2013- ը ոմանց համար ձեռբերումների տարի էր, շատերի համար էլ` ոչ այնքան: Նրանք, ովքեր չհասցրին իրականացված տեսնել իրենց նպատակներն ու նախաձեռնությունները, ակնկալում են դրանք իրագործված տեսնել գալիք տարում: Մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանց համար տարին բարենպաստ էր: Նրանցից մի քանիսն այս տարի ստեղծագործական հաջողություններ ունեցան, հանդես եկան նոր անակնկալներով, իսկ ոմանք գտան իրենց երկրորդ կեսին և դասավորեցին անձնական կյանքը: Մի քանի երգիչ-երգչուհիներ և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ խոսեցին մեզ հետ այս տարվա ընթացքում ունեցած հաջողությունների, ակնկալիքների, ինչպես նաև` ամանորյա ծրագրերի մասին: Հետաքրքիր էր իմանալ, թե որքանով են նրանք կարևորություն տալիս տարվա կենդանակերպին, հետևում աստղագուշակների խորհուրդներին և ինչպես են սովորաբար դիմավորում ամանորը:
Հռիփսիմե Ելինյան
2013 թվականը բավականին բեղուն տարի էր: Նշեմ, որ բացի այն, որ դասավանդում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հանդիսանում եմ նաև «Trio» էստրադային-վոկալ ստուդիայի ղեկավարը, և այս տարի մեր ստուդիան բավական մեծ հաջողություններ ունեցավ: Ունեցանք մեծ համերգ, որին հաջորդեցին մի շարք այլ համերգային ծրագրեր: Ես և Գրիգորը նկարահանեցինք նոր տեսահոլովակ, որը կհեռարձակվի հունվար ամսին: Ակնկալիքները բավական մեծ են, և հուսանք, որ Փայտե ձիու տարին իր հետ կբերի ավելի մեծ հաջողություններ:
Ամանորը սովորաբար տանը չեմ դիմավորում: Մեր ընտանիքում արդեն ավանդույթ է դարձել Նոր տարին քաղաքից դուրս անցկացնելը: Քանի որ ես և ամուսինս՝ Գրիգորը, դեկտեմբերի 31-ի գիշերը լինում ենք աշխատավայրում, հազվադեպ ենք Ամանորը դիմավորում ընտանեկան միջավայրում: Մեզ մոտ ամանորյա հանգիստը սկսվում է հունվարի 1-ից:
Երբ փոքր էի, կարևորում էի տարվա կենդանակերպը և հետևում էի աստղագուշակին: Այժմ դա համարում եմ սնահավատություն և հավատում եմ միայն Աստծուն:
Նվերների հետ կապված ինձ համար առաջնային է իմ բալիկի նվերը, նա արդեն նամակ է գրել Ձմեռ պապիկին (Ձմեռ հայրիկին), Ձմեռ պապիկն էլ խոստացել է, որ անպայման կբերի նրա նվերը: Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը և մաղթում, որ 2014-ին մեր հայրենակիցները լինեն առողջ, իսկ երջանկությունը թակի բոլորի դռները, անկախ նրանից` տանը մարդ կա, թե ոչ:
Լայանա (Լիանա Թևոսյան )
Սովորաբար Ամանորը դիմավորում էի տանը` ընտանիքիս հետ, բայց վերջին երկու տարին այն դիմավորում եմ աշխատավայրում, ընտանիքս էլ` հետս: Այն անցնում է ուրախ միջավայրում: 2013-ը ինձ համար անցումային տարի էր, քանի որ ամեն ինչ նախատեսում ենք իրականացնել գալիք տարում: Ունեմ բազում անակնկալներ հենց տարվա սկզբի համար: Ակնկալիքներս շատ շատ են գալիք տարվանից: Նվերների հարցում չեմ ուզում ինչ-որ բաներ առանձնացնել, կարևորը` կարողանում եմ ուրախացնել մտերիմներիս, հատկապես` ամուսնուս:
Կցանկանայի մարդկանց ավելի բարյացկամ տեսնել միմյանց նկատմամբ, ներողամիտ: Թող ժպիտը միշտ անպակաս լինի բոլորի դեմքից: Շնորհավոր բոլորի Ամանորը:
Գևորգ Մարտիրոսյան
Շատ կուզենայի Ամանորը դիմավորել տանը` ընտանիքիս անդամների հետ, բայց չեմ կարողանում, քանի որ մենք` երգիչներս, այդ օրերին բազմապիսի հրավերքներ ենք ստանում` մասնակցելու տոնական միջոցառումների: Կարող եմ ասել, որ այս տարի 90 տոկոսով հասցրեցինք անել այն, ինչ պլանավորել էինք այս տարվա ընթացքում: Ասում են` Ձին երազանքների, մեր լեզվով ասած` մուրազի տարի է, և բոլորս էլ սպասում ենք այդ երազանքի կատարմանը: Իսկ անակնկալների համար մի բան կարող եմ ասել` եթե այն իսկապես անակնկալ է, ուրեմն պետք է գաղտնի մնա: Բոլորին ցանկանում են, որ գալիք տարում լինեն առողջ, անհոգ ու երջանիկ, սիրեն և սիրված լինեն: Շնորհավոր Ամանոր:
Եվա
Ամանորը գրեթե միշտ անցկացնում եմ աշխատավայրում, սակայն հասցնում եմ ժամը 24:00-ին տանը լինել, այնուհետև աշխատավայր մեկնել: Կենդանակերպերի այդ նշանակությանը, անկեղծ ասած, առհասարակ չեմ հավատում, ինձ կարող են հետաքրքրել միայն յուրաքանչյուր տարվա նորաձևությունը, գույները և այլն: Ինչքանով հասցրեցի իրականացնել ծրագրե՞րս: Ասեմ, որ գրեթե միշտ ինչ պլանավորում եմ, ստացվում է: Կարողացել եմ այս տարվա ընթացքում նկարահանել 3 տեսահոլովակ, մասնակցել եմ տարբեր համերգների, մասնավորապես` Best contemporary singer of the year միջոցառմանը: Սիրում եմ այնպիսի նվերներ մատուցել, որոնց կարիքը տվյալ մարդիկ ունեն: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, ցանկանում եմ, որ մարդիկ ավելի բարի լինեն ու կամեցող: Թող բոլորի դեմքից միշտ ժպիտն ու ուրախությունն անպակաս լինեն: Բոլորին մաղթում եմ, սեր, սեր ու էլի սեր:
Արմո (Արմո Հովեյան)
Վերջին 5 տարիների ընթացքում, աշխատանքի բերումով տանը չեմ լինում և մասնակցում եմ տարբեր երեկույթների և միջոցառումների: Միայն առավոտյան եմ տուն վերադառնում: Սակայն այս տարի իրավիճակը փոխվել է, և Ամանորն անցկացնելու եմ ընտանիքիս հետ, քանի որ իմ ու իմ սիրելի կնոջ առաջին նոր տարին է: Այս տարին իմ կյանքում ամենահիշարժանն էր, քանի որ գտա իմ կեսին, ընտանիք կազմեցի: Աստված լրիվ փոխեց իմ կյանքը, դարձա ճշմարիտ քրիստոնյա: Այսինքն` վերածնվեցի այս տարվա հուլիսի 16-ին: Այդ օրվանից մինչ այսօր ապրում եմ Աստծո ներկայությամբ և վայելում Աստվածային սերը, որն իշխում է իմ ընտանիքում: Ոչինչ չեմ կարող ասել գալիք օրերի մասին և որոշակի ոչ մի ակնկալիք չունեմ, պարզապես կաշխատեմ` մնացածն արդեն Աստված ինձ կտա:
Կարծում եմ` Ամանորին ես և կինս միմյանց զարմացնելու միայն մի բան ունենք. ամեն օր կնոջս սիրում եմ նախորդ օրվանից ավելի շատ, ու այդ սերն օր օրի ավելի ու ավելի է մեծանում: Երբ ինձ հաճախ հարցնում են, թե ինչից է, որ իմ ընտանիքում մի տեսակ ամեն ինչ լավ է, ես պատասխանում եմ` սերը շատ է:
Իսկ նվերների հարցում նախապատվությունը տալիս եմ Աստվածաշնչին, և կարծում եմ, որ այն ամենաթանկ և օգտակար նվերն է ցանկացած մարդու համար: Ստեղծագործական կյանքում կան մի քանի անակնկալներ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և մաղթում սեր, բայց ոչ պարզապես սեր: Այն ժամանակավոր է ու սահմանափակ; Խնդրեք Աստծուց աստվածային սեր և աստվածային իմաստություն և այն կստանանք: Երջանիկ եղեք:
Սոնա Շահգելդյան
Թեպետ սնահավատ չեմ, բայց կարևորում եմ տարվա կենդանակերպը: 2010-ից իմ կյանքում հաջող տարիներն են թե՛ գործնական առումով, թե՛ առհասարակ: Հուսով եմ` գալիք տարին էլ ավելի բարենպաստ կլինի: Ամանորը դիմավորելու եմ և՛ աշխատավայրում, և՛ ընտանիքիս հետ, և՛ իհարկե կողքիս է լինելու նաև իմ սիրած էակը: Նվերներ իհարկե սիրում եմ ստանալ, նաև ինքս եմ նվիրում, բայց միայն ամենամոտ մադկանց: Դեռ չեմ մտածել` այս տարի ինչ եմ նվիրելու, սպասելու եմ նաև ինձ մատուցվող անակնկալներին: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը, մաղթում եմ, որ նախորդ տարում մնան բոլոր անցանկալի իրադարձությունները, և մարդիկ իրենց կյանքը սկսեն նոր տարվանից: Բարեմաղթելու շատ բաներ կան: Կցանկանամ, որ բոլոր մարդկանց կենսակերպը բարելավվի, անհոգ լինեն և հաջողակ: Տարին լինի երջանիկ, խաղաղ և, գումարային առումով` առատ տարի: Ես սովորաբար ինչ կամենում եմ, կատարվում է: Նույնն էլ կցանկանամ մեր հայ ժողովրդին: Թող ամեն մարդ իր սրտի չափով իրեն երջանիկ զգա: Ի դեպ, բարին եմ կամենում բոլորին, անկախ նրանից` ինչպիսին են: Շնորհավոր Ամանոր:
Վարդան Ամիրյան
Անկախ նրանից` որ կենդանակերպի տարին է, միշտ ուրախանում եմ Նոր տարվա գալուստով և սկիզբ եմ դնում նոր ծրագրերի, նոր երազանքների: Կենդանակերպի խորհրդանիշը կարևորելը սնահավատություն չեմ համարում, ոչ էլ պաշտամունք, որովհետև դա գիտություն է, որով զբաղվում են այդ բնագավառի մասնագետները: Ինչպես երկար տարիներ, այս Ամանորն էլ կլինի աշխատանքային: Այսինքն` ելույթներով հանդես կգանք տարբեր բեմերում: Իսկ ընտանիքս ինձ հետ է, որովհետև ելույթ ենք ունենում միասին: Ձին իմ ամենասիրելի կենդանիներից է, և սպասելիքներս միայն դրական են, հավատում եմ, որ սա կլինի հաջողությունների և սիրո տարի: Այս տարվա ձեռքբերումներից մեկը Հայ աճպարարների միության հիմնադրման միամյակն էր, որի շնորհիվ բազում հրավերներ ստացանք` մասնակցելու ամենատարբեր փառատոների: Դրանք անցկացվեցին Ուկրաինայում, Ռումինիայում, և միության անդամները մեծ հաջողություններով վերադարձան Հայաստան` բարձր պահելով մեր երկրի աճպարարների պատիվը: Ինչ վերաբերում է նվերներին, ապա մեր ընտանիքում ընդունված է մեկս մյուսին անակնալներ մատուցելը: Ես ինչ նվիրում եմ, նվիրում եմ մեծ սիրով, որպեսզի այն միմիայն ուրախություն և երջանկություն բերի:
Մեր ամբողջ մոլորակին մաղթում եմ խաղաղություն, անսպառ սեր, իմաստություն, հավատք և համատարած բարություն: Եվս մեկ քայլով մոտենանք Աստծո առաքելությանը:
Դերասան, ռեժիսոր Աբել Աբելյան
Ինչ եմ ցանկանում 2014 թվականի՞ն… Բոլորին առողջություն, ուրախություն և երջանկություն: Ինձ նույնպես առողջություն և հաջողություն, քանի որ շատ ու շատ ծրագրեր ունեմ:
Լ.Ն
Tags: Ամանոր