Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին կառուցվել է1860-ականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873-ին։ Ճարտարապետը եղել է Թադևոս Անտիկյանը։ Եկեղեցին ունի 36 մ բարձրություն: Այն տեսել է մի քանի երկրաշարժ, բայց խոցվել միայն 88-ին:
Շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։
1930-ականերին ամբողջությամբ ավերվել և քանդվել է եկեղեցու գմբեթը: 1937 թ.-ին զանգակատունը պայթեցվել է: Այսօր եկեղեցին վերականգնվում է:
Իսկ ինչու փլվեց «Ամենափրկիչը», չէ որ այն բավական ամուր էր և դիմակայել էր մի քանի երկրաշարժի: Միթե ընդամենը հարյուրամյակ անց եկեղեցին մաշվեց:
“Սովորական շենքերի համար կան շահագործման ժամկետներ, օրինակ, քարե շենքերը` 60-70 տարի, եկեղեցիները կառուցվել են դարերի համար և այստեղ մաշվածության մասին խոսելը պարզապես իմաստ չունի: Ոչ մի անգամ եկեղեցին պատահական տեղում չեն կառուցել: Ես չեմ հանդիպել մի եկեղեցի, որը հիմքի ճաք տա, դա բացառված է: Հայաստանում 4-5-րդ դարերից սկսած եկեղեցիներ են կառուցվել, և երկրաշարժերի ակտիվը շատ-շատ մեծ է: Ամեն անգամ տեսել են, որ այսինչ պատճառով վնասվել է, այդ պատճառը վերացրել են և հասել են իդեալական մակարդակի”, – ասում է սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության սեյսմիկ ռիսկի և վտանգի ընդհանուր գնահատման համալիր բաժնի վարիչ Սերգեյ Նազարթեյանը:
Այդ դեպքում, ինչու նման ճակատագրի արժանացավ Գյումրու «Ամենափրկիչը» եկեղեցին, կառույց, որհ կառուցվել է Անիի մայր տաճարի օրինակով և համարվում էր Կովկասի ամենաբարձր եկեղեցին:
“Մեր քաղաքում սեյսմիկ վտանգի մակարդակը 9 բալ է, կախված գրունտներից կարող է բալը աճել կամ նվազել: Օրինակ, օդանավակայանի տարածքը ժայռային գրունտների վրա է, դրա համար էլ օդանավակայանի շենքը չփլուզվեց: Այսինքն, էֆեկտը եղել է 8 բալ: «Ամենափրկչի» տակ մենք հորատել-նայել ենք, գրունտային ջրերը 4.5 մետրի վրա են և շատ վատ, ճահճային գրունտներ են: Այստեղ մեկ բալով ավելացել է. եթե քաղաքում եղել է ընդհանուրը 9 բալ, այս դեպքում` 10 բալ: “Յոթվերքի” բախտը բերել է, որ այդ գրունտներից դուրս է: Այսինքն, գրունտների դերակատարությունը շատ մեծ է: «Ամենափրկչի» պարագայում պարզապես տեղը լավ չի ընտրվել: Փող տվողներն ուզեցել են, որ քաղաքի կենտրոնում լինի”, – պարզաբանում է Նազարեթյանը:
«Սուրբ Ամենափրկիչը», ինչպես և քաղաքում առկա մյուս կիսավեր շենքերը, բաց վերքի պես դեռ ցավ են բերում գյումրեցուն: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում էր` էս քաղաքն ամբողջությամբ կկառուցվի, երբ վերականգնվի «Ամենափրկիչը»:
Tags: գյումրի