեր հարցերով են դիմում, երբ ընտանիքում խնդիրներ ունեն, դժբախտ են, ուզում են ամուսնանալ ընտանիք կազմել, սակայն միջոցներ չունեն կամ անառողջ են: Գալիս են բիզնեսում հաջողություններ չունենալու կամ զավակներ չունենալու, դավաճանությունների և սոցիալական տարբեր իրավիճակների պատճառով: Եթե այցելուն ունի չախտորոշված անբուժելի հիվանդություն, ես նրան կարողանում են առողջացնել: Իմ աշխատանքից հետո նրանք երազներ են տեսնում: Ես ունեմ մի ընդունակություն, ունեմ ներքին ձայն, կարդում եմ մարդկանց մտքերը, տեսնում եմ վտանգները: Ես ունեմ 22-23 տարվա փորձ, հիմնվում եմ դրանց վրա, սկզբնական շրջանում ինքս էլ չէի հավատում, որ կարող եմ օգնել մարդկանց: Շատ են գալիս ինձ մոտ նաև չար նպատակներով, բայց ես հրաժարվում եմ նրանց օգնել:
- Ասում են` սպիտակ և սև մոգություն. կտարանջատե՞ք դրանք:
- Ցավով պետք է նշեմ, որ շատ պետություններ խրախուսում և փառաբանում են պայծառատեսների և հրաշագործների աշխատանքը, նրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծում, իսկ մեզանում դա բացակայում է: Սև մոգությանը տիրապետում եմ, սակայն դրանով չեմ զբաղվում, դա վատ գործ է, իսկ սպիտակ մոգությունը, մարդկանց ապագան կանխագուշակելով, նրանց վատ արարքներից հետ պահելն է: Չար մոգությունը և կախարդությունը հիմնականում կապված են սատանաների և չար հոգիների հետ, որոնց միջոցով մարդիկ թուղթուգիր են անում:
- Իսկ պետությունը Ձեր գործունեության ինչ-որ սահմանափակումներ դնու՞մ է:
- Իսկ ինչու՞ պետք է պետությունը սահմանափակումներ դնի: Ես բազմաթիվ հարցազրույցներ եմ տալիս տարբեր լրատվամիջոցներով, և շատերը վախենում են, որ ես շատ բաներ ի հայտ կբերեմ: 2008 թ. մուսուլմանական երկրներում` Եգիպտոսում, Սիրիայում և Լիբանանում ծագած պատերազմական գործողությունները ես էի կանխատեսել, հայտնել էի նաև վրա հասնող երկրաշարժերի մասին, իսկ օրեր առաջ կանխազգացել եմ Մոսկվայում տեղի ունեցող ահաբեկչական պայթյունը: Բայց ես չեմ կարող բարձրաձայն այդ մասին երկրի իշխանություններին հայտնել, որովհետև չգիտեմ` ի՞նչ կարող է ապագայում ինձ հետ լինել: Ես, իմ էներգիան վատնելով, պետությանը հարկեր եմ վճարում, ինչո՞ւ պետք է պետությունն արգելքներ սահմանի իմ գործունեության համար, մանավանդ երբ օգնում և դարձի եմ բերում մարդկանց, վերացնում թուղթուգրերը:
- Գուշակությունը հատուկ է հեթանոսական մշակույթին, եկեղեցին դեմ է գուշակություններին:
- Եթե այսօր Աստված ինձ չի պատժում իմ կատարածի համար, ուրեմն ես լավ արարքներ եմ անում: Քանի որ այդ շնորհն ինձ Տերն է տվել, նա էլ կարող է ինձնից դա վերցնել: Այսօր ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի կարող արգելել: Ինչո՞ւ եկեղեցին չի արգելում միասեռ ամուսնությունը: Ես սիրում եմ եկեղեցին, բայց եթե այն Աստծո տուն է, ինչո՞ւ է նման բաներ թույլ տալիս: Դա ընդունվո՞ւմ է Աստծո կողմից: Ես պատրաստում եմ նաև հաջողության թալիսմաններ: Բացի մոգությունն ինձ համար ոչ թէ գումար վաստակելու միջոց է, այլ առաքելություն: Ես ֆինանսապես ապահով եմ, և այդ միջոցով գումարներ աշխատելը չէ իմ նպատակը:
- Ձեզ դիմում են նաև հանրապետության կարկառուն դեմքեր, խոսքս հայտնի օլիգարխների, քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին է:
- Տարբերություն չկա դիրքի առումով: Բոլորն էլ այցելում են: Որքան էլ նրանք հաջողակ են իրենց գործում, միևնույն է, իմ կարիքն ունեն: Մարդիկ վախ ունեն չարից, թուղթուգրից, ես սպիտակ մոգուհի եմ, չարերի դեմ եմ պայքարում:
- Իսկ ձեր երեխաներին փոխանցելո՞ւ եք ձեր շնորհը
- Որդի ու դուստր ունեմ: Աղջկաս մեջ նկատել եմ այդ շնորհը, բայց նա առայժմ պատրաստ չէ: Նրա մեջ իմ հետնորդին եմ տեսնում:
- Ի՞նչ կասեք աշխարհի վերջի գուշակությունների մասին:
- Ոչ ոք չի կարող ասել, թե երբ է վրա հասնելու աշխարհի վերջը: Բայց կարող եմ ասել, որ այն, ինչ սկիզբ ունի, ունենալու է նաև վերջ: Իմ կանխագուշակումներում այդ հավանական տարեթիվը 2202-ն է: Կոչնչանա աշխարհի մարդկության մեծամասնությունը, բայց որոշ պետություններ կպահպանվեն: Ասեմ, որ առաջին հերթին կործանվելու է ԱՄՆ-ն, վրա հասնող աղետների հետևանքով ժանտախտ է լինելու: Տեղի են ունենալու պատերազմներ, ցունամիներ ու երկրաշարժեր:
Լ.Ն
Tags: բախտագուշակ
