“Զինված ուժերում ծառայությունն անցում է շատ լավ, բայց…այն բանակը չէր, որը պատկերացնում էի”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում ՀՀ բանակում կատարվող անցուդարձից նշեց N զորամասի զինծառայող Վահագն Քեշիշյանը:
Նրա համոզմամբ ամերիկյան ֆիլմերում բոլոր զինծառայողները լուրջ են վերաբերվում հայրենիքի պաշտպանության գործին ու բոլորն էլ գիտակցում են, թե ինչին է ուղղված ծառայության յուրաքանչյուր քայլը.
“Մինչ գնալս ընկերներս ասում էին` հիմիկվա մեր բանակը մանկապարտեզ է, ես հակառակն էի համոզում, բայց գնալուս առաջին իսկ օրվանից համոզվեցի, որ ամեն ինչ հենց իրենց ասածի պես է, ես էի հեքիաթներում ապրում: Զենքեր էլ կան, զինվորներ էլ, ռազմական տեխնիկա էլ կա, բայց այդ ամենը ոչինչ է հայրենիքի պաշտպանի հոգեբանության բացակայության պայմաններում: Այսպես ավելի շուտ նմանվում ենք մեր հարևանի բանակին: Մարդաքանակ ունենալը դեռ չի նշանակում ունենալ բանակ: Բանակն առաջին հերթին հոգի է”:
Զինվորի խոսքով սպաներից մեկը մի անգամ պատմել է, որ մի հայ, իմաստուն մի մարդու հարցնում է, թե ինչ է պետք հակառակորդին պատերազմում հաղթելու համար: Պատասխանել է՝ մարդիկ, զենք, հոգի: Հայը հարցրել է, իսկ եթե այդ ցուցակը կրճատենք, ասել է` զենք, հոգի: Հայը նորից է հարցրել, իսկ եթե դա էլ կրճատենք, իմաստունը պատասխանել է` հոգի: Ըստ Վահագնի դպրոցից սկսած պետք է հետևողական աշխատանք տանել զինվորի հոգեբանություն կերտելու համար: ՊՆ նախարարի այս տարվա ուղերձի նպատակը հենց դա է` ՀՀ ԶՈՒ-ից դուրս հանել փողոցային բարքերը: Վերջիվերջո աշխարհում կան կայացած բանակներ, որտեղ և հոգեբանությունը, և կառավարման ձևը, և տեխնիկան հասցված է կատարելության, կարելի է նրանցից օրինակ վերցնել:
Ինչ վերաբերում է Ամանորի եւ Սուրբ Ծնունդի պատրաստությանը, զինվորը նշեց, որ ինչպես ամեն ինչը, այնպես էլ զորամասը զարդարելը բանակում տրվում է հրամանով: Հրամանը իրականում շատ էր սպասված, հատկապես իրենց վաշտում: Դեռ դեկտեմբերի կեսերին փորձնական զարդարում էին զորանոցը, տեսնում էին, թե եղած շղթաներով, լույսերով ու նմանատիպ բաներով ինչպիսի լուծում կարելի է տալ:
Զարդարել են ու քանդել` սպասելով հրամանին: Հրամանը չուշացավ ու լուրջ գործի անցան: Վաշտի ամբողջ անձնակազմն էր ներգրավված զարդարելու աշխատանքների մեջ: Արդյունքում ստացել են ոչ այնքան Նոր Տարվա զարդարանք, որքան գիշերային ակումբի լուսավորություն ու զարդարանք: Կարելի է ասել նույնը, ինչ նախորդները: Երևի թե միայն 1 տարբերությամբ` այս տարի մասամբ կվճարեն հայրենիքի հանդեպ պարտքը.
“Ժամանակն անցնում է ու գնալով հասկանում ես, որ արդեն հասուն ես ու շատ բաներ քեզ թույլ տալ չես կարող Ամանորի գիշերը: Դեկտեմբերի 31-ին օրն անցնելու է հանգստյան օրվա համար նախատեսված գրաֆիկով, իսկ օրակարգով նախատեսված բոլոր միջոցառումների ավարտից հետո մի փոքր կհանգստանանք, որից հետո 24:00-ին մոտ ամբողջ զորամասով կհավաքվենք զորամասի ակումբում օրվա պատասխանատու սպաների հետ: Կմիացնենք հեռուստացույցը ու շունչներս պահած կսպասենք տարվա ամենակարևոր զանգերին: 12 զանգերից հետո կբղավենք, կուրախանանք, իրար կշնորհավորենք ու կգնանք քնելու, որովհետև բանակի համար սկսվում է նոր տարի: Տարի, որի ընթացքում պետք է դիմակայենք նոր խնդիրների, տարի, որի ողջ ընթացքում պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, պետք է պաշտպանենք մեր հարազատներին ու ժողովրդին, որ նա կարողանա նմանատիպ տոները նշի հանգիստ սրտով ու խաղաղ պայմաններում”:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: բանակ, Վահագն Քեշիշյան