«ՀՀ կրթական համակարգի համար անկախության ձեռքբերման առաջին իսկ տարվանից ոչ մի տարի հեշտ չի եղել, ամեն տարին ունեցել է իր դժվարությունները, 2013-ը բացառություն չէ, մյուս կողմից սա այն տարին է, որով հուսով ենք` ավարտվեց հետճգնաժամային դժվար տարիների շարքը, և 2014-ը կարող ենք ակնկալել, որ կլինի կրթության ոլորտում առավել ինտենսիվ գործողությունների և վերականգնման տարի»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:
Արմեն Աշոտյանն առանձնացրեց 2013-ի առավել կարևոր հինգ ձեռքբերումները կրթության ոլորտում` մշակվել և արդեն կյանքի է կոչվում ուսանողների սոցիալական պաշտպանության նոր ծրագիրը, միջազգայնացման շրջանակներում իրականացվող աշխատանքները, որի շնորհիվ, օրինակ, Հայաստանի կրթությունը առավել ինտեգրված ու սերտ է դարձել միջազգային գիտակրթական հանրույթին, երրորդ` սկիզբ է դրվել բուհական ենթակառուցվածքների արդիականացմանը և զարգացմանը, չորրորդ` ստեղծվել կամ վերագործարկվել են 73 նախակրթարաններ, որտեղ 1800 երեխաներ կհաճախեն և հինգերորդ` Հայաստանը, լինելով Եվոպական բարձրագույն կրթական տարածքի քարտուղար երկիր, կարողացել է «փայլուն իրականացրել իր վրա դրված պարտավորությունները»:
Աշոտյանի խոսքով` ընթացիկ տարում հաստատվել ու կյանքի է կոչվել դպրոցների վարկանշավորման համակարգը, իրականացվել է նաև բուհերի վարկանշավորում, երկուսի արդյունքներն էլ կհրապարակվեն 2014-ի հունվարին:
Այս տարի ավարտվել է նաև դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրման ծրագիրը, այժմ այն դասավանդվում է 2-4-րդ դասարաններում:
Հայաստանյան 1350 դպրոցներից 1150-ն ունեն ուսումնական զենք, 22 հազար աշակերտ մասնակցել է ռազմադաշտային պարապմունքների: Ըստ նախարարի` հաջորդ տարի կփորձեն ուսումնական զենքով ապահովել բոլոր դպրոցներին:
Իսկ Երևանի թիվ 119 դպրոցում բացվել է խորացված ֆրանսերենով ուսուցմամբ դասարան, որը դառնալու է հայաստանում առաջին ֆրանսիական լիցեյի նախատիպը:
Աշոտյանը արդյունավետ է համարում տարին նաև միջազգային աշակերտական օլիմպիադաներին մասնակցության առումով. Հայաստանը վաստակել է 15 մեդալ (անկախությունից ի վեր սա երկրորդ լավագույն ցուցանիշն է, լավագույն արդյունքը եղել է 2012-ին, երբ հայ աշակերտները 16 մեդալ էին նվաճել):
Այս տարի առաջին անգամ ներդրվել է մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը: Ըստ այդմ` բոլոր բուհերը նախապես ֆիքսված չափորոշիչներով պիտի միասնական տեղեկատվական համակարգում մուտքագրեն իրենց գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն: Աշոտյանն ասում է, որ մի շարք մասնավոր բուհեր հրաժարվել են տրամադրել տեղեկատվություն: «Մյուս տարի այն բուհերին, որոնք կհրաժարվեն տեղեկատվական համակարգին տեղեկություններ տրամադրել, կզրկենք լիցենզիայից: Եթե բուհը թաքցնելու բան ունի, ուրեմն իրավունք ունենք կասկածել ընթացքող կրթական գործընթացներին և զրկել լիցենզիայից»,- ասում է ԿԳ նախարարը:
Խոսելով ձախողումների մասն` Աշոտյանն ասում է, որ ոչ մի պետական ծրագիր կրթության ոլորտում չի ձախողվել, բայց իրականացման տեմպը և խորությունը միշտ չէ, որ բավարարում են: Ասում է, որ կրթական նախաձեռնությունները դժվար են կյանքի կոչվում, քանի որ խնդիրներ կան կրթական բարեփոխումների հանրային ընկալման, նաև ոլորտի աշխատակիցների երբեմն իներցիոն դիմադրության առումով:
Tags: Արմեն Աշոտյան, կրթություն