Վարչապետը հանձնարարել է ևս մեկ անգամ քննարկել «Զվարթնոց»-ի քանդել-չքանդելու հարցը

1379596_10152035954930809_1982994149_nԱյսօր ՀՀ կառավարությունը հաստատել է  «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների Մաստեր Պլանը, որով կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում կատարել օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար, ինչպես նաև նախատեսում է քանդել հին ուղևորային համալիրը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի: Վարչապետի խոսքով՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած որ ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետների կողմից համարվում է արժեքավոր ժառանգություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը նույնպես Հանրային խորհրդի կողմից մասնակցում է կառավարության նիստերին, «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ նիստից առաջ Հանրային խորհուրդը նիստից առաջ վարչապետին է ներկայացվել նաև ՀԽ վերջին նիստի ընթացքում հնչած ճարտարապետների ուղերձը, որով ճարտարապետներն իրենց վրդովմունքն են հայտնում շենքը քանդելու մտադրության վերաբերյալ և կոչ անում ՀՀ նախագահին ու վարչապետին մերժել այդ առաջարկը, ինչպես նաև Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանի նամակը, որտեղ ներկայացված են կառույցի ճարտարապետական արժեքը հավաստող կարևոր փաստեր:

Մասնավորապես Արևշատյանը գրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքն արդեն կառուցման իսկ ընթացքում դարձել էր Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության նշանային կարևորագույն կառույցներից՝ ներառվելով խորհրդային մասնագիտական ճարտարապետական գրականության մեջ, արժանանալով ՀԽՍՀ պետական մրցանակի: «2012թ. այն ընդգրկված էր «Խորհրդային Մոդեռնիզմ / 1955-1991թթ. անհայտ պատմություններ» Վիեննայի Ճարտարապետական Կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում և Վիեննայի 19-րդ միջազգային ճարտարապետական կոնգրեսի ընթացքում ամենից շատ ակնարկվող ու շեշտադրվող կառույցներից էր: Նաև՝ 2013թ մայիսին, Ստամբուլում բացված «Trespassing Modernities» («Սահմաններ անցնող Արդիություններ»)՝ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված մեծածվալ ցուցահանդեսի էքսպոզիցիան սկսվում էր Զվարթնոց օդկայանի մանրակերտով: 2014-ին այդ ցուցահանդեսը հրավիրված է մասնակցելու Սան Պաուլոյի բիենալեին, Վիլնյուսի ճարտարապետության թանգարանի կողմից կազմակերպվող ցուցադրությանը, ինչպես նաև ներառվելու է Մոսկվայում կայանալիք Սովետական մոդեռնիզմին նվիրված ցուցահանդեսում: Բացի այդ, Զվարթնոց օդակայանի նախագիծը ներկայացվելու է 2014-ին կայանալիք «Վերագիտակցելով արդիությունները» խորագիրը կրող Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում, ինչպես գլխավոր ցուցադրության մեջ, այնպես էլ Հայաստանի ազգային տաղավարում: Վիեննայի 19-րդ կոնգրեսի ընդունած բանաձևը կոչ է անում անկախացած հետխորհրդային հանրապետությունների իշխանություններին դիտարկել Խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգությունը, որպես համաշխարհային մշակույթի անքակտելի մաս՝ ապահովելով նրանց պահպանումը, գիտական վերականգնումը և վերակառուցումը: Հայաստանի կառավարությունը արձագանքել է այդ բանաձևին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության 15.01.2013 հ 01/15.1/187 նամակով, որում նշվում է, որ 1955-91թթ. ընթացքում կառուցված արժեքավոր ճարտարապետական կառույցների պահպանման, վերականգնման և վերակառուցման գործընթացը գտնվում է պետության և ՀՀ նախագահի հսկողության ներքո»,-նշված է նամակում:

Վազգեն Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ վարչապետը քաղավիացիայի գլխավոր վարչության պետին հանձնարարել է հարցը մեկ անգամ ևս քննարկել կոնցեսիոների և ճարտարապետների հետ: ՀԽ անդամի խոսքով՝ Հանրային խորհուրդը շարունակելու է հարցը պահել իր օրակարգում, քանի դեռ կառավարությունը վերջնական որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հարցը քննարկման էր դրվել նախ ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում, ինչպես նաև ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Հոկտեմբերի 31-ին օրակարգային նույն հարցով Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ,  որին մասնակցել էին նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել էին ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից, և մշակվել էր որոշման նախագիծ, որն ընդունվել էր ՀԽ նոյեմբերի 11-ի լիագումար նիստում:

Որոշման նախագծի հիման վրա Հանրային խորհուրդը դիմել էր կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:
Դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի էր ունեցել միջգերատեսչական նիստ, որին մասնակցել են նաև ՀԽ ներկայացուցիչները՝ ներկայացնելով ՀԽ դիրքորոշումը: Այնուհետև դեկտեմբերի 18-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստի ընթացքում դրական եզրակացություն է տրվել կոնցեսիոների ներկայացրած մաստեր պլանին, որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը և եզրակացությունն ուղարկվել էր ՀՀ կառավարություն:

ՀԽ չորս ենթահանձնաժողովներ դեկտեմբերի 24-ին հրավիրել էին ընդլայնված նիստ՝ անվանի մի շարք ճարտարապետների մասնկացությամբ, որի ընթացքում վերահաստատվել էր Հանրային խորհրդի դիրքորոշումը՝ շենքի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ՝ կոչ անելով կառավարությանը մերժել շենքը քանդելու վերաբերյալ կոնցեսիոների և քաղավիացիայի գլխավոր վարչության առաջարկը:

Անկախ

Tags: ,