Հանրային խորհուրդը վերահաստատեց իր դիրքորոշումը. «Զվարթնոց»-ի կլոր շենքը չպետք է քանդել

IMG_2295Այսօր Հանրային խորհրդում կրկին թեժ քննարկում էր «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցի վերաբերյալ: ՀԽ չորս ենթահանձնաժողովներ (Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման) Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանի վարած համատեղ նիստում վերահաստատեցին խորհրդի դիրքորոշումը, այն է` պահպանել կառույցը և միջոցներ գտնել այն վերագործարկելու:

Շենքը քանդելու դեմ հանդես եկան նիստին մասնակից մի շարք ճարտարապետներ, արվեստաբաններ, մտավորականներ: Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նիստին եկել էր ուղերձով` ուղղված ՀՀ նախագահին ու վարչապետին և հայրենանվեր ողջ հանրությանը: Ուղերձում մասնավորապես ասված էր, որ ՀՀ մտավորականության ներկայացուցիչները խորապես վրդովված են քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից կառավարությանն ուղղված դիմումից, որը, ի հեճուկս Հանրային խորհրդում տեղի ունեցած բազում քննարկումների և մերժումների` ամեն գնով ձգտում է ձեռք բերել «Զվարթնոցի» կլոր շենքը քանդելու թույլտվություն:

«Առաջարկում և պահանջում ենք` մերժել շենքի քանդման թույլտվություն ստանալու վերաբերյալ քաղավիացիահյի գլխավոր վարչության կողմից կառավարությանն ուղղված դիմումը` որակելով այն որպես հակամշակութային և հակաազգային քայլ: Ճարտարապետական արժեք հանդիսացող, սակայն կոնցեսիոների կողմից վթարային ու անպիտան ճանաչված կլոր մասնաշենքը որպես լքյալ կառույց սահմանված կարգով օտարել` բաց աճուրդի կազմակերպմամբ` պայմանով, որ գնորդը կառույցն ամրացնի, վերանորոգի և օգտագործի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման բոլոր օրենքներին համապատասխան»,-հայտարարեց ճարտարապետը:

Սաշուր Քալաշյանը նաև դիմեց  ազգային մշակույթի հանդեպ սրտացավ  ողջ հանրության այս պահից սկսած զգոնություն ցուցաբերել և  Ծածկած շուկայի դառը փորձից զերծ մնալու համար հսկողության ռեժիմ սահմանել  «Զվարթնոցի» կլոր շենքի նկատմամբ ապօրինի ոտնձգությունները կանխելու և նրա անձեռնմխելիությունը ապահովելու համար:

Արվեստաբան Ռուբեն Արևշատյանն անդրադարձավ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի` Արտյոմ Մովսեսյանի կողմից ՀԽ քննարկումներից մեկի ժամանակ հնչեցրած որոշ տեսակետներին` դրանց մի մասը որակելով աղավաղումներ: Ըստ Արևշատյանի` անցյալ տարի տեղի է ունեցել Վիեննական 15-րդ կոնգրեսը, որը նվիրված է եղել խորհրդային մոդեռնիզմին, և ներկայացվել է  տասը տարվա ուսումնասիրության արդյունքում ի մի բերված մեծածավալ ցուցահանդես: Արվեստաբանի ձեռքի տակ էր նաև կոնգերեսի գիրք-կատալոգը, որտեղ ներկայացված էին նախկին խորհրդային  հանրապետություններում 1955-1991 թթ. ընթացքում ստեղծված  ուշ, արդի կամ մոդեռնիստական ճարտարապետության նշանակալի կառույցներ:  Կատալոգը գլխավորում էր Գևորգ Քոչարի կողմից 1965 թվականին Սևանում ստեղծված ճաշարանի մասնաշենքը, հետո գալիս էր գեոդեզիայի ինստիտուտի ճակատը, Ամառային թատրոնը, Երիտասարդական պալատը, որն արդեն չկա, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքն ու այլ կառույցներ: Ի դեպ, ցուցահանդեսում ներառված կառույցների գերակշիռ մասը Հայաստանից է եղել` 30-ից ավելի կառույց:

Ռուբեն Արևշատյանը զարմացած է Արտյոմ Մովսեսյանի այն մտքից, թե իրենք համացանցից փորձել են տեղեկությունենր հավաքել` արդյոք «Զվարթնոց» օդանավակայանը  եղե՞լ է սովետական մոդեռնիզմի նշանակալի կառույց, թե ոչ և նման տեղեկություն չեն գտել. «Հետաքրքիր է, փաստորեն «գուգըլ» մտնելով` կարելի է դառնալ նաև ավիաակոնստրուկտոր կամ օդաչու»,-հեգնեց արվեստաբանը:

Ինչ վերաբերում է Վիեննայի կոնգրեսին, ապա արվեստաբանի կարծիքով` այդ հարցում նույնպես Մովսեսյանը շատ կոպիտ սխալ է թույլ տվել. «Ասեց, որ Վիեննայի կոնգրեսը հատուկ բանաձև է ընդունել միայն Երևանի մարզահամերգային համալիրի պահպանման վերաբերյալ»:

Արևշատյանը ընթերցեց Վիեննայի կոնգրեսի ժամանակ հետխորհրդային երկրների կառավարություններին, մշակութային և հասարակական կազմակերպություններին ուղղված կոչը` խորհրդային ժամանակաշրջանի կառույցները մշակութային արժեք ճանաչելու և դրանք պահպանելու վերաբերյալ:

Արվեստաբանը միջազգայնորեն ճանաչված կառույցը քանդելու մտադրությունը վանդալիզմ որակեց:

Ի դեպ, նա նշեց, որ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած մշակութային մի կոնֆերանսի ժամանակ իր կողմից այս խնդրի մասին բարձրաձայնվել է, և կոլեգաներն առաջարկ են ներկայացրել.  քանի որ կառույցը սիրված ու ճանաչված է, հայտարարել միջազգային մրցույթ, որպեսզի այլ երկրների ճարտարապետներն էլ հնարավորություն ունենան հանդես գալու նախաձեռնություններով:

ՀԽ նիստին ներկա էր նաև «Զվարթնոց»-ի կլոր շենքի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Նա տեղեկացրեց, որ պատրաստվումն է բաց նամակ հղել նաև Սփյուռքին, որպեսզի արտերկրում ապրող մեր հայրենակիցները նույնպես իրենց դիրքորոշումը հայտնեն այս երևույթի նկատմամբ: Նա նշեց, որ բազմաթիվ են օրինակները, երբ հանդես գալով Սփյուռքի անունից` որպես մեծ «բարերարներ», ներդրողներ են գալիս Հայաստան և, արհամարհելով մեր ժողովրդին, մեր պատմամշակութային արժեքները, փորձում են քանդել ու վերացնել դրանք. «Պետք է Սփյուռքի առջև բարձրացնել այն հարցը, թե ի՞նչ խնդիրներ է լուծում պարոն Էռնեկյանը քանդելով այս շենքը»,-ասաց նա:

Ճարտարապետների միության նախագահի կարծիքով` այս ամենում մեղավոր է կառավարությունը, որը սեփականության կամ վարձակալության տրվող իր գուքի նկատմամբ իրեն իրավազուրկ է դարձնում: «Մենք կորցրեցինք Ծածկած շուկան, և հիմա որքան էլ որ այն փայլփլի, մի´ խաբվեք, դա սովորական խանութ է, արժեքավոր այն շուկան այլևս չկա»:

big_c231e3523ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն էլ  ընդգծեց, որ այս ամենը մեծ շղթային փոքրիկ մի հատված է, և այս ամենը ամեն ինչ կապիտալին ծառայեցնելու գլոբալիզացիայի գխավոր նպատակն է: Նա կոչ արեց միավորվել և պայքարել ազգային արժեքները պահպանելու համար:

Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները: Հանրային խորհուրդը հարցը քննարկելով համապատասխան ենթահանձնաժողովներում, այնուհետև կազմակերպելով շահնագրգիռ քննարկումներ նաև կառավարության, քաղավիացիանի գխավոր վարչությանն և «օդանավակայանի տնօրինության հետ, նոյեմբերի 11-ի լիագումար նիստում որոշել էր` դիմել կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հոշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 18-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ, որի ընթացքում դրական եզրակացություն է տրվել կոնցեսիոների կողմից ներկայացրած մաստեր պլանին, որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը և իր եզրակացությունն ուղարկել ՀՀ կառավարություն:

Եթե կառավարության կողմից էլ մաստեր պլանը հաստատվի, ապա կառույցի քանդումն անխուսափելի է: