Գյումրու դրամատիկական թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ-երեկո: Ներկա էին դերասանի ընտանիքի անդամներն ու ընկերները, մշակույթի ու քաղաքական գործիչներ:
Երեկոյի կազմակերպիչներ էին “Շիրակ” հայրենակցական միությունը, Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը: Միջոցառումը սկսվեց Շիրակի թեմի նախկին առաջնորդ Նարեկ Շաքարյանի օրհնությամբ ու տերունական աղոթքով:
“Ազատ Գասպարյանի 70-ամյակի հոբելյանական երեկոն պետք է կազմակերպեինք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որպես, ինքը ժողովրդական արտիստ, որպես Շիրակ աշխարհի ծնունդ, որպես մարդ, ով ամբողջ էությամբ նվիրված էր իր ժողովրդին, շիրակցիներին և հատկապես Գյումրինն` որպես մշակութային քաղաք: Բայց անակնկալ մատուցեց դաժան հիվանդությունը. շատ արագ Ազատ Գասպարյանին զրկեց կյանքից, և բնական է, որ մենք պիտի քիչ համբերեինք, բայց մեր խոստացած հոբելյանական երեկոն անցկացնեինք:
Նա առանձնահատուկ անձնավորություն էր, և մենք անակնկալներ էինք պատրաստել նրա համար և մտածում էինք, որ նա հենց բեմի վրա կթիկնի բազկաթոռին, որպես վաստակաշատ արվեստագետ և կվայելի իր ժամանակիցների իր մասին գնահատականները, ինքը կպատմի իր կյանքի դառն ու անուշ հուշերը Գյումրու, Շիրակի մասին: Եվ որպես մեծն Աճեմյանի աշակերտ պիտի վայելեր այս ամբողջ բեմի փառքն ու հպարտությունը: Բայց ափսոս”, – archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց “Շիրակ” հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը:
Նրա խաղընկերներն ու ընկերները հիշեցին լուսավոր ու հումորառատ Ազատ Գասպարյանին, հուզվեցին, կարոտեցին ու… շարունակում էին չհավատալ, որ Ազատ Գասպարյան մարդը, հայը, արտիստն այլևս չկա:
Սեյրանուհի Գեղամյան. “Աստված ստեղծել է մահը, բայց ստեղծել է նաև անմահանալու ճանապարհը: Եվ այդ ճանապարհները ցուցանել է հատկապես իր ընտրյալներին, և ահա այդ ընտրյալներից մեկը, անշուշտ, Ազատ Գասպարյանն էր”:
Հասմիկ Կիրակոսյան. “Ես ուզում եմ ասել` բարև, Ազատ, և հանկարծ չփորձես ասել մնաս բարով: Նա իմ մանկության և պատանեկության ընկերն է, հետո Ազատը կապվեց իմ հայրական օջախի հետ: Այսպիսի մի հուշ ունեմ. 1968 թվականին, էլի էդ քամբախ երկրաշարժը եղավ Լենինական քաղաքում, բավականին ուշգին: Մեր բնակարանն այնպիսին էր, որ ննջարանում ուղղահայաց մահճակալներին ես ու քույրս էինք քնած, իսկ զուգահեռ` վարագույրից այն կողմ, Ազատը: Մենք այնքան վախեցանք այդ ցնցումից, որ երկուսով թռանք հենց Ազատի մահճակալի վրա: Նա տեղից վեր թռավ ու ասաց` հմի էրկու քուրով ընձի բերել եք ձեր տունը քնցնելու, թե մեռցնելու”:
Աղվան Հովսեփյան. “Երևի ես վերջին մարդ էի, որ իրեն ցտեսություն ասացի: …Համամիտ չեմ այստեղ արտահայտած այն բոլոր մտքերին, թախիծին, նույնիսկ երաժշտության հետ: Մեռնել, չլինել հասկացությունն ընդհանրապես անտեղի է: Իսկ ով ասեց, որ չկա, բա ում ձայնն ենք լսում, ում երգն ենք լսում: Ավելի կենդանի է, քան շատ-շատ ապրողներ: Ես ուզում եմ, որ բոլորս միասին շնորհավորենք Ազատին”:
