Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ, մի փոքր կատարվածն ամփոփելու և առկա խնդիրների շուրջ զրուցել: Մարզպետը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին իրենց աշխատանքով օգնության համար, և ցանկացավ, որ այն այս տարի ևս շարունակվի: Նաև պարգևատրեց հանդիմանը ներկա բոլոր լրագրողներին ու օպերատորներին:
Խոսելով մարզի խնդիրների ու կատարված աշխատանքների բացթողումների մասին նշեց. “Բավական բնագավառներ կան, որտեղ հաջողություններ ունեցանք, իհարկե, դրանք այն չեն, որով պետք է պածենալ: Ես կուզենայի որ այս տարի մեր հնարավորությունները մի քիչ ավելի շատ լինեին և կարողանանք ավելի շատ բան անել, քան անցած տարի: Բավական շատ բաներ գյուղերում չենք արել, այն գումարները, որ մեզ հատկացրեցին, մեծ մասն ուղղեցինք քաղաքին: Եթե այս տարի լրացուցիչ գումարներ ունենանք` կարողանանք մարզի մյուս համայնքներին էլ անդրադառնալ”:
Մարզպետը գյուղատնտեսական տարին շատ լավ է գնահատում, բայց դրա հետ մեկտեղ մարզի գյուղերում այսօր շատ դժվարությունների առաջ են կանգնած. “Խիստ ձմեռ է, ցուրտ է, հակառակի նման` ձյուն քիչ է եկել: Այս պայմաններում, հին ջրագծեր են, մի տեղ սառում է, մի տեղ` պայթում: Ձյունը շատ չէ, լավ է, ճանապարհները բաց են, անցանելիության հարցը լուծված է: Դրա փոխարեն` գյուղկա, որ մի կեսը ջուր ունի, մյուսը` սառել է:”, – ասում է Ֆելիքս Ցոլակյանը:
Մարզպետը վստահորեն ասում է` մենք մեր խնդիրները գիտենք, ցավոք ամեն ինչ չէ, որ կարող ենք, հնարավորություն կա և հասցնում ենք անել:
“Այնպես չէ, որ տեր չկա, անտեր է, այդպես չէ: Այս մարզում անտեր բան չկա: Եթե որևէ մեկը կգա կասի ես անտեր եմ, նրան կասեմ` ես քո տերն եմ”, – նշեց Ֆ.Ցոլակյանը:
