Հերմինե Նաղդալյանը՝ կառավարության «քոփի փեսթ» և մակերեսային գնահատականներ պարունակող օրինագծերի մասին

imagesԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում քննադատեց կառավարությանը՝ կապված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ, որի արդյունքում Արարատյան ջրավազանում բնապահպանական տեսանկյունից կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ:

Հերմինե Նաղդալյանը նախ հայտարարեց, որ չի պատրաստվում բնապահպանության նախարարին խորհուրդներ տալ, հատկապես որ նա վատ չի կատարում իր գործառույթները, սակայն հիշեցրեց, որ յուրաքանչյուր նախարար, որ մոտենում է այս ամբիոնին և ներկայացնում է որևէ նախագիծ, պետք է հիշի, որ միայն նեղ ոլորտի նախարար չէ, այլ կառավարության ներկայացուցիչ է, և պարտավոր է հաշվի առնել բոլոր հետևանքները:

Նաղդալյանը հիշեցրեց, որ իրավական ակտերի մասին օրենքով յուրաքանչյուր օրինագիծ կամ որոշում պետք է ունենա կարգավորման ազդեցության գնահատականներ: Սակայն, ըստ Նաղդալյանի, վերջերս կառավարությունը գործելաոճ է դարձրել Ազգային ժողով ուղարկել ֆորմալ բնույթի, մակերեսային և «քոփի փեսթ» արած ազդեցության գնահատականներ ու եզրակացություններ: «Ես կարծում եմ, որ երեկ ծավալված բանավեճը պայմանավորված է այս խնդիրներով,-ասաց Նաղդալյանը,- եթե ազդեցության գնահատականը լիներ սկզբունքային և բովանդակային, ապա նման բանավեճ չէր լինի»:

ԱԺ փոխնախագահը դեմ չէ ջրային ռեսուրսների պահպանությանը, բայց կարծում է, որ միանգամից տասն անգամ գին բարձրացնելն անհետևանք չի մնա: Նա առաջարկում է փոքր քայլերով, աստիճանական մոտեցումներով հարցը լուծել և գոնե վեց ամիս ժամանակ տալ տնտեսվարողներին, որպեսզի հարմարվեն նոր պայմաններին: «Տնտեսվարողին աջակցելու խնդիրներ էլ կան, մեր խնդիրը միայն ջրային ռեսուրսների պահպանումը չէ: Այս օրինագիծը միակողմանի է մոտենում խնդրին»,-հայտարարեց նա:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյան, որը Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանումը համարեց ոչ միայն բնապահպանական, այլև ազգային անվտանգության խնդիր: «Վաղուց ի վեր ապացուցված է, որ Արարատյան հարթավայրի ամբողջ տարածքով երկու շերտ մեծ լճեր կան՝ քառասուն-հիսուն մետր խորությանմբ և երեք հարյուր մետր խորությամբ: Ի՞նչ է նշանակում, որ մենք առանց հաշվարկելու օգտագործում ենք այդ լճերը: Օրերից մի օր, եթե հանկարծ ստորգետնյա ջրերի հոսքը պակասեց, բացառված չէ, որ Արարատյան դաշտավայրը նստի, ինչը բնական աղետի կբերի»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ ձկնաբուծական եւ խեցգետնաբուծական գործունեություն իրականացնողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնելու են Արարատի եւ Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա, ՀՀ մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա: Նշվել էր, որ փոփոխությունների արդյունքում Արարատյան ջրավազանում բնապահպանական տեսանկյունից կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ:

Նախարարը նաև տեղեկացրել էր, որ կառավարությունը նախաձեռնում է փակել նախորդ 20 տարիների ընթացքում անօրինական բացված խորքային հորերը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել էր, որ տասն անգամ թանկացնելով բնապահպանական վճարը, կառավարությունը վատացնում է ձկնաբուծության ոլորտում աշխատող տնտեսվարողների վիճակը, ինչի հետևանով կարող է, օրինակ, ձկնամթերքը թանկանալ:

Սակայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բացատրել էր, որ կառավարության նպատակը ջրային պաշարների արդյունավետ օգտագործումն է և տնտեսվարողներին պարտադրելը, որ նրանք ժամանակակից մեթոդներ օգտագործեն:

Հիշեցնենք, որ Արարատյան դաշտավայրում կան բազմաթիվ ձկնաբուծարաններ, որոնք պատկանում են  գործարար պաշտոնյաներին, օրինակ, Արարատի մարզում գործող «Ալեքս Գրիգ», «Մխչյան ֆիշ», «էնի ֆիշ», «էկո ֆիշ» , «Յունի Ֆիշ» ձկնաբուծարանները պատկանում են ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների նվազման հարցն արդեն քանի տարի է` բարձրացնում է Հանրային խորհուրդը, որն անցյալ տարի ՀՀ նախագահին ու կառավարություն էր ներկայացրել իր մտահոգություններն ու առաջարկությունների փաթեթ:

Անկախ

Tags: , , ,