Ցույց Բաքվում` ընդդեմ վառելիքի ու սննդամթերքի թանկացման

ցույց ընդդեմ թանկացումներիԴեկտեմբերի 15-ին հորդառատ անձրևի պայմաններում Բաքվի “Մեհսուլ” մարզադաշտում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի ակցիա` ընդդեմ վառելիքի ու սննդամթերքի թանկացման: Ցույցը կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմադիր  Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին իր ելույթում նշել է, որ եթե ժողովուրդը չասի “վերջ իշխանությունների կողոպտիչ քաղաքականությանը”, ապա նավթամթերքներից հետո կբարձրանան նաև գազի, էլեկտրականության և տրանսպորտի գները:

Նա ընդգծել է, որ գների աճը կոռուպցիայի և իշխանությունների վարած կողոպտիչ քաղաքականության հետևանք է: “Մենք շատ լավ գիտենք, որ նավթն ու գազը մեկ ընտանիքի մենաշնորհն են: Ո՞վ է Անար Ալիևը, որ ձեռքը դնի դրանց վրա: Իհարկե, եթե դա արվեր առանց Իլհամ Ալիևի գիտության, այդ օլիգարխները հիմա բանտերում կլինեին: Սակայն նրանք շատ հանգիստ են, որովհետև գիտեն, որ այդ ամենի գլխին կանգնած է հենց Իլհամ Ալիևը”,-ասել է Քերիմլին:

Հանրահավաքում ելույթ է ունեցել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին, ով ասել է, որ գների բարձրացումից շահել է միայն իշխանությունը:

Ակցիան տեղի է ունեցել “Թող նվազեցվեն գները”, “Ոչ թանկացմանը”, “Ալիև, ձեռքդ հանիր իմ գրպանից”, “Նավթը մի ընտանիքին չի պատկանում”, “Բյուջեն ժողովրդինն է, այլ ոչ թե պատգամավորներինը” կարգախոսներով:

 

Անկախ

 

Tags: