2014-ի պետբյուջեն հաստատվեց. վարչապետն՝ այս բյուջեի 3 առանձնահատկությունների մասին

tigran-sargsyan-government-program-parliament2014 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հաստատվեց: Պետբյուջեի նախագծին կողմ քվեարկեց պատգամավորներից 70-ը, դեմ՝ 40-ը, ձեռնպահ՝ մեկ հոգի:

Մինչ քվերակությունը ԱԺ ամբիոնից եզրափակիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան՝ հայտարարելով, որ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում ներառվել են պատգամավորների և խմբակցությունների մի շարք առաջարկություններ, իսկ տասնյակները դարձել քննարկման առարկա, որոնք մոտակա ամիսներին կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ առաջարկների 27 տոկոսն է մերժվել:

Այնուհետև վարչապետը ներկայացրեց 2014 թ. պետբյուջեի առանձնահատկությունները, որոնցից առաջինը բխում է Մաքսային միությանը միանալու գործընթացից, որն, ըստ Տիգրան Սարգսյանի, կարող է էական արդյունքներ ապահովել մեր տնտեսության զարգացման համար: Վարչապետն առանձնացրեց ՏՏ, դեղագործության, գինեգործության, կոնյակագործության ոլորտները, որտեղ, ըստ նրա, երկնիշ աճ է արձանագրվել:

Վարչապետը դրական գնահատեց Մաքսային  միությանն անդամակցելու դեպքում թեթև արդյունաբերության ոլորտում ձեռք բերվող հարաբերական առավելությունները: Նրա խոսքով՝ արդեն իսկ կոշկագործության և տեքստիլ արդյունաբերության ծրագրեր են մշակվել, և կառավարությունը հույս ունի, որ Հայաստանը կվերականգնի իր խորհրդային ժամանակների ցուցանիշները ՄՄ տարածքի սահմանում:

Պետբյուջեի հաջորդ առանձնահակությունը Տիգրան Սարգսյանը համարում է բիզնես միջավայրի բարելավումը: «Անցյալ տարի մենք արձանագրել ենք որոշակի առաջընթաց այդ ոլորտում, բայց դա մեզ չի բավարարում, և մենք այդ ոլորտում անելիքներ ունենք»,-նշեց վարչապետը՝  կարևորելով հարկայի-մաքսային, դատական ոլորտների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:

Պետբյուջեի երրորդ առանձնահատյությունը նա համարեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, որին, ըստ վարչապետի, Հայաստանը նախապատրաստվել է տասը տարի:

«Դրա վրա աշխատել են ՀՀ երկու նախագահներ, երեք վարչապետներ, չորս կոալիցիոն կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ, աշխարհի լավագույն փորձագետներ: Տասը տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, երկու ընդլայնված նիստ ՀՀ նախագահի մոտ: Այս հայեցակարգը քննարկվել է նաև ԶԼՄ-ների մասնակցությամբ, ես անձամբ տասնյակ սեմինարներ եմ կազմակերպել ներկայացնելու այս համակարգի տրամաբանությունը»,-թվարկեց նա:

2009-10 թվականներին կառավարությունը, ընդառաջելով ընդդիմախոսների պահանջին, որոշելէ համակարգը ներդնել 2014-ին, որպեսզի և՛ մասնավոր հատվածը պատրաստվի, և՛ պետությունը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում բարդագույնն են: Նա գիտի նաև, որ սա մեր անկախության ամենաբարդ ռեֆորմներից է, որովհետև առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր ոլորտի: Սակայն միաժամանակ նա համոզված է, որ սա է ամենաճիշտ և արդար ճանապարհը, որն այսօր այլընտրանք չունի:

Այնուհետև վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանում կա 510 000 թոշակառու, և 2014 թ բետբյուջեով 240 միլիարդ դրամ է հատկացվել թոշակներին: «2014 թ. պետբյուջեով միջին թոշակը կավելանա 15 տոկոսով՝ 31 հազարից հասնելով 36 հազարի»-հայտարարեց վարչապետը՝ միաժամանակ նշելով, որ դա էլ բավարար չէ արժանապատիվ ծերությունն ապահովելու համար, եթե հաշվի առնենք, որ նվազագույն զամբյուղը կազմում է 41 հազար դրամ, առողջապահականը՝ 51 000 դրամ:

Այսօր Հայաստանում գործող կենսաթոշակային համակարգի հիմքում ընկած  սերունդների համերաշխության սկզբունքը, ըստ որի սոցիալական հարկերի շնորհիվ է ապահովվում մեր ծերացող բնակչության արժանավայել ծերությունը, արդյունավետ չէ: Կարող է արդյունավետ լինել, եթե շեշտակիորեն ավելացնեն սոցիալական հարկերը կամ Հայաստանում փոխվի կենսաթոշակի անցնելու տարիքը: Սակայն, ըստ վարչապետի, այդ խնդիրն ավելի շոշափելի և ցավոտ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք ծերացող հասարակություն:

