2013-ն, ըստ իրավապաշտպանների, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով լարված է եղել` պայմանավորված նախագահի և Երևանի ավագանու ընտրություններով: Այս մասին նշվեց այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ:
Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ ամեն տարի Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում նույն փաստերն են գրված և ամեն տեղ կարելի է տեսնել նման արտահայտություն` էական առաջընթաց չի նկատվում:
«Տարեցտարի Հայաստանում մարդու իրավունքների վիճակը չի փոխվում, երբեմն-երբեմն վիճակը մեղմանում է: Կարծում եմ, որ սա քաղաքական համակարգի արդյունքն է,- ասում է Իշխանյանը:- Խնդիրն այն է, որ որքան էլ խոսենք, չունենք իշխանությունների տարանջատում: Դատարանները գործադիր իշխանության շարունակությունն են: Այսպիսի դատարան ունենալու պայմաններում մարդու իրավունքներում առաջընթաց չի կարող լինել»:
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն անդրադարձավ բանակում սպանությունների դեպքերին` նշելով, որ նախաքննության ընթացքում վկաներին պահում են անազատության մեջ, նրանց նկատմամբ հետապնդումները շարունակվում են նաև դատարանից դուրս: Նրա խոսքով` դատապարտվողները հիմնականում շարքային զինծառայողներ են` սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք անգամ իրավական պաշտպանություն չեն կարող ապահովել իրենց:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով` բանակում անօրինությունների մասին խոսելիս միշտ նշվում է պաշտպանության նախարարի անունը, մինչդեռ «զինվորական ծառայության կազմակերպման, կանոնադրական հարաբերությունների ապահովման անմիջական պատասխանատուն մշտապես ստվերում մնացող Խաչատուրովն է` գլխավոր շտաբի պետը: Մահացության, կոռուպցիայի ամեն մի դեպքի համար ինքն է պատասխանատու»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով` 2013-ը շատ լարված է եղել լրագրողների և լրատվամիջոցների համար. «Եղել են երկու ընտրություններ, որի դեպքում լարվում է քաղաքական մթնոլորտը, իսկ այդ ժամանակ ուժեղանում են գրոհները լրատվամիջոցների նկատմամբ»:Մելիքյանը նշեց, որ 2013-ի ինն ամսների տվյալներով այս տարի լրագրողների նկատմամբ բռնություններն ավելացել են. 2012 –ի ողջ ընթացքում բռնության 4 դեպք է գրանցվել, այս տարվա ինն ամիսներին` 7 դեպք:
2013-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին լրագրողների նկատմամբ ճնշման 49 դեպք է գրանցվել, 2012-ին` 37: Նախորդ տարի 10 դատական գործ էր հարուցվել լրատվամիջոցների նկատմամբ, այս տարի 20:
«Լիսկայի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը և կալանքից ազատումը այն ցուցանիշն է, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում իր քաղաքացիներին,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքուցը:- 2013-ին Տիգրան Առաքելյանի ազատվելուց կարճ ժամանակ անց ունեցանք ևս 14 քաղբանտարկյալ: Սա է իրավիճակը, երբ միակ միջոցը կամ քաղաքացիական անհնազանդությունն է կամ փախուստը արտագաղթի տեսքով»:
Սաքունցը ստեղծված իրավիճակի պատասխանատու է համարում բոլոր քաղաքական ուժերին` բացառությամբ մի քանի փոքր քաղաքական ուժերի. «Մարդկանց մղում են հուսալքության, իրավական դաշտից մղում են վրեժխնդրության դաշտ»:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադևոսյանն ասում է, որ ողջ տարվա ընթացքում ընդամենը 210 դիմում-բողոք են ստացել, ընդունելության է եկել 27 անձ: Թադևոսյանի խոսքով` ԱԺ հանձնաժողովը լծակներ չունի արդյունավետ գործելու համար: Ըստ նրա` ԱԺ են դիմում քաղաքացիները, որոնք հուսահատության են հասել արդարություն փնտրելիս և ստիպված դիմում են ԱԺ նախագահին, վարչապետին, երկրի նախագահին:
Անդրադարձ կատարվեց նաև ՄԻՊ զեկույցին: Ավետիք Իշխանյանի կարծիքով` ՄԻՊ զեկույցը համարձակ էր. «Օրենքով ՄԻՊ-ին որևէ ձևով աշխատանքից հեռացնել չեն կարող: Բայց Հայաստանում կարող է գործել ահաբեկման, կոմպրոմատների մեխանիզմը: Եթե դա լինի, կիմանանք, որ միակ անկախ կառույցն էլ ոչնչացվեց»:
Խոսելով տարվա ձեռքբերումների մասին` Իշխանյանն ասում է, որ ամեն դրական բան ժամանակավոր կլինի, քանի դեռ իշխանությունների իրական տարանջատում չկա և դատարաններն էլ անկախ չեն:
Որպես օրինակ` նշում է «Հավաքների ազատության մասին » 2011-ին ընդունված օրենքը, որը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին: Սակայն, ըստ Իշխանյանի, լավ օրենքը զրոյացվեց քաղաքական կամքի բացակայության պատճառով, քանի որ բոլոր խաղաղ հավաքների ժամանակ բռնություններ են տեղի ունեցել:
