Երկրաշարժը դեռ չի մոռացվել

Գյումրի,երկրաշարժ«Հաջորդ տարի ՝ 2014-ին, Շիրակի մարզում աղետից անօթևան բոլոր ընտանիքներն ապահովված կլինեն բնակարանով»,-այս մասին նշեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Նրա խոսքով երկրաշարժից հետո Գյումրիում փլուզվեց և քանդման ենթակա դարձավ 20600 բնակարան: Այդքան բնակարան էլ կառուցվել է, սակայն Գյումրիում դեռ կա 430 ընտանիք, որը շահառու է ճանաչվել և բնակարան դեռ չի ստացել: Մարգարյանի համոզմամբ ոչ թե քաղաքի բնակչությունն է ավելացել, այլ ընտանիքներ են կիսվել:

Գյումրիին այս առումով «նախանձում է» Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա նշեց, որ ի տարբերություն Գյումրիի՝ իրենք դեռ հիվանդանոցի խնդիր ունեն: Սակայն դպրոցների մասով իրավիճակն ավելի բարվոք է: «Այսօր Լոռու մարզում չկա մի դպրոց, որը տնակային պայմաններում աշխատի, իսկ այդպիսի 173 դպրոց կար»,- ասաց Ասլանյանը:

Նրա գնահատմամբ՝ Վանաձորում 1989-1995թթ. բնակարանային ֆոնդը վերականգնվել է շատ ինտենսիվ: Այսօր Վանաձորում մնում է կառուցել 1 բնակելի շենք 16 բնակարանով, և բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների խնդիրը կլուծվի: Սպիտակում այդ խնդիրը կլուծվի 2014թ.:

Միաժամանակ Ասլանյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում 1995-2005թթ. շինարարություն չի կատարվել: 2013թ. մարզում շահագործման է հանձնվել ընդամենը 32 բնակելի տուն: «2009- 2010թթ. տեմպը 2012-2013-ի հետ համեմատել պետք չէ: Մենք ահավոր դժգոհ ենք 2013-ի տեմպից»,- ասաց Լևոն Ասլանյանը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը լավատես չէ: Նա վստահ է, որ երկրաշարժից հետո մարդկանց տանջում-սպանում են տնակներում, քանդված հանրակացարաններում: Թումասյանն ափսոսում է, որ Երևանի Հյուսիսային պողոտայի վրա ծախսվեց է՛լ ավելի հսկայական գումար, քան կպահանջվեր ամբողջ աղետի գոտին վերականգնելու համար:

Եվգենյա Աթայանը՝ Քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետը, արձագանքեց, որ Հյուսիսային պողոտան կառուցվել է մասնավոր, ոչ թե պետական միջոցներով: Աթայանը ցավով նշեց, որ երկրաշարժից 20 տարի անց անհրաժեշտություն առաջացավ աղետի գոտու վերականգնման նոր ծրագրի: Արդյունքում 2008-ին սկսվեց 85 մլրդ արժողությամբ ծրագիրը:

Գյումրու բնակիչ 81-ամյա Լեւոն Ղազելյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հոգնել են օգնություն սպասելուց, դեռեւս ապրում են կիսաքանդված դոմիկում ու խոնավության օդն են շնչում, հուսով է, որ ինքն ու կինը շուտով բնակարան կստանան: Երկրաշարժին շատ հարազատներ են կորցրել, օգնող ուժ չունեն, սակայն հույսները չի մարել, դեռ սպասում են, որ շուտով նոր բնակարանի դուռը իրենց առջեւ էլ կբացվի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: ,