«Մոտակա տասը տարիների ընթացքում շեշտակիորեն ավելանալու է թոշակառուների թիվը, և տարեցտարի ավելանալու է նաև սոցիալական բեռը պետբյուեջի վրա»,-ասաց Սարգսյանը,- ներկայիս մոդելը ենթադրում է, որ թոշակառուն կարող է ստանալ այնքան թոշակ, որքան պետությունը հնարավորություն ունի հարկել իր քաղաքացիներից:

Նրա խոսքով՝ 21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից մեկը համարվում է կենսաթոշակային ճգնաժամը, և այս խնդիրն առաջին հերթին ծանրանում է այն երկրների վրա, որտեղ բնակչությունը ծերանալու միտում ունի:

Նա ընդգծեց, որ լրացուցիչ խթան ստեղծելու համար կառավարությունը հատկացրել է 20 միլիարդ դրամ, և պետությունն այդ վճարների 5 տոկոսն իր վրա է վերցրել՝ հայտարարելով, որ  այդ տարիների ընթացքում կուտակված միջոցները խթանելու են ՀՀ տնտեսական զարգացումը, քանի որ ստեղծվելու է երկար փողերի շուկա, առանց որի Հայաստանը չի կարող զարգացնել իր տնտեսությունը:

Վարչապետի խոսքով՝ սա բացառիկ հնարավորություն է հաղթահարելու այն ծուղակը, որում մենք հայտնվել են նախկին կենսաթոշակային համակարգի պատճառով:

Ինչ վերաբերում է հասարակության ընդվզմանը, ապա Տիգրան Սարգսյանը դա բնական է համարում, քանի որ ցանկացած ռեֆորմ ենթադրում է վարքագծի փոփոխություն:

Վարչապետը կրկին որպես օրինակ բերեց ԱՊՊԱ-ն՝ հիշեցնելով, որ դա նույնպես սվիններով էր ընդունվում, բայց այսօր հասարակության 75 տոկոսը դրական է այն գնահատում: Նա համոզված է, որ նույն ճակատագրին էլ արժանանալու է կենսաթոշակային նոր համակարգը:

«Ստանձնելով քաղաքական այս պատասխանատվությունը՝ մենք համոզված ենք, որ օր առաջ այդ համակարգը պետք է ներդնել, որպեսզի հաղթահարենք կենսաթոշակային ճգնաժամը»,-հայտարարեց նա:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ երեկ հանդիպել է ՏՏ ոլորտի երիտասարդների հետ, և հանդիպման ընթացքում երկուսուկես ժամ բանավիճել են՝ ավելի լավ հասկանալով, թե ինչ հարցեր են մտահոգում երիտասարդներին:

Այդ հանդիպումից վարչապետը գոհ է, քանի որ տեսնում է, թե ինչպես է օրեցօր Հայաստանում հասունանում քաղաքացիական հասարակությունը:

Ընդգծելով այն հանգամանքը, որ մարդիկ հնարավորություն են ունենալու վերահսել իրենց միջոցները՝ նա համոզված է, որ նրանք նաև պահանջելու են, որպեսզի իրենց միջոցները մշտապես լինեն նաև կառավարության ուշադրության կենտրոնում, ինչն էլ կձևավորի որակապես նոր միջավայր և որակապես նոր քաղաքացի:

«Կառավարությունը նույնպես պետք է սովորի այդ միջավայրում աշխատել, որն այսօր Հայաստանում կա, և դա էլ լինելու է այն երաշխիքը, որ այս մոդելը հաջողություն է ունենալու»,-ամփոփեց Տիգրան Սագսյանը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարչապետի ելույթից հետո հայտարարեց, որ նրա ասածները իրականության հետ քիչ առնչություն ունեն, իսկ քաղաքացիների բարձրացրած հարցերը՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, իրենք կքննարկեն Սահմանադրական դատարանում: Պատգամավորը համոզված է, որ ՍԴ-ն կկասեցնի գործընթացը:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պետբյուջեի նախագծին դեմ քվեարկելու իմ որոշումն ավելի ամրապնդվեց վարչապետի եզրափակիչ ելույթը լսելուց հետո, քանի որ նա հանգիստ տոնով ներկայացրեց վիճակագրություն, որը հաստատում է Հայաստանի ծանրագույն սոցիալական վիճակը և ոչ մի խոսք չասաց այն մասին, որ դրա մեջ նաև իրենց մեղավորությունը կա: Ինչ վերաբերում է վարչապետի ապագայի խոստումերին, ապա Փաշինյանը դրանց հավատում է այնքանով, որքանով որ կատարվել են նախկինում տրված խոստումները:

Պատգամավորը նաև հիշեցրեց ՀՀ նախագահի խոսքը, որ եթե կառավարությունը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա, մինչդեռ կառավարությունն ապահովել է 5.5 տոկոս աճ:

  Անկախ

 

Tags: ,