Վերջին տարիներին հայ-թուրքական հարաբերություններում դրական առաջընթաց չի նկատվում, երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, այդուհանդերձ, հասարակական ոլորտում կարելի է որոշ տեղաշարժեր արձանագրել:
Մի շարք համատեղ ծրագրերի իրականացումն ու հասարակական նախաձեռնությունները հանգեցրին նրան, որ հայ և թուրք ուսանողներն այլևս չեն խուսափում հարևան երկիր գնալուց և այնտեղ սովորելուց: Այդ եզակի ուսանողներից մեկն էլ 28-ամյա Մուրադ Այդեմիրն է: Նա ծնվել է Տրապիզոնում, քաղծառայողի ընտանիքում: 2005 թ. ընդունվել է Անկարայի Բիլքենթ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Մասնակցել է ՆԱՏՕ-ի ահաբեկչության դեմ պայքարի կատարելագործման կենտրոնի կազմակերպած որոշ դասընթացների: Արդեն մեկ տարի է, ինչ սովորում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մագիստրատուրայում: «Անկախի» լրագրողը հանդիպել և զրուցել է Մուրադի հետ: Նա հայտնել է հայերի և Հայաստանի վերաբերյալ իր տպավորությունները, պատմել հայ ընկերների մասին, ինչպես նաև` մտքեր հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հասարակական դիվանագիտության կարևորության շուրջ:
- Ինչո՞ւ և ինչպես որոշեցիք գալ ու սովորել Հայաստանում:
- Բակալավրիատում սովորելու տարիներին տարածաշրջանային անվտանգության և կոնֆլիկտների լուծման դասընթացները, ինչպես նաև անձնական հետաքրքրությունն ինձ մղեցին այս որոշմանը: Կովկասյան տարածաշրջանը Թուրքիայի համար շատ կարևոր է, և այստեղ ծագած ցանկացած խնդիր լրջորեն անդրադառնում է նաև Թուրքիայի վրա: Այդ պատճառով որոշեցի ուսումս շարունակել տարածաշրջանային որևէ երկրում: Ինչու ընտրեցի Հայաստանը հարցին այսպես կպատասխանեմ. բացի այն հանգամանքից, որ Հայաստանը տարածաշրջանում կարևոր դեր ունի, ինձ առաջնորդեց ավելի զգացմունքային մի գործոն: Հայ ժողովուրդն այս տարածաշրջանի հնագույն ազգերից է, և ես ցանկացա նրան ավելի մոտիկից ճանաչել: Ցավոք, մեր երկրում Հայաստանով զբաղվող փոքրաթիվ մասնագետներ կան, և այս ոլորտում առաջատար լինելու համար նախընտրեցի անմիջապես տարածաշրջանում գտնվել:
- Ձեր ընտանիքն ու ընկերներն ինչպե՞ս ընդունեցին այս որոշումը:
- Բնականաբար, ընտանիքս շատ զարմացավ, սակայն բացասաբար չարձագանքեց իմ այս որոշմանը: Մայրս փոքր-ինչ անհանգստանում էր, քանի որ մի երկիր էի մեկնելու, որտեղ ոչ մի ծանոթ չունեի և հայերեն մի բառ անգամ չգիտեի: Ընկերներիս արձագանքը տարբեր էր: Մի մասն ասում էր, թե չարժե որ գնամ, որ արկածներ եմ փնտրում, և հնարավոր է` մեծ խնդիրների հետ բախվեմ: Ոմանք նույնիսկ վախենում էին, որ այստեղ գտնվելու ընթացքում հայերն ինձ կձուլեն: Իհարկե, իմ որոշումը խրախուսող ընկերներ էլ ունեմ: Մենք համակարծիք ենք այն հարցի շուրջ, որ իմ այս քայլը հետագայում կարող է օրինակ ծառայել ինձ նման մտածող ընկերներիս համար: Սա գիտակցելն ու զգալն իսկապես շատ հաճելի է:
- Մինչ Հայաստան գալը ի՞նչ գիտեիք մեր երկրի մասին: Արդյոք ունեի՞ք որոշ մտավախություններ:
- Երկրի մասին աշխարհագրական ընդհանուր տեղեկություններ գիտեի, ծանոթ էի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Սակայն երբ այստեղ եկա, հասկացա, որ այս ամենը ոչինչ չի նշանակում, քանի որ մարդկանց մասին գաղափար չունեի: Մարդկանց հետ մտերմանալու համար պետք է մշակույթին ծանոթ լինել, այսինքն` իմանալ հայերի մտածելակերպը, կենսակերպը, ավանդույթներն ու սովորույթները: Այս ամենի մասին ես ոչինչ չգիտեի:
Անկեղծ ասած, սկզբնական շրջանում որոշ մտավախություններ ունեի: Վախենում էի, որ անգիտակցաբար կարող եմ նեղացնել մարդկանց կամ ինքս նեղվել որոշ բաներից: Սակայն կարծում եմ, որ այս շրջանը հաջողությամբ հաղթահարեցի:
- Ինչպե՞ս ընդունվեցիք համալսարան, նոր միջավայրին հե՞շտ հարմարվեցիք:
- Սկզբում եկա Երևան, հայտ ներկայացրեցի համալսարան, դիմում գրեցի կրթության նախարարությանը, շրջեցի քաղաքում և վերադարձա Թուրքիա: Ինձ ասացին, որ համալսարանից զանգի սպասեմ: Սակայն գրեթե հույս չունեի, քանի որ հարցազրույցս շատ լավ չէր անցել: Անցավ մոտ 20 օր, և արդեն բանակ գնալուս ժամանակն էր հասել, երբ զանգ ստացա և իմացա, որ ընդունվել եմ:
Սկզբում նոր միջավայրին մի քիչ դժվար էր հարմարվել, հայերեն ընդհանրապես չգիտեի և սկզբնական շրջանում փորձում էի ռուսերենով իմ հարցերը լուծել: Եղել են դեպքեր, երբ չեմ կարողացել ասել, թե որ կանգառում պետք է իջնեմ և շատ հեռու մի տեղում եմ իջել երթուղայինից: Ոչ ոք պարտավոր չէ սիրել դիմացինին, սակայն հայերը շատ ջերմ վերաբերմունք ցուցաբերեցին իմ նկատմամբ, և այստեղ այնպիսի ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետ ամբողջ կյանքում շփվելու եմ: Հատկապես երախտապարտ եմ ինձ աջակցող մարդկանց՝ հյուրանոցի աշխատակցուհի Մարիաննային, որ Հայաստան գալուս առաջին օրն ինձ ատամնաբույժի մոտ տարավ, ինձ հայերեն սովորեցնող դասախոսներին, հանրակացարանի` եղբոր նման ինձ հարազատ դարձած աշխատակիցներին, իմ ընկերներին և ինձ իրենց հարազատ զավակի նման սիրող ընկերներիս ընտանիքներին: Հիմա մտածում եմ, թե ինչպես 7 տարի Անկարայում չկարողացա հարմարվել, իսկ այստեղ մեկ տարում ինձ երևանցի եմ զգում, շատ հետաքրքիր մի զգացողություն է:
- Որևէ խնդիր ունեցե՞լ եք այն պատճառով, որ թուրք եք:
- Քաղաքացիությանս համար ոչ մի խնդիր չեմ ունեցել: Իհարկե, եղել են հարցեր, որոնց շուրջ ընկերներիս հետ տարաձայնություններ եմ ունեցել, սակայն դա ոչ մի կապ չունի իմ թուրք լինելու հետ: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ եմ գնացել, սակայն նույնիսկ հայ ժողովրդի համար այդ կարևոր օրերին իմ նկատմամբ բացասական վերաբերմունք չի եղել: Ես այստեղ ինձ շատ հանգիստ եմ զգում, փողոցում զբոսնելիս նունիսկ անձնագիրս ինձ հետ չեմ վերցնում: Ուզում եմ նշել, որ եթե իմ հայ եղբայրներից որևէ մեկը Թուրքիա գա` ես ամեն կերպ պատրաստ եմ նրանց օգնել:
-Նշեցիք, որ շատ հայ ընկերներ ունեք, կպատմե՞ք նրանց մասին: Ինչպե՞ս է անցնում Ձեր ժամանակը համալսարանում և դրանից դուրս:
- Այո, ես շատ հայ ընկերներ ունեմ և՛ հանրակացարանում, որտեղ ապրում եմ, և՛ առօրյա կյանքում: Երբ նոր էինք ծանոթանում, բոլորը զարմանում էին, նույնիսկ կեսկատակ ասում էին, թե ես լրտես եմ: Հավանաբար, նրանց վրա տպավորություն էր գործել այն, որ մեր մշակույթներն այդքան նման են իրար: Այստեղի հայերից շատերի արմատները տանում են դեպի Թուրքիա: Ոմանց պապերը Էրզրումից են, մյուսների տատերը՝ Վանից: Շատ հաճելի է լսել ընկերներիս հուշերն իրենց նախնիների մասին, մտերմանալ նրանց հետ: Սկզբում լեզվական խնդիրներ ունեի, սակայն հիմա ոչ ոք չի հավատում, որ ես թուրք եմ: Ընկերներիցս ոմանք, եթե նույնիսկ թուրքերին չեն սիրում, իմ ներկայությամբ իրենց կարծիքը չեն արտահայտում: Այն հանգամանքը, որ մարդկանց աչքին ես «լավ թուրք» եմ, իսկ մյուս հայրենակիցներս՝ թշնամի, ես կապում եմ նրա հետ, որ մեր երկու երկրների միջև բավարար հարաբերություններ չկան: Սա վերաբերում է նաև Թուրքիայի իմ ընկերներին:
Իսկ այժմ ես մի տեսակ նեղվում եմ, եթե Սասունի և Սլավիկի հետ թեյ չենք խմում, քաղաքական հարցերի շուրջ հաճախակի բանավեճի չենք բռնվում: Օրվա առաջին ժամերն անցկացնում եմ իմ աղավնիների հետ, որոնց բերել եմ Թուրքիայից: Եթե շուտ եմ արթնանում, սովորաբար գնում եմ Կասկադ և նայում Արարատին: Բառարանի օգնությամբ փորձում եմ հետևել ամենօրյա հայկական մամուլին, մոտ ժամանակներս կսկսեմ կարդալ հայոց պատմությունը: Սա ինձ համար շատ կարևոր է, քանի որ կարդալով այն բաները, որ չգիտեմ, և այն գրքերը, որոնք չկան Թուրքիայում, կարողանում եմ ինքնակրթվել և անձնապես զարգանալ: Բացի այդ, փորձում եմ բարելավել հայերենի իմացությունս: Ուրբաթ և շաբաթ օրերը սովորաբար հանրակացարանում չեմ մնում: Երեկոները դրսում եմ անցկացնում կա՛մ մտերիմներիս ընկերակցությամբ, կա՛մ էլ մենակ:
- Այսօրվա Հայաստանն ինչքանո՞վ է նման Թուրքիային:
- Այսօրվա Հայաստանն ինչ-որ առումով նման է այն ժամանակների Թուրքիային, երբ ես ավագ դպրոցում էի սովորում: Կարծում եմ, որ գլոբալիզացիայի պայմաններում Հայաստանը պետք է հետևողական լինի իր արժեքների պահպանության հարցում: Թուրքիայի մեծ քաղաքներում այս արժեքները ժամանակի հետ կորել են: Երկու երկրների միջև եղած մշակութային նմանությունները ես համեմատում եմ Արարատի հետ, քանզի նրան որ կողմից էլ նայենք, միևնույն է, նույն տեղին ենք նայում: Մտաբերածս առաջին նմանություններն են հյուրասիրությունը, դիմացինին օգնելու պատրաստակամությունը, խնջույքներն ու տոնախմբությունները, լեզվամտածողությունը, մեր թուրքական սուրճի պես հայկական սուրճի առկայությունը:
- Երբ մեկնում եք Թուրքիա, ի՞նչ եք պատմում հայերի և Հայաստանի մասին:
- Երևանն ինձ համար հրաշալի մի քաղաք է, և իմ մտերիմ շրջապատն այդ մասին գիտի: Հրապարակի ճարտարապետությունը, կանոնակարգված պողոտաները, քիչ խցանված երթևեկությունը, Արարատի՝ նմանը չունեցող տեսքը, տոլմայի` թուրքականից ոչ պակաս համը այս քաղաքի յուրահատկություններից միայն մի քանիսն են: Ես այնքան եմ պատմել ձեր հյուընկալության մասին, որ ընտանիքս բարկանում է, թե ինչու իմ հայ ընկերներին հետս Թուրքիա չեմ տանում:
- Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է խանգարում մեր երկու ժողովուրդներին խաղաղ ապրելու համար:
- Ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում մեր երկու երկրների երկարատև և խաղաղ համակեցության համար: Եթե այսօրվա վիճակին նայենք, ապա գոյություն ունեցող արգելքը երկու պատճառ ունի: Առաջինը անհատական մակարդակում առկա նախապաշարմունքներն են, իսկ երկրորդը քաղաքական կամքի պակասությունն է: Այս երկու հանգամանքներն իրար հետ ուղղակիորեն կապված են և մեկ օրում լուծվող հարցեր չեն, սակայն պատմության մեջ ոչ մի պատերազմ կամ քաղաքական պայքար, ի վերջո, առանց լուծման չի մնացել: Այս հարցում քաղաքական գործիչները շատ գործ ունեն անելու, քանզի այն հնարավոր է լուծել ուժեղ տեսլականի և քաղաքական կամքի դռսևորման միջոցով: Չեմ կարծում, որ այս հարցում երրորդ մի դերակատարը մեզ կարող է հասկանալ այնպես, ինչպես մենք: Եթե պետական այրերն այս համարձակ քայլը կատարեն կամ իրենց ձեռնարկած քայլերի իրականացման համար անհրաժեշտ հմտություն դրսևորեն, ապա դա օրինակ կդառնա մարդկանց համար, կոգևորի նրանց՝ այդպիսով դուռ բացելով երկխոսության համար:
- Դուք Հայաստանում սովորող եզակի թուրք ուսանողներից մեկն եք: Ձեր կարծիքով` ուսանողական նման փոխանակումները կարո՞ղ են նպաստել հասարակական մակարդակում կարծրատիպերի վերացմանը:
- Այս պահին Հայաստանում ուսանող միակ թուրքը ես եմ, սակայն մի քանի տարի առաջ ընկերս էր Երևանում սովորում: Իհարկե, հարևան երկրում սովորելու հնարավորությունը նպաստում է այս գործընթացներին, քանի որ այսօրվա ուսանողները վաղը , եթե ոչ որոշում կայացնողներ, ապա գոնե գիտակից քաղաքացիներ կդառնան: Եթե ընդունենք, որ գիտությունն ու գաղափարն այս դարում ամենաուժեղ զենքերն են, ապա կարծում եմ, որ սրանք էական նշանակություն կունենան հասարակական ընկալման ձևավորման գործում: Եթե թուրք ուսանողը Հայաստանի վերաբերյալ գիտական աշխատանքներ է գրում, ապա ինչքան էլ օգտվի թուրքական աղբյուրներից, միևնույն է, չի կարող չանդրադառնալ արևմտյան և ռուսական աղբյուրներին: Ես թուրք ուսանողի օրինակը բերեցի, սակայն սա վերաբերում է նաև Հայաստանում սովորող թուրքագետ ուսանողներին և անվանի դասախոսներին, որոնք իրենց աշխատանքներում օգտվում են թուրքական գրականությունից: Այս առումով ուսանողական փոխանակումները հնարավորություն են ստեղծում ուղղակիորեն առնչվելու անհրաժեշտ տեղեկատվությանը: Օրինակ, եթե թուրքագետ ուսանողները հնարավորություն ունենան որոշ ժամանակ կրթություն ստանալու Թուրքիայում, ապա դրանից միայն կշահեն: Ես այս օրինակը բերեցի որպես հասարակական գիտությամբ զբաղվող մարդ, սակայն կարծում եմ, որ բնագիտության ասպարեզում ևս երկու կողմերն իրարից շատ բան ունեն սովորելու: Ուսանողական փոխանակումները դրականորեն կազդեն հատկապես հասարակական դիվանագիտության վրա, որն ամենից շատ է զգում երկու երկրների հարաբերությունների պակասությունը: Կարծում եմ, դա մի լավ սկիզբ կդառնա դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար:
Հարցազրույցը` Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Tags: թուրքիա