ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի կամ ինչպես նրան մտերիմներն են կոչել` Մազի անժամանակ մահը ցնցել է շատերին: Ֆեյսբուքի հայտնի օգտատերերից ոմանք արդեն ֆեյսբուքի միջոցով կիսել են իրենց վիշտը:
Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Իմ սիրելի ուսուցիչ։((((…ՄԱՐԴ, ով միշտ Հպարտանում էր իր ուսանողներով և ապրում նրանց Հաջողություններով… Ազգանվեր, Ազգասեր, Ազգի ցավով ապրող՝ Մարդ, Հայր, Հայ։ Արմեն Մազմանյան. ողջ կյանքը պայքար էր, պայքարելով էլ գնաց… Լույս իջնի հոգուդ…:((»:
Սուրեն Սուրենյանցը գրել է. «1999-ի մայիսն էր, Մատենադարանի հարևանությամբ գտնվող մի բարում առաջին անգամ հանդիպեցի Արմեն Մազմանյանին:
Գինովցած էր, հախուռն շարժուձևով, բարձր ձայնով, աշխույժ աչքերով, փոքրամարմին այդ մարդը ինձ ինչ-որ բան էր պատմում:
Ծխի քուլան, կարծես թե, մեզ կտրել-մեկուսացրել էր արտաքին աշխարհից, ու Արմենն այնքան անմիջական էր խոսում՝ կարծես նույն պապի հարազատ թոռները լինեինք:
Մեկ-մեկ նրան ընդհատում էի՝ պարոն Մազմանյան դիմելով:
Վերջը չդիմացավ և կտրուկ ասաց. «Դե, Մազ ասա, էլի, այ տղա»:
Հետո մտերմացնաք, նրան հազար անգամ հանդիպեցի և հասկացա, որ այս խենթ տեսակի մեջ երկու ԵՍ-ի կռիվը հավերժ է՝ Մազմանյանը անհաշտ է Մազի, ռեկտորը՝ անկաշկանդ, ձեռագիր ունեցող մտավորականի, վերևներում ընկալվողը՝ էրևանցի կարգին տղու հետ:
Ինքն ինձ համար միշտ Մազ ու ուրույն տեսակ, ջիգյարով ընկեր ու էրևանցի կարգին տղա կմնա:
Ես կհիշեմ էն բարը, որը պատված էր ծխով, իր մեջ կռիվ տվող ու շրջապատի հետ յոլա չգնացող Մազին:
…Ու չեմ մասնակցի հրաժեշտ կոչվող արարողությանը, որովհետև Մազին հրաժեշտ տալ չեմ պատրաստվում…»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրել է. «Խորապես ցավում եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան առիթով:
Մենք կորցրեցինք ինքնատիպ մտածողությամբ, մշակութային կյանքում իր սեփական ուրույն ձեռագիրն ունեցող արվեստագետի, ով համարձակ էր ոչ միայն մշակութային, այլև քաղաքացիական դրսևորումներում:
Արմենի մահով մի երանգ էլ պակասեց մեր մշակույթի ներկապնակից ու այդ գույնի պակասը, վստահ եմ, դեռ երկար է զգացվելու հայ թատերարվեստում և մշակույթում ընդհանրապես։
Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին, ուսանողներին և իր շրջանավարտներին»։
Արմեն Մազմանյանի անժամանակ մահվան կապակցությամբ իր և Հանրային խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը.
«Նրա դերը մեծ է ոչ միայն արվեստի բնագավառում. որպես երիտասարդ հայրենանվեր գործիչ՝ Արմեն Մազմանյանը կանգնած է եղել ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ իր ներդրումն ունենալով նաև Ղարաբաղյան պատերազմի կարևորագույն հաղթանակի ձեռքբերման գործում:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ մտավորականի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին 53 տարեկանում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանը: Նա տառապում էր լյարդի ցեռոզ հիվանդությամբ:
Հիշեցնենք, որ նրա բուժումը արտերկրում իրականացնելու համար ՀՀ կառավարությունը գումար էր հատկացրել:
Արմեն Մազմանյանը 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1981-88թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան, ռեժիսոր, 1986-88թթ` պատանեկան թատրոնի ստուդիայում` որպես գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր: 1986-88թթ եղել է «Ակունք» ազգագրական երգչախմբի ռեժիսորը, 1987-89թթ` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր-ստաժոր: 1988թ-ից հիմնադրել և ղեկավարում է «Գոյ» թատրոնը, 1991թ-ից` «Գոյակ» մշակութային զարգացման գործարարական ընկերակցությունը, 1995թ-ից` «Ազատ արվեստի ակումբ» և «Հայարտ» նախագիծը, 1996թ-ից` «Ազատ թատրոն» նախագիծը: 1998-2009թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ղեկավար, պրոֆեսոր: 1983թ-ից հանդես է եկել մի շարք ներկայացումներում` որպես բեմադրիչ և դերասան` Զեյթունցյանի «Հիրոսիմա», «Ոտքի, դատարանն է գալիս», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Երնջակյանի «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է», Շեքսպիրի «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», Սթեյվիսի «Գալիլեյ», Ռադինսկու «Նեոնի և Սենեկայի թատրոնը», Ռիբակովի «Արբատի զավակները», Մոեմի «Լուսին և գրոշ», Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս», Նժդեհի «Հայաստան և ճշմարտություն», Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլն: 1980թ. Բաքվի «Թատրոնի տեսություն» միջազգային կոնգրեսում արժանացել է 2-րդ մրցանակին, 1987թ. Ալմա-Աթիի թատրոն-ստուդիաների համամիութենական փառատոնին` 1-ին մրցանակին: Մասնակցել է բազմաթիվ այլ փառատոների Ռուսաստանում, Հարավսլավիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Հայաստանում: Նկարահանվել է «Ընտրություն», «Տղամարդկային գործ», «Ճակատագիր», «Ես եմ» ֆիլմերում: Կազմակերպել և նախաձեռնել է բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ, արվեստի երեկոներ, շնորհանդեսներ, շոու-ծրագրեր, ցուցահանդեսներ, հեռուստանախագծեր: Մասնակցել է արցախյան մարտերին և եղել է «Մուշ» զորամիավորման ջոկի հրամանատարը: 2000-02թթ եղել է «Ազատամարտի վետերանների միություն» կազմակերպության համանախագահը: Կազմակերպել է ՀՀ ԶՈւ ստեղծման 15, 17, 19 և 20-ամյակներին նվիրված տոնահանդեսներ: Արժանացել է «Գարեգին Նժդեհ» շքանշանի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, Մարտական ծառայության մեդալի:
Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 18.00-20.00-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12.00-14.00-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։
Tags: Արմեն Մազմանյան, Հանրային խորհուրդ, Նազենի Հովհաննիսյան, Վազգեն Մանուկյան
