Հանրապետության ճանաչված մարդիկ էլ են սպասում Ձմեռ պապին…

Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ սահմանել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը (Ք.ա. 46 թ.), իսկ Նոր տարվա տոնակատարությունները սկիզբ են առել Բաբելոնում Քրիստոսից 4 հազ. տարի առաջ: Հին հայերը Նոր տարին նշել են օգոստոսի 11-ին, որը համընկնում էր Ք.ա. 2492 թ. Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան: Ինչ վերաբերում է Ձմեռ պապին, ապա Քրիստոնեության ընդունումից հետո, եվրոպական բանահյուսության մեջ, այդ  կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս Սուրբ Նիկողայոսի (270-345 թթ.) վարքին, որը, ըստ ավանդության, օգնում էր չունևորներին: Ժամանակի ընթացքում  այն փոխվել ու վերածվել է երեխաների ամենասպասված հյուրի:

Իսկ մեր հանրապետության ճանաչված մարդիկ ի՞նչ են ցանկանում`  2014 թվականին բերի Ձմեռ պապը: Հարցրինք նրանց:

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյան

Areg M.Անձամբ ինձ շատ բան չեմ ցանկանում՝ աշխատել ու նոր արդյունքների հասնել Տիեզերքի ուսումնասիրության բնագավառում, քանի որ դա է իմ կոչումը և կյանքի հետաքրքրությունը: Մարդկությանը և հատկապես հայությանը կցանկանայի նախ և առաջ խաղաղություն և բարեկեցություն: Շատ կուզենայի, որ հայերը վերագտնեին իրենց նախկին դրական արժանիքները և ոչ թե այդքան շատ կարևորեին նյութականն ու գործնականը: Ցանկանում եմ՝ առաջին տեղում լինեն հոգևոր արժեքները` ազնվությունը, բարոյականությունը, ստեղծագործականը, գեղեցիկը…

 Թարգմանիչ, իրավաբան Իգոր Անիսիմով

Ամենագեղեցիկ և դրական տոնն Ամանորն է: Եվ ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ես ունեմ երազանքներ: Կարծում եմ՝ բոլոր երազանքներն իրականանում են, եթե շատ ես ցանկանում: Թերևս առողջությունն ամենակարևորն է, առանց որի չես կարող լիաթոք ուրախանալ և վայելել իրագործված երազանքներդ: Ուստի իմ սիրելիներին և համայն աշխարհին ցանկանում եմ առողջություն և շատ երջանիկ պահեր, թեպետ երջանկությունը յուրաքանչյուրի համար տարբեր է: Ոմանց համար այն նյութականն է, այլոց համար՝ սերն ու առողջությունը: Ինձ համար երջանկությունն այդ բոլորը միասին է:

 Կինովավերագրող, ռեժիսոր Էդուարդ Համբարձումյան

Կցանկանայի, որ 2014 թվականը ոչ թե բերի, այլ տանի: Տանի այն բաժանումը, որը կա և՛ իմ, և՛ մեր հայության միջև, որը, ավաղ, սկսում է վերածվել մշտական կարոտի, քանի որ հնարավորություն չեմ ունենում երկար ժամանակ անցկացնել տանը` Երևանում: Թող որ 2014-ը տանի այդ կարոտի զգացումն ինձնից և հայաստանաբնակ հայերից, որոնց հարազատներից շատերը, ցավոք, նույնպես բնակություն են  հաստատել հայրենիքից դուրս: Թող որ 2014 թվականին հնարավորություն ունենանք միասին լինելու և, այո, միասնական: Իրականում մենք` հայերս, բարի ժողովուրդ ենք, դրանից էլ հաճախ ուրիշներին թվում է, թե միամիտ ենք: Արիությունն ու սերը մեզ կարող են միավորել: Ամրությո՛ւն մեզ բոլորիս: Կարծում եմ` դրա կարիքը հայերս շատ ունենք:

 Սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դասախոս Արթուր Աթանեսյան

Arthur Atanesian2014 թվականը, իբրև տարեթիվ, հիշեցնում է 100 տարի առաջ սկսված Առաջին Համաշխարհային պատերազմը, որի հետևանքով էապես փոխվեց Եվրասիայի քաղաքական քարտեզը, փոխվեց եվրոպական պետությունների ռազմաքաղաքական և տնտեսական վիճակը, վերացավ ցարական Ռուսաստանը, նորաստեղծ Խորհրդային Միությունն իր մեջ առավ այդ ժամանակ Հայաստանի առաջին հանրապետությունը: Այժմ այդ բոլոր տերություններն ու քաղաքական իրողությունները պատմության գիրկն են անցել, բայց մարդկությունը դեռ շարունակում է մտածել ռազմաքաղաքական բախումների հրահրման տերմինաբանությամբ: Գալիք տարի լրանում է Առաջին Համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, մեկ տարի հետո, 2015-ին` Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված առաջին ամենածավալուն ցեղասպանությունը: Այսօր Թուրքիան Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելով` Եվրոպայում իր ներկայությունն ու իր խաղի կանոնները կիրառելու պահին է սպասում: Ինչ կցանկանայի գալիք տարո՞ւմ.. Որ 100 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններն այլևս չկրկնվեն, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր ազգ և ժողովուրդ, դիտելով համաշխարհային հակամարտությունների, սպանությունների և մահվան մասին բազում հաղորդումներ, կարդալով գրքեր և այցելելով թանգարաններ, հստակ պատկերացնի պատերազմի սարսափն ու մերժի այն, սովորի մտածել հասուն անձի պես և այլևս պատերազմ չխաղա:

Քաղաքագետ, «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպության գործադիր տնօրեն Մարկ Դիզն

Իմ սիրած մեջբերումներից մեկն առաջնորդության վերաբերյալ է և պատկանում է Դոնալդ Հ. Մակգեննին. «Ղեկավարությունը գործողություն է, ոչ թե պաշտոն»: Ցանկանում եմ, որ 2014 թվականը լինի գործողության տարի: Թող որ կարողանանք թարմացնել մեր մեջ եղած սերը, վերահաստատենք մեր պարտավորություններն ու վերագտնենք կենսաէներգիան մեր համայնքները, շրջանները և երկրները բարելավելու համար: Թող որ 2014-ը երջանիկ և մեծ ձեռքբերումների տարի լինի:

 Հրապարակախոս, գրող Արթուր Հայրապետյան

Իմ ազգին մաղթում են առողջություն և բազում հաղթանակներ, առանց մարդկային կորուստների: Թող 2014 թվականին Աստված մեզ հեռու պահի երևույթ և աներևույթ թշնամիներից: Շնորհավոր նոր տարի:

 Ասմունքող, հաղորդավար, գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյան

հրաչուհիՈւզում եմ հոգու և մտքի առողջություն, խաղաղություն յուրաքանչյուր մարդու կյանքում: Դրա համար պետք է մի քիչ աշխատել, անընդհատ մեղավորներ չփնտրել և ամեն ինչ սեփական անձի ներսում փորձել կարգավորել: Եթե քո մեջ ներդաշնակության հասնես, ամեն ինչ իր տեղը կընկնի: Տարիների հետ հասկանում եմ, թե ինչքան կարևոր է առողջ լինելը: Մեկ էլ այնքա՜ն հաճելի է, երբ  հաջողությունը ժպտում է:

Սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ  սեքսալոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյան

Եթե անկեղծ, ապա կուզենայի, որ 2014 թվականին երրորդ երեխաս տղա լիներ: Հայությանն էլ ցանականում եմ առողջ ընտանիքներ, միջանձնային լիակատար հարաբերություններ՝ իր բոլոր ասպեկտներով, երեխաների ճիչ բոլոր ընտանիքներում: Առողջ ընտանիք, առողջ պետություն:

 Միջազգային սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնթերոլոգ Վարդանուշ Պետրոսյան

Իմ ցանկությունները գաղտնի եմ պահում, թղթի վրա գրում և այդպես թողնում մինչև իրագործվելը: Իսկ ընդհանրապես ուզում եմ, որ մեր երկիրը բարգավաճի, լուսավորվի, յուրաքանչյուր մարդ իր տեղում և սրտացավ լինի: Այդպես ամեն ինչ լավ կլինի:

Իհարկե ամեն ինչ լավ կլինի, եթե մանավանդ Ամանորի տոնածառը չպակասի մեր տնից և զարդարվի մեծ սիրով ու ապագայի նկատմամբ հույսով: Չէ՞ որ, ի վերջո, բոլորս, լինենք մասնագետ, թե ոչ, մեծ երեխաներ ենք և ցանկանում ենք նվերներ ստանալ: Ուրեմն եկեք մի պահ մոռանանք անցած գժտություններն ու տխուր պահերը և երազանք պահենք: 2014 թվականը անպայման կկատարի այն:

Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Ելենա Չոբանյան

Անկախ

Tags: