«ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆՍ ԱՍԱՑ՝ ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԸՆԿԵՐՈՋՍ ՀԵՏ ՍԻՐՈՎ ԶԲԱՂՎԵԼ, ԵՍ ԻՐ ԿՆՈՋ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ»

Photo illustration by Anna FaltermeierԱսում են՝ սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո, երբեք չի նախանձում, չի գոռոզանում, անպատշաճ վարմունք չի ունենում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ կողմակից է լինում ճշմարտությանը, զիջելով միշտ հավատում է, հույս է տածում, համբերում…

Մեր հերոսուհի Մարգարիտա Աղաջանյանը (անուն-ազգանունը փոխված է իր իսկ խնդրանքով,- հեղ.) այսօր արդեն իրեն լիիրավ երջանիկ է համարում: Ասում է՝ կյանքում հաճախ կարող ես սխալվել, անսխալական մարդ չկա, բայց ամեն մեկը չէ, որ կարող է ընդունել իր սխալն ու իր կատարած սխալներով սովորել:

Մարգարիտային տարիներ առաջվա շքեղ կյանքը խորթ էր թվում: Զգում էր, որ այդ կյանքն իր համար չէր, հետո հասկացավ նախկին ամուսնու ժամանակակից կողմնորոշումներն ու պաշտոնապես բաժանվեց նրանից: Հետաքրքրական է, որ բաժանումից հետո սրտի նոր ընկերն իր գործով փաստաբանն էր:

ՇՔԵՂ ԿՅԱՆՔԻ ՉԵՄ ՁԳՏԵԼ

Մարգարիտա Աղաջանյանը սովորական հայուհի չէ: Նրա խոսքը, շարժուձևը մի քիչ տարբերվող է: Սիրում է անկեղծ մարդկանց, կյանքի ամենակարևոր ձեռքբերումը համարում է դիմացինին չխաբելու սովորությունը:

- Ես ամուսնացել եմ սիրով: Ես և Կարենը (ամուսնու անունը նույնպես փոխված է- հեղ.) ծանոթացել ենք ուսանողական տարիներին: Սիրում էինք իրար, շատ էինք սիրում, ու երբ ավարտեցինք համալսարանը, մեր ծնողները որոշեցին ամուսնացնել մեզ,- ասում է Մարգարիտան,- բայց իմ կյանքը շատ արագ փոխվեց:

Մարգարիտայի ամուսինը՝ Կարենը, համալսարանն ավարտելուց հետո լավ գործի է անցել, կողքից էլ` բիզնեսներ ունեցել:

- Նա ընտանիքին շատ նվիրված մարդ էր, բայց վերջին մեկ տարում 180 աստիճանով փոխվեց, դե, ես էլ մտածեցի՝ երևի սիրուհի ունի: Սկսեցի հետաքրքրվել:

- Բացահայտեցիք, որ ձեր արդեն նախկին ամուսինը համասեռամո՞լ է,- հետևեց մեր տրամաբանական հարցը:

- Չէ՛, շատ երկար ժամանակ ինձնից պահանջվեց հասկանալու, որ իմ ամուսինը ձգտում է արևմտյան սեքսուալությանը, իսկ դա համասեռամոլության հետ կապ չունի: Վերջին մեկ տարում նրա գործերն էլ ավելի լավացան, բայց դրա հետ մեկտեղ իրեն շատ տարօրինակ էր պահում: Շատ ժամանակ էր անցկացնում դրսում ու ամենևին գործով չէր զբաղվում, ընտանեկան նորանոր ծանոթություններ էր ձեռք բերում: Մի անգամ Կարենն ասաց. «Ես կարծում եմ, որ դու սիրեկան ունես ու ինձ «լոխի» տեղ ես դրել»: Ասացի՝  կվիրավորվեմ, եթե մի անգամ էլ նույնը ասի, իրենից բացի իմ կյանքում ոչ ոք չկա: Զարմացավ: Հետո միայն հասկացա նրա զարմանքի պատճառը:

ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Մարգարիտան ասում է, որ  մի օր ամուսինն է անկեղծանում ու պատմում այն, ինչին այդքան երկար ժամանակ սպասում էր.

- Մի օր լավ խմած էր ու ասաց. «Դու դե՞մ ես սվինգին, ես սվինգեր եմ դարձել»: Ասացի. «Կար ջան, ոչինչ չհասկացա, կարո՞ղ ես հայերեն խոսել»: Ասաց. «Պատմում եմ ամենասկզբից ու խնդրում եմ չընդհատես: Գիտես, մի հետաքրքիր հարաբերությունների ձև եմ գտել կյանքում, պետք ա նոր հայացքով նայենք կյանքին: Օրինակ՝ սվինգերները հետաքրքիր, լավ մարդիկ են: Նրանք շատ բարոյական ընտանիքներ են, ուղղակի մի բանն ա շատ հետաքրքիր, որ զույգերով կարող են փոխվել, ու էդ շատ ա հետաքրքրացնում կյանքը: Ասենք` մի օր դու քնում ես իմ ընկերոջ հետ, իսկ ես՝ ընկերոջս կնոջ հետ»: Իմ պատասխանը բացասական էր, բայց Կարենն ասաց` մի շտապիր, մտածիր: Մի քանի շաբաթ հետո մեր տուն եկան մեզ հարազատ դարձած ընկերները:

Մարգարիտայի համար ամուսնու ասածն օրինաչափ չէր,  ինքը կարգին հայ աղջիկ է, կարգին ընտանիքում է մեծացել, ու առանձնապես նման կողմնորոշումների կողմնակից չէ, եթե պետք է սիրով զբաղվել, ապա միմիայն ամուսնու հետ:

Նախկին ամուսինը՝ Կարենը, նրան մի քանի անգամ էլ առաջարկել է հանդիպել իր ընկերների հետ ու չի թաքցրել, որ ինքը շարունակում է հանդիպել իր ընկերների կանանց հետ:

- Կարենին ասացի` չէ՛, բացառվում է, ես չեմ կարող հանդիպել քո ընկերների հետ, չեմ կարող սիրով զբաղվել նրանց հետ, որովհետև իմ ամուսինը դու ես, ու էդ իմ համար նորարարություն չի, էդ իմ համար անբարոյականություն ա: Հիշում եմ՝ Կարենը շատ լուռ լսեց ինձ, ու շրջվելով ասաց. «Գիտես, կյանքդ մի օրում հնարավոր ա փոխվի, որովհետև սենց ապրելն անհնար ա դառնում: Ուզո՞ւմ ես հին կյանքիդ վերադառնաս, ֆինանսական դժվարություններ ունենաս, միասին հաշտ, խաղաղ ապրում ենք, ես քեզ ոչ մի բան չեմ պարտադրում ու շատ անկեղծ ասում եմ էն, ինչ անում եմ»,- պատմում է մեր զրուցակիցը:

Ամիսներն անցնում էին, բայց Մարգարիտան չէր կարողանում համակերպվել հարուստ ամուսնու արևմտյան սիրո ձևաչին՝ դա համարելով անբարոյականություն, դավաճանություն:

- Մենք միասին՝ ձեռք ձեռքի տված ենք հասել հաջողության ու նրա հարստությունը միմիայն իրենը չէր: Ճիշտ է մենք աղքատ չենք եղել, միշտ էլ լավ ենք ապրել, բայց գործարարության մեջ ես էլ իմ լուման եմ ներդրել: Մի քանի ֆիրմաներ էլ ես ունեի ու ես էի անմիջապես ղեկավարում,- ասում է Մարգարիտան:- Արդեն պարզից էլ պարզ էր, որ մենք առողջ ընտանիք ունենալ չենք կարող, ու մեծ փողը մեզ իրոք դժբախտացրեց: Ես նրան ասացի, որ ցանկանում եմ դատարանով բաժանվել: Երկու օր տուն չեկավ, երրորդ օրը եկավ, իրեն պահեց սովորականի պես ու ասաց. «Մենք կարող ենք բաժանվել, բայց իմացի՝ ինձնից լավ մարդու էլ չես հանդիպի»: Ես փաստաբան վարձեցի այդ գործընթացները  ճիշտ կազմակերպելու համար:

 

«Անկախի» այն հարցին՝ բա մյուսներն ինչպե՞ս էին համաձայնվում, ընտանիքներով փոխանակվել, ասում է.

- Գիտես, այդտեղ զուտ ցանկության հարցն էր: Ես էլ կարող էի լսել ամուսնուս ու գնալ էդ քայլին: Վիսկի խմել նա է ինձ սովորեցրել: Ասում էր՝ պետք ա սովորես, քանի որ առիթները շատ են լինելու: Դա ստիպված էի սովորել: Հետո էդ աղջիկներին ձեռք չէր տա չհամաձայնելը, ինչո՞ւ չհամաձայնեին, ի՞նչ, ինձ նման բաժանվեին, հա՞: Նախ՝ նրանք կյանքում չեն աշխատել, փողն իրենց համար զուտ ծախսելու միջոց էր, փողի գինը չիմացող են ու շատ բաներից կզրկվեին: Ամեն մեկը երկու-երեք մեքենա ունի: Ամենահետաքրքիրն էն է, որ ամուսինները մտածում են, թե դա դավաճանություն չի, ուղղակի հետաքրքիր է:

«ՍՎԻՆԳԵՐ» ԱՄՈՒՍՆՈՒՑ ՀԵՏՈ…      

Մարգարիտան չէր կարող մտածել, որ էլ երբեք չի ամուսնանալու, քանի որ դեռ երեխաներ չուներ, ու հնարավորություն կար ամեն ինչ նորից սկսելու:

- Կարենի հետ բաժանվեցինք առանց կռիվների, ամեն ինչ շատ խաղաղ ստացվեց: Գործով փաստաբանն իմացավ, թե ինչու եմ բաժանվում` ասաց. «Դե դա սովորության հարց ա, ես ո՛չ ձեզ եմ մեղադրում, ո՛չ ձեր ամուսնուն»,- պատմում է Մարգարիտան:- Կարենն ինձ թողեց իմ ֆիրմաներից երկուսը, ասաց. «Դա դու ես ստեղծել, ու ես չեմ ուզում դրանք վերցնել: Մի բնակարան էլ կարող եմ նվիրել»: Չուզեցի: Ամեն ինչ ավարտվեց ինչպես պետք էր: Անգամ ամենամտերիմ ընկերուհիները չզանգահարեցին` իմանալու՝ ինչպես եմ, մի անգամ ես զանգեցի, չպատասխանեցին, հասկացա»:

Մարգարիտան ասում է, որ անտարբեր չէր իր գործով փաստաբանի նկատմամբ: Առաջին պաշտոնական քայլն անում է փաստաբանը, Մարգարիտան էլ երկար-բարակ չի մտածում ու համաձայնում է կյանքը կապել իրավաբանի հետ:

- Շատ հետաքրքիր զուգադիպություն է, որ երկու ամուսիններս էլ իրավաբաններ են: Արմենի հետ շատ ավելի հեշտ է, հանգիստ: Նա ճիշտ է, Կարենի պես «ճտպտ» լեզու չունի, բայց շատ է սիրում իր աշխատանքն ու նվիրված ամուսին է,- ասում է Մարգարիտան,- նա ինձ արդեն որդի է պարգևել ու անունն էլ Կարեն է, բայց ոչ թե իմ նախկին ամուսնու պատվին, այլ ներկա ամուսնուս հոր: Իսկ Կարենը կարծես իր խոսքի տերն է, նա դատարանում ասաց, որ ինձնից հետո էլ չի կարող ամուսնանալ, որովհետև ինձից շատ ոչ ոքի չի կարող սիրել: Վերջերս մեր ընդհանուր ընկերներից մեկն ինձ իմիջիայլոց ասաց, որ նա ամուսնանալու մտադրություն չունի:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Անկախ

Tags: ,