«Զվարթնոցի» թնջուկը մոտ է հանգուցալուծմանը

Zvartnoc06

Այսօր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը «Անկախին» հայտնեց, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական հերթական նիստը, որի ժամանակ հաստատվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված մաստեր պլանը:

Սա նշանակում է, որ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի խնդրի լուծումը մոտենում է ավարտին, քանի որ մաստեր պլանում ներառված է նաև  համալիրի քանդման հարցը:

Սակայն Մաստեր պլանը կյանքի կոչվելու համար դեռևս պետք է հաստատվի կառավարության նիստում: «Անկախի» տեղեկություններով` կառավարությունը պատրաստվում է առաջիկայում հարցը ներառել նիստի օրակարգ և որոշում կայացնել հօգուտ կոնցեսիոների:

«Արմենիա միջազգային օդանավակայանների» գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղյակ չէ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած այսօրվա նիստի արդյունքներից` ասելով` «Եթե հաստատվել է, ուրեմն լավ է»:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել է «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի քանդման կամ պահպանման հարցը, մասնակցել  է նաև Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Գագիկ Մանասյանը` ներկայացնելով ՀԽ-ի դիրքորոշումը, ըստ որի` շենքը պետք է պահպանվի, և պետք է քննարկվեն դրա հետագա օգտագործման եղանակները:

«Անկախի» հետ զրույցում Գագիկ Մանասյանն ասաց, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ իր կողմից ՀԽ դիրքորոշումը ներկայացնելուց հետո նիստի մասնակիցներն իրեն հարցեր են ուղղել: Ներկաները հետաքրքրվել են, թե արդյոք համալիրը երբևէ ներառված եղե՞լ է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Մանասյանը հայտնել է, որ իր ստացած տեղեկությունների համաձայն՝ կառույցը երբևէ ներառված չի եղել այդ ցանկում, սակայն նշել է, որ դեռևս ուշ չէ, կարող է ներառվել: «Ինձ նաև հարցրեցին, թե ինչո՞վ է որոշվում՝ դա հուշարձան է, թե ոչ: Ասացի, որ դա որոշելու համար կա լիազոր մարմին: Բայց եթե իմ կարծիքն են ուզում իմանալ, ապա ընդամենը մեկ փաստարկ կարող եմ բերել. «Զվարթնոցը» 1985 թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ, իսկ դա նշանակում է, որ այն մեխանիկորեն պետք է անցներ այդ ցուցակի մեջ: Դա ամրագրված է նաև փորձագիտական հանձնաժողովի չափորոշիչներում, բայց թե ինչու նման բան տեղի չի ունեցել, միայն ենթադրություններ կարելի է անել»:

Մանասյանը հիշում է, որ առաջին ցուցակը հաստատվել է 1982 թ., երկրորդը՝ 2002-ին: «1982-ին համալիրը դեռ նոր էր կառուցվել, հավանաբար չեն հասցրել ներառել, իսկ 2002-ին արդեն կնքվել էր կոնցեսիոների հետ պայմանագիրը, և բնական է, որ կառավարությունն ամեն ինչ արել է վարձակալին գրավիչ պայմաններ ներկայացնելու և խոչընդոտներ չառաջացնելու համար»,- նկատում է նա:

Այն, որ կոնցեսիոները դեռևս տարածքը վարձակալելու ժամանակ է «աչքի տակ ունեցել» օդանավակայանի  հետագա զարգացումը «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի հաշվին իրականացնելու տարբերակը, բանավոր հնչել է նաև ընկերության ղեկավարության շուրթերից:

Մանասյանի խոսքով՝ դեկտեմբերի 10-ի նիստի ժամանակ ՀԽ-ի դիրքորոշումը լսելուց և դրա շուրջ որոշակի քննարկում ծավալելուց հետո, ՀԽ-ի ներկայացուցիչներին քաղաքավարի ձևով դուրս են հրավիրել՝ ասելով, որ իրենք պետք է շարունակեն քննարկել մաստեր պլանը:

Գագիկ Մանասյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե կառավարությունը սկսեր «Զվարթնոցի» կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու գործընթացը: «Թող մշակույթի նախարարության համապատասխան փորձագիտական հանձնաժողովը որոշի` դա հուշարձան է, թե ոչ, և եթե հուշարձան է, ապա հարցը կփակվի, իսկ կոնցեսիոները ստիպված կլինի այլընտրանքային ծրագիր ներկայացնել»:

Միաժամանակ նա համոզված է, որ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշումը հօգուտ «Զվարթնոցի» շենքի կլինի:

Ինչ վերաբերում է կառույցի պահպանմանը, ապա Մանասյանը կարծում է, որ դա պետք է ստանձնի և´ կոնցեսիոները, և´ պետությունը կամ երկուսը միասին, կամ էլ աճուրդով այն տրվի որևէ այլ կազմակերպության, որը դրա հետ կապված ծրագիր կներկայացնի:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն, որպեսզի երկրի գործադիրը չհամաձայնի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված՝ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը: Փոխարենը Հանրային խորհուրդն առաջարկել է, որ կառավարությունը պահանջի կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրի հին ուղևորային համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը, հանձնարարի համապատասխան կառույցին քննարկելու կառույցը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Այդպիսով՝ Հանրային խորհուրդն անհարմար կացության մեջ է դրել կառավարությանը, քանի որ վերջինս, ի դեմս ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության, ամիսներ շարունակ առաջ էր տանում «Զվարթնոցի» կլոր շենքը քանդելու գաղափարը` պաշտպանելով կոնցեսիոների շահերը, իսկ քաղավիացիայի գլխավոր վարչության` Հանրային խորհրդի տեսակետը լսելու և հանրության կարծիքը հաշվի առնելու նախաձեռնությունն ընդամենը պայմանավորված էր հարցի նկատմամբ հասարակական բուռն արձագանքը մեղմելու նկատառումով:

Եթե իսկապես կառավարությունը որոշի ընդունել կոնցեսիոների առաջարկը կլոր շենքը քանդելու վերաբերյալ, ապա կնշանակի, որ ամիսներ շարունակ Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում ոլորտի մասնագետների, շահագրգիռ կողմերի քննարկումներն ապարդյուն էին:

Ի դեպ, դեկտեմբերի 10-ին Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստին ներկա է եղել նաև Հանրային խորհրդի քաղավիացիայի հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ  Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշել է, որ Հանրային խորհրդի` կլոր շենքը պահպանելու մասին որոշումն անհիմն է, ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ բնույթ ունի, բայց քանի որ ՀՀ նախագահը մեծ տեղ է տալիս Հանրային խորհրդի կարծիքին, շատ դժվար կլինի վարչապետին համոզել, որ շենքը պետք է քանդել:

«Այս ցնցող դիրքորոշման համաձայն` ստացվում է, որ նախ` շենքի պահպանումը չի բխում  ավիացիայի և բիզնեսի շահերից, ինչը, ըստ Մովսեսյանի, քաղավիացիայի համար պարզ է: Երկրորդ` վարչապետը որոշում ընդունելիս կարող է չղեկավարվել ավիացիայի շահերով, այլ հաշվի առնել նախագահի վերաբերմունքը Հանրային խորհրդի նկատմամբ` փորձելով պարտադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» տնօրինությանը կատարել ավիացիոն բիզնեսի տեսանկյունից չհիմնավորված ծախսեր՝ ճարտարապետական նշանակություն ստացած շինության պահպանման համար»,-ասում է Իզաբելլա Մուրադյանը:

Նա կարծում է, որ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը, շահարկելով Հանրային խորհրդի դիրքորոշումը, փաստորեն, փորձում է ճնշում գործադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» վրա` միաժամանակ վարկաբեկելով Հանրային խորհուրդը: Մինչդեռ Հանրային խորհուրդը երկրի ավիացիոն զարգացումը պակաս չի կարևորում, քան պատմամշակութային կոթողի պահպանումը, և ամենևին էլ չի ասում, որ շենքը պետք է պահպանվի ավիացիայի զարգացման հաշվին:

Անի Գասպարյան

Անկախ

 

 

Tags: , , ,