Ինչպե՞ս ճիշտ դիմավորել ամանորը. Մի քանի խորհուրդ տնային տնտեսուհիներին

սեղանԱմանորն ու Սուրբ ծնունդն այն տոներն են,  որոնց աշխարհի բոլոր ժողովուրդները մեծ կարևորություն են տալիս և առանձնակի խանդավառությամբ սպասում: Ամանորն ընտանեկան տոն է, և ելնելով մեր ազգային առանձնահատկություններից` գրեթե բոլորս  ձգտում ենք ամանորը տանը դիմավորել, գավաթները՝ շամպայնով պատրաստ: Սա ավանդույթ է, որին հետևում է հայ քրիստոնյա ցանկացած ընտանիք:

Սակայն 2014-ին՝ Ձիուն տարում, աստղագետները խորհուրդ են տալիս փոփոխություն մտցնել ավանդական կենսակերպում և Ամանորը դիմավորել մերձավորների, ընկերների և հարազատների հետ որևէ ուրախ միջավայրում: Ինչ վերաբերում է ամանորյա նախապատրաստություններին, ապա դրանք եղել և մնում են տնային տնտեսուհիների առաջնահերթ հոգսը: Միաժամանակ դժվար է այդ ամենը գերազանց իրականացնել, և միշտ ինչ-որ բան մեզ չի գոհացնում: Պետք է կողմնորոշվել և ամեն ինչ իր տեղը գցել:

 Անտառային գեղեցկուհուն տվեք նոր հանդերձանք

Սովորաբար Ամանորի նախապատրաստման կարևորագույն  տարրերից է  եղևնու զարդարումը, որին երևի քիչ ենք ուշադրություն դարձնում: Փոխարենը՝ նախապես պլանավորում ենք գնումների ցանկը, տոնական սեղանը նոր ոճով զարդարելու կամ տան ինետերիերը փոփոխելու համար նորամուծություներ մշակում: Սովորաբար այդ ամենն արվում է նրա համար, որ յուրաքանչյուր ընտանիքում Ամանորն իսկապես տոն դառնա և ամբողջ տարին նույն կերպ ընթանա: Նշենք, որ տոնածառը սոցիալական տեսանկյունից ամենաքիչ ծախսեր պահանջող  ամանորյա խորհդանիշն է, որը, անկախ սոցիալական վիճակից, դրվում է գրեթե բոլորի ընտանիքներում: Ասում են` կարևորը դրա առկայությունն է, եթե նույնիսկ այն զերծ լինի առանձնակի զարդարանքից:

Սակայն որոշ ասեկոսեների համաձայն` շատ կարևոր է, որ տոնական եղևնին ունենա համապատասխան զարդարանք և խորհրդանշի տվյալ տարվա կենդանակերպին բնորոշ տարրեր: Ավելի հեշտ բան չկա, քան ըստ ճաշակի ձեռքի տակ ընկած խաղալիքներով տոնածառը զարդարելը կամ զանազան լույսերով այն պճնելը: Գուցե զարդարանքի այս տեսակը զվարճալի և գոհացուցիչ լինի միայն այն պարագայում, երբ տանը փոքրիկներ կան:

Արևելյան ոճաբանները խորհուրդ են տալիս դեկորատիվ զարդարանքների մեջ առավելագույնս օգտագործել երեք գույն` կանաչ, կապույտ, երկնագույն:

Եթե ցանկանում եք ունենալ նրբաճաշակ, գեղեցիկ և ճիշտ զարդարված եղևնի, ապա պետք է առաջին հերթին փորձեք հավասարաչափ պատել այն լուսային դեկորատիվ ծաղկաշղթայով: Ցանկալի է, որ տոնածառի վրա հավասարաչափ մեծության խաղալիքներ կախված լինեն: Անճաշակ է դիտվում, երբ միևնույն հարթության վրա նույնանման խաղալիքներ են: Դիզայներները սովորաբար տոնածառը սկսում են զարդարել ամենաստորին հատվածից` կախելով ամենամեծ խաղալիքները, այնուհետև միջիններն ու փոքրերը: Քանի որ 2014-ը Փայտե ձիու տարի է, ապա խորհուրդ է տրվում տոնածառը զարդարելիս անպայման հաշվի առնել այս հանգամանքը: Ցանկալի է տոնածառից կախված տեսնել նաև փայտե խաղալիքներ կամ արձանիկներ: Իդեալական կլինի, եթե անտառային գեղեցկուհու վրա լինեն նաև զանգակներ, շոկոլադներ և քաղցրավենիք գեղեցիկ կապույտ ատլասե  ժապավենով: Իսկ Փայտե ձիու խորհրդանիշը լավագույնս պահպանած կլինեք, եթե փայլուն թափանցիկ կապույտ խաղալիքներ կախված լինեն:

Աստղագետները նույնպես խորհուրդներ ունեն` կապված անտառային գեղեցկուհու ամանորյա զարդարանքի հետ: Նրանք առաջարկում են հատկապես ամանորյա գիշերը տոնածառին արհեստական ոսկե անձրևի տեսք հաղորդել,  ինչը կարելի է անել նրբաճաշակ փայլերի միջոցով: Սակայն ձին, լինելով ազնվազարմ, տանել չի կարողանում ավելորդ պճնանքը, ուստի խորհուրդ է  տրվում չչարաշահել փայլերի ավելորդ օգտագործումը: Բավական գեղեցիկ է, երբ տոնածառի տակ երկու մոմ է դրվում: Ելնելով անվտանգությունից` դիզայներները խորհուրդ են տալիս օգտվել ժամանակակից լուսային տեխնոլոգիաներից և բնականները փոխարինել մոմե լուսադիոդային պարագաներով, որոնք նույնպես գեղեցիկ են և կարող են երկար ու անվտանգ ծառայել: Ցանկալի կլինի, եթե մոմերը ևս կապույտ ժապավենով զարդարված լինեն: Տոնը քաղցրացնելու և եղևնին մի փոքր կերպարանափոխելու համար եղևնու կատարին փորձեք տեղադրել շոկոլադե աստղիկ կամ ձի: Փորձեք պահպանել ամանորյա տոնածառը գեղեցիկ զարդարելու այս ավանդույթը, ինչը ընտանիքի բոլոր անդամներին կհաղորդի դրական լիցքեր, տոնական տրամադրություն` խորհդանշելով  գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Ինչպե՞ս զարդարել տոնական սեղանը

 Շատերը հավատում են, որ Ամանորը դիմավորելիս շատ կարևոր է հաշվի առնել գալիք տարվա իշխող կենդանու «քմահաճույքները», որպեսզի տարին բարեհաջող անցնի:

Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ, թե ինչ առանձնահատկություններով է պետք ձևավորել 2014-ի տոնական սեղանը: Սովորաբար, տնային տնտեսուհիները ավելի շատ մտածում են նախատոնական զարդարանքի մասին, քան սեղանը պատրաստելու, քանի որ կարծում են, որ ավանդական ճաշատեսակները, աղանդերն ու ուտեստը ենթակա չեն փոփոխման և առանձնապես ժամանակ ու ջանքեր չեն պահանջում:

Սակայն աստղագետները համոզված են, որ ամանորին նրբաճաշակ, ճիշտ և գեղեցիկ սեղանի զարդարանքը պակաս կարևոր չէ նախատոնական մյուս պատրաստություններից, քանի որ յուրաքանչյուր կենդանակերպ պահանջում է առանձնակի մոտեցում թե՛ սեղանի դիզայնի, թե՛ սպասքի կերակուրների մատուցման տեսանկյունից:

սեղան3Տոնական սեղանը պետք է ծածկված լինի  սպիտակ սփռոցով, իսկ սպասքը ցանկալի  է` նուրբ կապտավուն երանգներով: Սպասքի ձևավորման կարևորագույն տարրերից  է անձեռոցիկների ճիշտ ընտրությունը, որը պետք է այս տարի ևս բաց երանգներով լինի: Կարելի է ընտրել նորաձև ոսկեգույն շրջանակներ անձեռոցիկների տեղադրման համար, դա այսօր բավական նորաձև է: Ցանկալի է, որ Ամանորի գիշերը սեղանի վրա դրված հացն անպայման տանտիրուհու ձեռքով պատրաստված լինի, բացի այդ, սեղանին դրված լինեն նաև քաղցրավենիք և թխվածքներ: Տաք ուտեստները ցանկալի  է պատրաստել հոտավետ խոտերով: Նշենք, որ Ձիու ամենասիրած ուտելիքներից է վարսակը, և եթե իրականում ուզում եք գոհացնել կամ առավել հաջող տարի ակնկալել, ապա վարսակից որևԷ կերակուր պատրաստեք, թեկուզ աղանդերի տեսքով, և դրեք հենց կենտրոնում, որքան էլ դրանից ավելի համեղ ուտելիքներ լինեն սեղանին: Ցանկալի կլինի, որ հատկապես այս կերակուրը զարդարել թարմ կանաչեղենով: Քանի որ ձիերը բուսակեր են, խորհուրդ է տրվում գոնե այս տարի նվազագույնի հասցնել ավանդական մսային կերակուրները և ավելի շատ նախընտրությունը տալ աղցաններին և բանջարեղենային ուտեստներին: Իսկ ալկոհոլային խմիչքներից խորհուրդ է տրվում շամպայնը: Ավանդական խոզի միսը փոխարինեք ճագարով: Որպես երկրորդ ճաշատեսակ մատուցեք ձկան տապակա: Իսկ որպես աղանդեր` դդումով կամ խնձորով որևէ կերակրատեսակ կամ թխվածք:

սեղան4Իսկ մինչ սեղանը պատրաստելը խորհուրդ է տրվում կարգի բերել բնակարանը, վերանորոգել բոլոր վնասված պարագաները, հատկապես` սանտեխնիկան: Ըստ հնագույն հավատալիքների` կան աշխատանքներ, որոնք պետք է ավարտին հասցվեն մինչ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Համարվում է, որ անսարք ծորակներից հոսող ջուրն իր հետ կարող է տանել գալիք տարվա բոլոր հաջողությունները:

Պետք է հաշվի առնել, որ առհասարակ Ձին բավական շփվող և մարդամոտ կենդանի է, ուստի խորհուրդ է տրվում տոներից առաջ շատ այցելել մարդաշատ վայրեր, ժամանցային կենտրոններ, ցուցահանդեսներ, տոնական համերգների ևն: Բացի այդ, հիշատակվում է, որ ձին կապված է ընտանիքի հետ և նախընտրում է ընտանեկան հարմարավետությունը, ուստի ցանկալի կլինի Ամանորը դիմավորել բազմամարդ միջավայրում, այսինքն՝ բացի  ընտանիքից, նաև հարազատների և ընկերների շրջապատում: Կարևոր է բոլորի հետ հավասարապես բարեկամական շփումը պահպանելը:  Տարին չպետք է սկսել կոնֆլիկտներով, որքան հնարավոր է պահպանեք հանգստություն և հավասարակշռություն:

Քանի որ Փայտե ձիու տարի է,  դիզայներները շտապում են ինտերիերին նոր շունչ հաղորդել և առաջարկում են մեզ որոշ ուշադրություն դարձնել տնային ծառերին ու ծաղիկներին: Աճեցրեք օրինակ` կիտրոնի ծառ և տան ինտերիերում ավելացրեք փայտե արձանիկներն ու հուշանվերները: Իսկ նոր տարվա սեղանին առանձին տեղ հատկացրեք տարվա հոբելյարի՝ ապակե կամ ֆոսֆորե արձանիկի համար: Շատ կարևոր է, որ ամանորը դիմավորելիս լիցքաթափվեք, դիտեք տոնական հաղորդումներ, ժամանակավորապես չմտածեք ձեզ անհանգստացնող երևույթների մասին և զերծ մնաք ավելորդ հուզականությունից:

Նվերներ. ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել դրանք ընտրելիս

վերԱմանորը մոտենալուն մեկտեղ մեզանից շատերը սկսում են մտածել, թե ինչ անակնկալներ են մատուցելու իրենց հարազատներին և մտերիմներին: Նվեր ընտրելիս չպետք է շտապել, քանի որ մեր առջև խնդիր է դրված գոհացնել ոչ միայն նրանց, այլև տարվա խորհդանիշին: Գոյություն ունեն որոշ կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել նվեր ընտրելիս: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք տարիքին, հարաբերությունների մակարդակին, մարդու անհատականությանն ու առանձնահատկությանը: Նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ ձեր նվիրած իրը նա գործածի հենց այդ տարում: Եթե տվյալ անձը չափազանց պահպանողական է և միայն վերջերս եք նրա հետ մտերմացել, ապա զերծ մնացեք էկզոտիկ նվերներից: Խուսափեք նաև այնպիսի նվերներից, որոնք կարող են բացասական դիտվել սնահավատ մարդկանց շրջանում: Օրինակ՝ խոհանոցային դանակները բաժանության նշան են, ժամացույցները՝ բացասական իրադարձությունների և այլն, թաշկինակները՝ լացի և տխրության նշան: Բավական  վիճելի  է նաև անձնական հիգիենայի պարագաներ նվիրելը: Որպեսզի երկար չմտորեք և անհատական նվերներ չգնեք, ամենաճիշտ և գեղեցիկ տարբերակը հուշանվերներն են, այս տարվա պարագայում՝ ձիու: Իդեալական կլինի Փայտե ձիու արձանիկներ և փափուկ խաղալիքներ նվիրելը: Կարելի է նաև ձիու որևէ պատկերով սպասք կամ ծաղկաման նվիրել:  Իդեալական նվեր կարող են լինել նաև գաճաճ ծառերը, տնային պայմաններում աճեցվող բույսերը  և ծաղիկները:

Լ.Ն

Անկախ

Tags: