Ամանորյա աղցան «Պայտ»

պայտ2014-ը Ձիու տարի է: Բնականաբար, պայտն էլ տեղին աքսեսուար է տոնական սեղանին` Կապույտ Ձիուց: Եվ քանի որ ձին խոտակեր է, պետք է հիմնականում բանջարեղենային աղցանները գերակշռեն տոնական սեղանին:

Բաղադրությունը

250 գ բազուկ

250 գ գազար

պինդ խաշած 2 ձու

150-200 գ պանիր (ցանկալի է` կծու համով)

1 գլուխ սոխ

1 բաժակ մաքրած ու մանրացրած հունական ընկույզ

200-250 գ մայոնեզ:

Մարինադի համար

2 ճ/գդալ շաքարավազ

2 ճ/գդալ քացախ

150 գ եռման ջուր:

Պատրաստման եղանակը

Սկզբում պետք է մարինացնել սոխը. դրա համար կիսաշրջաններով բարակ կտրատել, ապա քացախն ու շաքարավազը ավելացնել եռման ջրի մեջ, խառնել այնքան, որ շաքարավազը լրիվ լուծվի, ստացվածը լցնել կտրատած սոխի վրա  ու թողնել 40-60 րոպե: Հետո հողուկը դատարկել:

Բազուկն ու գազարը խաշել կեղևով, ապա հովանալուց հետո  կեղևահանել:

Աղցանը հերթական դասավորությամբ շարել մատուցվող պնակի մեջ: Դրա համար նախ պետք է բազուկը խոշոր անցքերով քերիչով անցկացնել. առաջին շերտը բազուկ է: Մարինացված սոխի  1/2 մասը  տարածել բազուկի շերտի վրա, հետո մայոնեզի ցանցով պատել:

3-րդ շերտի համար գազարը քերել ու տարածել ամբողջ պայտի երկայնքով այնպես, որ ծածկի տակի շերտերը: Հետո մնացած սոխը տարածել գազարի շերտի վրա ու կրկին պատել մայոնեզաշերտով:

Կոշտ պանիրը մանր քերիչով անցկացնել ու ամբողջովին քերուկով ծածկել պայտը, որ տակից ոչ մի շերտ չերևա: Կրկին մայոնեզապատել ու վրան լցնել քերած ձուն, լրիվ խիտ շերտով ծածկել պայտը:

Վերջին շերտը հունական ընկույզի քերուկից է:

Ի դեպ, այս աղցանի նման կարող եք ցանկացած աղցան ձևավորել:

Իսկ «Պայտ» աղցանն ախորժաբեր տեսք ունի ու ավելի շատ  պայտաձև տորթի է նման:

Tags: