ՄԻԵԴ վճիռը չի ազդի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա

Արա ՂազարյանՀայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական  հետապնդման ենթարկված Դողու Փերինչեքն  ընդդեմ  Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չի ազդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ գործն ինքնին  գնահատելով  որպես «բավականին հաջող  թուրքական լոբբինգի արդյունք»:

Ա.Ղազարյանը միաժամանակ գտնում է, որ այն կազդի ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքներ ընդունելու գործընթացի վրա, ինչը ցեղասպանության ճանաչման գործընթացի էլեմենտներից մեկն է: «Քաղաքական դաշտում գործընթացները կշարունակվեն, գնալով ավելի ու ավելի շատ պետություններ կընդունեն,  որ ցեղասպանություն է եղել, բայց  չեն ընդունի օրենքներ»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը կպահպանի ցեղասպանության հերքման քրեականացնող դրույթը, ինչն իրավաչափ է և  պայմանավորված է հասարակական սուր պահանջով: «Մենք՝ հայերս, ցեղասպանության  առաջին զոհերն ենք»,- ասաց նա:

Եթե որևէ մեկը գա Հայաստան և հրապարակային հայտարարություններ կատարի՝ հերքելով 1915թ. դեպքերը՝ որպես ցեղասպանություն, դրա համար քրեական  հետապնդման ենթարկվի և գործը հասնի Եվրոդատարան, Ա.Ղազարյանի կարծիքով, կարող է այլ որոշում կայացվել: Հայաստանի պարագայում կարող է ընդունվել, որ այստեղ իսկապես հասարակական սուր պահանջ կա, որպեսզի քրեական հետապնդման ենթարկվեն նման անձինք: «Եվրոպական դատարանն  իր որոշումը միշտ տեղայնացնում է կոնկրետ հանգամանքների ներքո և ոչ թե համընդհանուր սկզբունք է սահմանում»,- ասաց Ա.Ղազարյանը՝ նկատելով, որ Շվեյցարիայի պարագայում Եվրոպական դատարանը չընդունեց, որ Շվեյցարիայում կա Հայոց ցեղասպանությունը հերքողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հասարակական  սուր պահանջ:

Եվրոդատարանի եզրահանգմամբ՝ Հայոց ցեղասպանության հարցում համընդհանուր համաձայնություն աշխարհում չկա. 190 պետություններից միայն 20-ն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կան այլ պետություններ ևս, որոնք ճանաչել են Ազգային պառլամենտի, դրա մեկ պալատի կամ նահանգի մակարդակով: Դատարանը տարբերակում անցկացրեց Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև՝ վկայակոչելով Ռոժե Գարաուդին ընդդեմ Ֆրանսիայի  գործով նախադեպը,  նշվեց, որ  ուժի մեջ է մնում Հոլոքոստի առումով արված եզրահանգումն առ այն, որ  Հոլոքոստը՝ որպես ցեղասպանություն, աներկբայորեն ճանաչված փաստ է: Մինչդեռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դեռ հանրային համաշխարհային քննարկումները շարունակվում են:

Այս փաստարկների հիմքում դրվել է 2011թ. հունիսից նոր զարգացող տեսությունը. Մարդու իրավունքների կոմիտեն այդ ժամանակ հրապարակեց իր թիվ 34 մեկնությունը, որով ազատ խոսքի տրամաբանությանը և Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրին հակասող ճանաչվեց  որևէ անձի պատասխանատվության ենթարկելը՝ պատմական փաստի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի համար:

Իհարկե, վճիռը Շվեյցարիան կարող է բողոքարկել, սակայն, Ա.Ղազարյանի կարծիքով՝ շատ քիչ հնարավորություններ կան, որ վարույթ կընդունվի կամ  եթե նույնիսկ վարույթ ընդունվելու դեպքում  այլ որոշում կկայացվի, որովհետև սա նոր զարգացող տեսության արձագանքն  է:  Նշենք, որ վճիռն առաջին կատեգորիայի վճիռ է, այսինքն՝ դասվում է այն վճիռների շարքին, որոնցով բոլորովին նոր նախադեպ է ստեղծվել:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.