2013 թվականը հասարակական, քաղաքացիական կյանքում բուռն էր: Հանրությունը շատ հարցերի շուրջ ինքնակազմակերպվեց և հանդես եկավ միասնական դիրքերից` պաշտպանելով սեփական շահերը: Հանրային խորհուրդը, որը ստանձնել է իշխանության և հասարակության միջև յուրօրինակ կամրջի դեր, բարձրացված բոլոր հարցերին արձագանքեց` ՀՀ նախագահին ու կառավարությանը ներկայացնելով հանրության մտահոգությունները, ինչպես նաև իր դիրքորոշումն ու առաջարկները:
Տարվա առաջին ամենակարևոր քննարկումը Հանրային խորհրդում ՄԱԿ-ի գրասենյակները Եվրոպայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցն էր, որը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար և լուրջ խոչընդոտներ կարող է առաջացնել: Հանրային խորհուրդը հարցը քննարկեց նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ, որի ընթացքում ուրվագծվեցին մի շարք քայլեր ու գործողություններ, որոնք անհրաժեշտ է իրականացնել` միջազգային հարթակում պաշտպանելու Հայաստանի շահերը և կանխելու նման կարևոր կառույցները Թուրքիա տեղափոխելու մտադրությունը:
Այնուհետև ՀԽ օրակարգի առանցքում հայտնվեցին Հայաստանի քաղավիացիայի խնդիրները: Մինչ Հանրային խորհուրդը քննարկումներ կիրականացներ և հանդես կգար առաջարկներով, թե ինչպես կարելի է փրկել քաղաքացիական ավիացիան և ազգային ավիափոխադրողին, հայտնի դարձավ «Արմավիա» ավիաընկերության սնանկացման լուրը: Խորհրդում տեղի ունեցան մի շարք քննարկումներ` շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ: Չընդդիմանալով օդի ազատականացման գաղափարին` միաժամանակ Հանրային խորհուրդն անհրաժեշտ համարեց տեղական ավիափոխադրողներ ունենալը, որը չավարտված պատերազմ ունեցող երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Կարևորվեց նաև այդ ավիափոխադրողների միջև մրցակցային պայմանների ապահովումը: Խորհուրդը գտավ, որ հարկավոր է կիրառել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը և մշակել ու վավերացնել Օդային օրենսգիրք:
Հուլիս ամսին Հանրային խորհուրդը հանդիպեց Հանրապետության նախագահի հետ` ներկայացնելով մի շարք մտահոգիչ հարցեր, որոնցից էին, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունները` Ռուսաստանին զենք վաճառելու համատեքստում, արտագաղթի խնդիրը, Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների և ժառանգության պահպանումը` Ծածկած շուկայի և Հանրապետության հրապարակի վերակառուցման հիմնախնդիրների ֆոնին և այլն:
Տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական ակտիվ շարժմանը զուգընթաց` Հանրային խորհուրդը օրակարգ մտցրեց տրանսպորտի ոլորտին առնչվող մի շարք հիմնախնդիրներ` առաջարկելով քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներին մասնակցել ՀԽ աշխատանքներին: Այդ ժամանակ էլ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հրավեր ստացավ Մաշտոցի պուրակում հանդիպելու քաղաքացիական նախաձեռնության երիտասարդ ակտիվիստների հետ և համատեղ քննարկելու տրանսպորտի խնդիրները: Հրավերն ընդունվեց, և Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ հանդիպումը` որպես Հանրային խորհրդի և քաղաքացիական ակտիվ հասարակության միջև համագործակցության յուրօրինակ քայլ:
Հոկտեմբեր ամսին Հանրային խորհուրդը հանդիպեց նաև կառավարության ղեկավարի հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանին խորհրդի անդամները ներկայացրեցին մի շարք հարցեր` կապված Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների, արտագաղթի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, քաղաքացիական հասարակության կայացման և այլ ոլորտներում առկա խնդիրների հետ:
Հոկտեմբեր ամսին բուռն քննարկումներ սկիզբ առան և մինչև տարեվերջ շարունակվեցին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շուրջ` կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից Հանրային խորհրդին ուղղված դիմումի հիման վրա` համատեղ քննարկելու օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը:
Խորհուրդը որոշեց դիմել կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:
Տարվա վերջում, երբ կառույցը քանդելու վերաբերյալ դրական եզրակացություն եղավ քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից, և այն իրագործելու համար մնաց ընդամենը մեկ քայլ` կառավարության հաստատումը, վարչապետը հայտարարեց, որ հարցը դեռևս քննարկման կարիք ունի, քանի որ «Զվարթնոց»-ի կլոր շենքը խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության կարևորագույն նմուշներից է:
Նոյեմբեր ամսին հասարակությունը կրկին ցնցվեց. հայտնի դարձավ, որ 2014 թվականից կիրառվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգը, որը նախատեսում է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների աշխատավարձի 6.6-13%-ի պարտադիր ներդրում արտասահմանյան հիմանդրամներում` շուրջ երեսուն տարի հետո բարեկեցիկ ապագա ունենալու նկատառումով:
Հանրային խորհուրդն անընդունելի համարեց մարդկանց «բռնի կերպով երջանկության տանելու» կառավարության մոտեցումը` նշելով, որ բարեփոխումը կարող է հաջողությամբ իրականացվել միայն հանրության կողմից ընկալելի և ընդունելի լինելու պայմաններում:
Հարցը քննարկելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ` Հանրային խորհուրդը ՀՀ նախագահին ու կառավարությանն առաջարկեց մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ մինչ այդ համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի ևս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները:
Այս ամենը` հայտնի դեպքերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ՀԽ հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում տարվա ընթացքում տեղի ունեցած անցուդարձին, ինչը երբեմն տեսանելի չէ հանրության կողմից, ապա կարելի է դրանցից ևս որոշ ուշագրավ հարցեր առանձնացնել:
ՀԽ ամենաակտիվ հանձնաժողովներից մեկը` ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը տարվա ընթացքում քննարկել է գազի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, հանքահումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հարցը, փոքր և միջին ձեռնարկություններին հարկային արտոնյալ պայմանների սահմանման առաջարկությունները, «Նաիրիտ» ՓԲԸ վերագործարկման խնդիրները, թեթև արդյունաբերության զարգացման համար հարկային արտոնությունների սահմանման անհրաժեշտության, կաշվի, բրդի մթերման, վերամշակման և հայրենական բրենդային ապրանքանիշերի վերականգնման և այլ հարցեր:
ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը կրկին ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի արոտավայրերի ճիշտ օգտագործման, գյուղացիական կոոպերացիաների զարգացման հարցերը, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգը: Նշենք, որ դեկտեմբերի ամսին խորհրդարանը վավերացրեց կառավարության կողմից ներկայացրած օրենքի նախագիծը, որը որոշակիորեն կարգավորում է այդ ոլորտը:
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկել է ոլորտում անհապաղ լուծման կարիք ունեցող այնպիսի հարցեր, ինչպիսիք են դեղերի տենդերային ոչ արդյունավետ քաղաքականությունը, սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված գումարների ոչ ճիշտ օգտագործումը, ՀՀ-ում խնամքի տներ ստեղծելու, դպրոցներին դեղեր հատկացնելու անհրաժեշտությունը և այլ հարցեր:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը օրակարգում է պահել հանձնաժողովի համար որպես գերակա խնդիր հայտարարված համայնքների խոշորացման հայեցակարգը, ՀՀ տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարությունը, ՀՀ ժողովրդագրության հոսքերը և միգրացիոն իրավիճակը, համայնքների համաչափ զարգացման և սահմանամերձ գոտու ամրապնդման ռազմավարությունը:
Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների շահերի պաշտպանության հարցերի հանձնաժողովը մենաշնորհային և գերիշխող դիրքի չարաշահման, փոքր և միջին բիզնեսի, գործարարների շահերի պաշտպանության կազմակերպման հարցերով կազմակերպել է բազմաթիվ քննարկումներ, իսկ հանձնաժողովի առաջարկությունները ներկայացվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Շարունակվել են քննարկումները նաև հեռահաղորդակցության ոլորտի արդիականացման խնդիրների շուրջ` ներկայացվելով մի շարք առաջարկներ:
Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահել ավագ դպրոցներում ստեղծված իրավիճակը` մասնավորապես կախված դասագրքերի և տարբեր հոսքերի չհղկված ուսումնական պլանների հետ: Քննարկել է պետական ԲՈՒՀ-երի դասախոսների մանկավարժական ստաժի հասկացության վերականգնման անհրաժեշտությունը, դասախոսներին սոցիալական փաթեթի անարդարացի բացակայության հարցը, ԲՈՒՀ-երի ուսման վարձերի բարձրացման խնդիրը:
Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կողմից նախաձեռնվել ու մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծ, որի շուրջ տեղի են ունեցել քննարկումներ տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև Ազգային ժողովի և նախարարությունների պատասխանատուների մասնակցությամբ:
Պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի կողմից ուսումնասիրություններ և վերլուծություններ են կատարել ՀՀ ՊՆ բանակային կորպուսների, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, ինժեներասակրավորային վարչություններում և նրանց ենթակա զորավարչություններում:
Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովը շարունակել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված գործունեությունը` կազմակերպելով համաժողովներ, կլոր սեղաններ քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և ընդունել համապատասխան որոշումներ:
Գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձաժողովը միգրացիայի, ժողովրդագրական և գենդերային հիմնախնդիրների հետ մեկտեղ, քննարկել է ընտանիքի հիմնախնդիրները և ներկայացրել առաջարկություն` անցկացնելու «Ընտանիքի տարի» ծրագիրը:
Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովն անդրադարձել է նաև ադրբեջանցի բարբարոսների կողմից Նախիջևանի հայոց գերեզմանատան և գերեզմանաքարերի անխնա ոչնչացմանը, Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Անի Գասպարյան
Tags: Հանրային խորհուրդ