Ծամոն. օգու՞տ, թե՞ վնաս

ծամոնԾամոնը հայտնագործվել է 140 տարի առաջ ԱՄՆ-ում:  Գյուտարարն ընդամենը  գրանցել է այն, սակայն երբեք չի փորձել արտադրել: Սակայն դա չի խանգարել, որ ողջ Ամերիկան, հատկապես` երիտասարդությունն անընդհատ ծամի: ԱՄՆ-ում ներկայումս վաճառվում է ծամոնի ավելի քան 100 տեսակ: Միջին ամերիկացին տարեկան օգտագործում է 300 շերտ ծամոն: Ծամոնի նորաձևությունը համակել է ողջ աշխարհը Երկրորդ աշխարհամարտից հետո, իսկ նախկին ԽՍՀՄ-ում այն սկսել են  արտադրել 1970-ականներից:

Գովազդները ծամոններին վերագրում են ամենատարբեր օգտակար հատկանիշներ` ատամների էմալի կարծրացում, ատամնաքարի առաջացման կանխում, բերանի տհաճ հոտի վերացում, թթվահիմնային հաշվեկշռի վերականգնում: Այս ամենը, մեղմ ասած, ճիշտ չէ: Եթե, օրինակ, ծամոնի բաղադրության մեջ շաքար կա, ապա բերանի խոռոչը վերածվում է  մանրէների բազմացման  պարարտ միջավայրի: Իսկ շաքարի փոխարինիչների կիրառումն էլ մեկ այլ դժբախտություն է. երկարատև օգտագործելու դեպքում դրանք առողջությանը լուրջ վնաս են հասցնում:

Ծամոնն օգուտ կարող է տալ ուտելուց անմիջապես հետո, 5-10 րոպեի ընթացքում, քանի որ նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, մարսողությանը ու մասամբ էլ մաքրում է բերանի խոռոչը ուտելիքի մնացորդներից (չնայած այս նպատակի համար դարձյալ նախընտրելի է ատամի խոզանակը): Անընդհատ ծամելը վերածվում է տգեղ սովորության, որը կարող է գաստրիտի պատճառ դառնալ ու այլ տհաճություններ առաջացնել:

Շատ վտանգավոր է ծամոնի հետ ծխելու սովորությունը, քանի որ այս դեպքում ծխախոտի քաղցկեղածին նյութերը թքի հետ ստամոքս են տեղափոխվում: Բոլոր առավելությունները, որոնց մասին խոսվում է, ինչպես և բոլոր գովազդներն իրականությանը մասամբ են համապատասխանում:

Երբ մարդը ծամոն է ծամում, բերանի խոռոչը մասամբ է մաքրվում, այն էլ` միայն ծամող մակերևույթները, իսկ կարիեսը  հաճախ առաջանում է միջատամնային արանքներում: Սրանից կարելի է հետևություն անել, որ ծամոնից էական օգուտ չկա, կանխարգելման նկատառումով էլ այն օգտակար չէ, իսկ վնաս` ինչքան ասես:

Երբ ծամոնը հայտնվում է բերանում, իր համային հատկանիշներով պայմանավորված, օրգանիզմում սննդի տեղ է ընդունվում, հետևաբար սկսում են արտադրվել նյութեր, որոնք սովորաբար քայքայում են սնունդը: Առողջ օրգանիզմն այս խաբկանքից կարող է գլուխ հանել, իհարկե, ոչ առանց հետևանքների, բայց եթե մարդը ստամքսի խոց կամ գաստրիտ ունի, ապա դրանք ուղղակի հակացուցված են: Ծամոնի պարունակած համային հավելումները վտանգավոր են: Ուրեմն մի հետևություն կարելի է անել. ծամոնի վտանգն անհամեմատ մեծ է օգուտից: Հետևաբար, պետք է անգամ ծամոն ծամելիս չափավորություն ցուցաբերել. ուտելուց հետո մի քանի րոպե ծամեք ու բավարարվեք դրանով: Իսկ  երեխաներին, առավել ևս, փորձեք հետ պահել ծամոնից ու  առաջարկեք  այլ օգտակար բաներ:

 Անկախ

Tags: