Երևանը հարստացավ ևս մեկ մշակութային օջախով: Այն առաջիկայում հաճելի վայր կդառնա մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Այսուհետև Սպենդիարյան 5 հասցեում գտնվող «Ոսկե դար» պատկերասրահի այցելուները հնարավորություն կունենան հետևելու քանդակի, գեղանկարչական և գրաֆիկական գործերի, հնաոճ իրերի ցուցահանդեսների, աննախադեպ ցուցադրությունների, արվեստի տարբեր նախագծերի: 2014-ի մարտին նախատեսվում է կազմակերպել կենդանի աճուրդ և վաճառք:
«ԱԱ աուկցիոն»-ը (տնօրեն` Աննա Գրիգորյան), որը հայտնի է մի շարք նորարարական քայլերով և փորձում է աշխուժացնել մշակութային միջավայրը, հետաքրությունը մեծացնել ժամանակակից արվեստի, անցյալ դարի հայ կերպարվեստի ներկայացուցիչների թողած ժառանգության նկատմամբ, նաև` դրանց կոմերցիայի, վաճառքի համար նոր հեռանակարներ ստեղծել:
Ճաշակով ցուցասրահներ են ձևավորվել, ներկայացվում են արվեստի բարձրաժեք գործեր, հնարավորություն է ստեղծվել հիանալու, նաև մտածել դրանք գնելու, սեփական հավաքածուները հարստացնելու համար:
«ԱԱ աուկցիոնը» և www.hi-artonline.com նախագիծը հարթակ են հիմնել և հավակնում են կերպարվեստի նոր միջավայր Հայաստանում ձևավորելու:
Նոր կենտրոնի բացմանը ներկա էին արվեստագետներ, գեղարվեստի սիրահարներ, լրագրողներ:
Հաճելիորեն զարմացրեց այն ցուցաբաժինը, որում ներկայացված են հայ գեղանկարչության խոշոր դեմքերից մեկի` Եղիշե Թադևոսյանի գեղանկարչական, գրաֆիկական գործերը, էսքիզները: Ի դեպ, նաև նրա կյանքի մասին պատմող արխիվային նյութերի ուշագրավ ցուցափեղկեր են պատրաստվել: Այդ ամենը Վահագն Գրիգորյանի մասնավոր հավաքածուից է: «Գեղանկարչության մեծ սիրահար եմ, ունեմ հավաքածուներ: Եղիշե Թադեևոսյանի գործերը հավաքում եմ արդեն չորս տասնամյակ: Դա ինձ համար անբացատրելի հետաքրքրություն է, զբաղմունք, և առաջին անգամ է, որ հավաքածուի 8 տասնյակից ավելի աշխատանքներ ցուցադրվում են մեկտեղ: Նոր կենտրոնը հիանալի պայմաններ է ստեղծում, որպեսզի բարձրարժեք գործերը ներկայացվեն»,-ասաց Գրիգորյանը:
Սակայն անակնկալները դրանով չեն ավարտվում: Ցուցադրված են նաև եվրոպական սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկի`Լևոն Թութունջյանի գեղանկարները: Նա հայտնի է որպես ցեղասպանության թեման սյուրռեալիզմի ոճով ներկայացրած առաջին գեղանկարիչը: Եվ ահա, հավաքածուներ կազմող, արվեստի գործերի գնահատող և սիրահար Սարգիս Գրիգորյանի ջանքերով, մանկության տարիներին ցեղասպանության սարսափը տեսած և հետագայում այն արտացոլած Թութունջյանի բացառիկ ստեղծագործությունները Հայաստանում են և անմիջականորեն տեսնելու հնարավորություն է տրվել: Անկասկած, սա կարևոր իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում:
Նույն ցուցասրահում ներկայացված են Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի և հայտնի այլ գեղնկարիչների գլուխգործոցները:
Ցուցադրվում են նաև ժամանակակից վերացական արվեստի ներկայացուցիչներ Աշոտ Հարությունյանի, Գարիկ Կարապետյանի, Խաչատուր Մարտիրոսյանի նկարչական աշխատանքները:
Ամանորի և Սուրբ ծննդի տոների շեմին բացված ցուցահանդեսը նախատոնական լավ նվեր է արվեստի սիրահարների համար: Բացառիկ աշխատանքները կցուցադրվեն նաև հունվարին, փետրվարին: Դեռ ժամանակ կա և դրանք տեսնելու առիթը չպետք է բաց թողնել:
Tags: Եղիշե Թադևոսյան, Լևոն Թութունջյան, մշակույթ
