Ազատազրկումը պատիժ է. Ժորժետա Մեսրոպյան

ՔԿՀ«Այսօր «քրեական» օրենքները գերիշխում են Հայաստանի նորմատիվ իրավական ակտերին: Ես իմ ամենօրյա գործունեության ընթացքում հանգել եմ այս եզրակացությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քրեակատարողական հիմնարկներում գործող գողական համակարգի մասին նշեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար  Ռոբերտ Ռևազյանը:

Ըստ ՔԿՀ-ներում գործող դրվածքի՝ ՔԿՀ վարչակազմի դեմ բողոքողը կհամարվի «գործ տվող»: Նրա հանդեպ կկիրառվեն դաժան պատժի ձևեր, ընդհուպ մինչև սեռական ոտնձգություն: Այս է պատճառը, որ դատապարտյալները չեն բարձրաձայնում ՔԿՀ-ների պայմանների մասին.

«Դժգոհ եմ դիտորդական խմբի և Արդարադատության նախարարության համագործակցությունից: Այն, որ բողոք չունենք, նշանակում է, որ սարսափելի է վիճակը: Թիվ մեկ խնդիրն է ՔԿՀ-ներից վերացնել քրեական հարաբերությունները»:

Նրա խոսքով նախարարությունը պարտավոր է 3 օրվա ընթացքում պատասխանել խմբի հրատապ հաշվետվություններին, բայց կան դեպքեր, երբ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում չի պատասխանել:
Այս տարի դիտորդական խումբը մոտ 120 այցելություն է կատարել Հայաստանի բոլոր 12 ՔԿՀ-ներ, 70-ից ավելի գրություններ է ուղարկել տարբեր գերատեսչություններ, զրույց է ունեցել ավելի քան 200 դատապարտյալի հետ:

Խմբի անդամ Ժորժետա Մեսրոպյանի համոզմամբ ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը զբաղվածության բացակայությունն է: Բանտարկյալներն ի վերջո դուրս են գալու ՔԿՀ-ից, մինչդեռ ձեռք չեն բերում մասնագիտություն, հմտություններ, որոնք իրենց պետք կգան ազատության մեջ, կօգնեն ինտեգրվել հասարակությանը.

«Ուզում ենք, որ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինի ՔԿՀ-ներում զբաղվածության խնդիրը: Ազատազրկումը պատիժ է, իսկ պատիժը կրել անգործության մեջ, արդեն դաժանություն է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: