Հրաժեշտ Արմեն Մազմանյանին

Վիոլետ ԳրիգորյանԱնկախը ընթերցողին է ներկայացնում գրող հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանի հոդվածը , որը հրապարակվել է Թերթ.ամ- ի` հեղինակի բլոգում:

Հունվարի 8-ին վախճանվեցին երկու հայ արվեստագետներ` գրող Լևոն Խեչոյանն ու ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Ուզում եմ երկուսին էլ հրաժեշտ տալ` հիշելով այնպիսի բաներ, որ միայն ես կարող եմ:

Արմեն Մազմանյանի թատերական գործունեության մասին ես միայն լսելով գիտեմ, ափսոսում եմ, որ չեմ տեսել նրա հայտնի բեմադրությունը (Պիրանդելոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս»), հիշում եմ, թե ինչպես իր ռեժիսոր ընկերների հետ թատերական շարժում էր սկսել, ու առաջին անգամ սովետահայկական թատրոնում բեմադրեցին աբսուրդիստ-էկզիստենցիալիստներին: Բայց Մազի էդ գործունեության մասին ինձանից ավելի տեղյակ ականատեսներ կան, որ կպատմեն:

Վերջին տարիներին շատերի պես ես էլ քննադատում էի նրա քաղաքական կեցվածքը, ու ինձ համար հարցը միայն իշխանություններին պաշտպանելը չէր, այլ կոնկրետ արտահայտած իր հայացքները: Բայց դրա մասին էլ շատ խոսող կա:

Ուրեմն պատմեմ էն, ինչ արդեն միայն ես կարող եմ:

88-ին Մազը շարժման էն մասնակիցներից էր, ում էսօր ասում են` ակտիվիստ, ու ինչպես էսօրվա որոշ ջահելներ` խմբակային լիդերներից էր, հետո դարձավ նաև կռված տղերքից, Երասխավանում վիրավորվեց: Սումգայիթյան դեպքերից հետո որ դերասանուհի Վիոլետ Գևորգյանը համաձայնվել ու գնացել էր Բաքվի կինոփառատոն, Հայաստանում նրա դեմ մեծ արշավ սկսվեց: Էն ժամանակ իշխանությո՛ւնն էր ասում` բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ նախ և առաջ մարդ են, դրա համար էլ հանցագործներին սփռեց Սովետի դատարաններով մեկ ու առանձին-առանձին դատեց` որպես անհատ մարդկանց, ոչ թե ազգային ատելության հողի վրա կազմակերպված խմբի: Եվ որպես բողոքի ակցիա` որոշվել էր բոյկոտել Բաքվի կինոփառատոնը, իսկ Վիոլետը ելել ու գնացել էր:

Մի օր, Մազի ու իր խմբի կազմակերպելով, ես ու մի քանի հոգի որոշեցինք գնալ Դրամատիկական թատրոն, որպեսզի Բաքվից վերադարձած ու էդ օրվա ներկայացման մեջ խաղացող Վիոլետ Գևորգյանի վրա ձվեր գցենք ու սուլենք: Պապլավոկում հավաքվեցինք` լիդերների ցուցումները լսելու: Ես մեջների ամենափոքրն էի ու ձայն չունեի, չնայած էդ ժամանակ բոլոր ձայներն էլ նույնն էին ասում: Լիդերները ցուցումները տվեցին-պրծան, հետո սկսեցին գցել-բռնել, թե ում տանը գինի կա, որտեղից ուտելիք առնեն ու գնան խմելու: Մենք մտանք թատրոն:

Ես էի ու… բայց մյուսների մասին արժե պատմել. մեկը Գրողների միության Դոնարան էր, որ հետո, էդ նույն տարվա ամառը, Պապլավոկում Սումգայիթի մասին իր բանաստեղծությունը արտասանելով` լճակն էր նետվել. «Ինձ բռնաբարել են հազար անգամ Սումգայիթում»… Ոստիկաններն եկել բռնել, տարել էին, սրճարանի ականատեսներից մեկն էլ ոստիկաններին բացատրել էր, թե` ոնց որ աղջկան բռնաբարել էին, գոռգոռաց ու ջուրը գցվեց:

88-ին Դոնարան էն ակտիվիստներից էր, որ Օպերայում էր ապրում, նստացույցի տարածք հարթակն ու աստիճաններն իր հարազատ տունն էին դարձել, էնքան, որ մի օր ես ամոթու ձեռքից ավելն առա, որ մի քիչ էլ ես մաքրեմ: Ղարաբաղ կոմիտեին ձերբակալելուց հետո Դոնարային էլ նստեցրին Սովետաշենի բանտում, որտեղ, ինչպես պատմում էր հետո, կից պատը թխկթխկացնելով, ծանոթացել էր կողքի խցում նստած մի քրեականի հետ: Դուրս գալուց հետո ամուսնացան, ու մի քանի ամիս անց բնակարանում գտան Դոնարայի` ծեծամահ արված դիակը: Պարզվեց, որ հղի էր եղել: Էդպես էլ սպանողները չբացահայտվեցին, չնայած խոսք կար, որ ամուսնու տղեն ընկերների հետ է արել: Լուրը լսելուց հետո հիշեցի, թե ոնց ամուսնանալուց հետո մի օր որ հանդիպեցինք ՀՀՇ-ի շտաբում, տեսա թևերի կապտուկները: Էն ժամանակ ծեծված կանանց պաշտպաններ չկային: Ինքն էլ խեղճուկրակ չէր, խոշոր էր ու թափով. մի օր, որ գրողների հետ խմելուց հետո արձակագիրներից մեկը տարել-ճամփու էր դրել ու մուտքում փորձել էր համբուրել, էնպես էր պոետուհին արձակագրին զարկել, որ նա մի քանի օր Միություն չէր գալիս, որ ուռած-կապտած աչքը չտեսնենք:

Մյուսը ձիով Հասմիկն էր. մականունը ստացել էր, քանի որ գրազ էր եկել, թե ձիով կմտնի Ռադիոտուն, որտեղ աշխատում էր, ու էդպես էլ արել էր: Ալվարդ Պետրոսյանը Հասմիկի ու նրա գրազի մասին պատմվածք էր գրել: Հասմիկը նիհար, բոյով, տղայական հագուկապով աղջիկ էր, գրաբար էր ուսումնասիրում ու աշխատում էր Ռադիոյի թատերական բաժնում: Հաճախ էինք հանդիպում Ռադիոտան մոտի «Եթեր» սրճարանում, ու մի օր էլ ցույց տվեց հրացանը, որ արդեն ՆԳՆ նախարար դարձած Վանոն էր նվիրել: Հիմա չգիտեմ` ուր է Հասմիկը, երևի Հայաստանում չի, եթե լիներ, աննկատ չէր մնա:

Մյուսը` Գոհար Մարտիրոսյանը, գրական աշխատող էր ու բանաստեղծություններ էր գրում: Գոհարը կաղում էր երկու ոտքերից ու հենակներով ցույցերի էր գալիս: Նրա տունը գրողների բոհեմական հավաքատեղիներից էր: Գոհարն էլ արդեն մահացել է:

Էսքանովս մտանք Դրամատիկական ու տեղավորվեցինք դահլիճում: Մեր հետևի շարքում միանգամից հայտնվեցին կգբշչիկներ, անհավատալի էր, թե ոնց էին անմիջապես տեղեկացել, ու սկսեցին մեզ զգուշացնել, որ եթե չհեռանանք, վատ կլինի: Չհեռացանք:

Ներկայացումն սկսվեց, Հասմիկը ձեռքս խոթեց իր բերած ձվերից մեկը, ես ձուն պինդ բռնեցի, բայց ամբողջովին կաթվածահար էի լարումից: Չէ, կգբշչնիկներից չէի վախենում, էսօր արդեն շատերը գիտեն, թե հեղափոխական իրավիճակ ասածը ոնց է պահի տակ մարդու վախերը հանում: Բայց էնպես դժվար էր ինձ համար մութ դահլիճից ձու նետել լուսարձակների տակ մենակ կանգնած մարդու վրա: Վիոլետը բեմ մտավ ներկայացման կեսից հետո` արդեն լարված, ողջ բեմն ու դահլիճն էր լարված: Մի քանի րոպե կարկամած էինք, հետո Հասմիկը գոռաց` թո՛ւրք, դահլիճը թեթև բզզաց, հետևի կգբշչնիկները սկսեցին մեզ լուռ քաշքշել, հետո Հասմիկը մի երկու անգամ էլ թո՛ւրք ու դրա նման բառեր գոռաց, ու… ներկայացումն ափալ-թափալ փակվեց: Վիոլետը դուրս չեկավ խոնարհվելու, մենք էդպես էլ ձվեր չնետեցինք նրա վրա, ու ես ներքուստ ուրախ էի` չնայած թաքուն մտահոգությանս, թե երևի թուլամորթ եմ:

Երբ դահլիճից դուրս էինք գալիս, կգբշչնիկներն սկսեցին բարձրաձայն կռվել մեզ հետ ու ամոթանք տալ: Լեզվակռվով իջանք աստիճաններով, արդեն փողոցում դրանցից մեկն սկսեց ինձ քաշքշել ու հայհոյել, դե ամենափոքրն ու անպաշտպանն էի երևում, ու մեկ էլ… հայտնվեց Մազը: Կգբշչնիկներն աքլորացան` դու ով ես, ինչ ես խառնվում, ասեց` իմ կինն ա, բա դուք ով եք, ու էնպես վրա տվեց, որ դրանք փասա-փուսաներն հավաքեցին գնացին: Թշնամիների հեռանալուց հետո հեղափոխական քաջությունս միանգամից տեղի տվեց, ու ես սկսեցի լացել, ուրեմն իսկապես անպաշտպան էի ինձ զգացել: Մեկ էլ զգացի` ձեռքս թաց ա, նայեմ տեսնեմ` ձեռքիս ձուն եմ սեղմելով ջարդել: Էդպես կամավորներիս հեղափոխական գործի ղրկած լիդերներից մենակ Մազը չէր գնացել գինի խմելու, մնացել-սպասել էր, մինչև դուրս գանք:

Իսկ դա դեռ Սովետն էր, որի իշխանությունը ոչ թե ողորմելի էր էսօրվա պես, այլ իսկապես վախենալու, դեռ առաջին ցույցերն ու բողոքի ակցիաները մի երկրում, որտեղ մարդկային բազմությունը միայն պետական հրահանգով էր տոների առիթով փողոց դուրս գալիս, իսկ հզոր կայսրության փլուզվելու մասին ամենահամարձակ երևակայությունն էլ չէր պատկերացնի:

Հիմա երբ տեսնում եմ երիտասարդ ակտիվիստներին, որ շոգին ու ցրտին, արևին ու անձրևին փողոց են դուրս գալիս, տարբեր ակցիաներ անում, պայքարում ու կռիվ տալիս, ոստիկանների բռնություններին ենթարկվում, երբ նայում եմ նրանց ջահել, ինքնավստահ, հուզավառ դեմքերին…. հիշում եմ Մազին, երբ ինքն էլ երիտասարդ էր ու իր կռիվն էր տալիս:

Ու չեմ ուզում պատկերացնել, թե կյանքը մի տասը-քսան տարի հետո ուր կարող է նետել էսօրվա ջահելներին, որ այնքան լավն են հիմա: Որովհետև կյանքը հերոսական պայքարի բեմ չի մենակ, այլ` ծանր առօրյա կենցաղային բեռնակրություն, երեխաների ապագայի ու ծնողների ներկայի մտահոգություն, էդ հարցերի լուծման գայթակղիչ առաջարկների ու կոմպրոմիսներն արդարացնող ալիբիների առատություն, ստորացուցիչ հաշվարկ` էս մե՛կ, լավ, էս մեկն էլ, էս մեկը ուրիշ ա, էս հաշիվ չի, էս մեկն էլ ու պրծ…. միանգամից չես հանձնվում, որ նկատելի լինի, այլ` մաս-մաս, քայլ առ քայլ, օրեցօր, տարուց տարի… Ավելին` երբեմն նույնիսկ կարող ես չհասցնել հասկանալ արարքի իմաստը, ինչպես որ Վիոլետ Գևորգյանը էդ հալածանքներից Ամերիկա տեղափոխվելուց հետո, տարիներ անց պատմեց, թե ոնց են իրեն համոզել, որ Բաքու գնա` իբր կինոփառատոնի հարթակը կարող է օգտագործել Սումգայիթի մասին խոսելու: Ու էս ամենը մարդուն կարող են ջորի դարձնել… կամ աղվես. մեկը բացահայտ է հարմարվում ու հիմնավորվում իշխանության դիրքերում, մյուսը` թաքուն: Մեկը մի իշխանության օրոք է հանձնվում նրա բարեհաճությանը, հաջորդ իշխանության ժամանակ դառնում ընդդիմադիր, մյուսը` հակառակ հերթականությամբ, մեկը մի ընտրության կեղծիքներն է արդարացնում, մյուսը` մյուս: Ո՞վ է նայում, թե բանակի երկու հակադիր կողմերում հայտնվածները նույն խաղի կանոններին են ենթարկվում, նույն աշխարհայացքն ու գաղափարները ներկայացնում:

Բայց անարդար կլինի էս պատճառաբանությամբ լղոզել ամեն ինչ ու աստվածային բարձունքից հավասար նայել բոլորին` անգամ մահն ի մտի ունենալով: Դա մահվան տրամաբանությունն է, ոչ թե կյանքի: Իսկ մահվան դաժանությունը միայն էն չի, որ խլում է կյանքը, այլ նաև էն, որ խլում է էսօրվա շանսը` սրբագրելու երեկը: Մազն այլևս էդ շանսը չունի, ու ես իր համար չեմ գրում էս ամենը, այլ` դեռ շանս ունեցողների: Ու մաղթում եմ, որ էսօրվա ակտիվիստներից ոչ մեկը տարիներ հետո իր երբեմնի հեղափոխական ընկերներին հրաժեշտ տալու համար ստիպված չլինի կյանքի փորձությունները հիշելու, ինչպես որ ես հիշեցի, չնայած Մազի ընկերը չեմ եղել:

Ու չնայած ընկերը չեմ եղել, ուզում եմ հրաժեշտ տալ Մազին` հիշելով նրան, «երբ դեռ վեց տարեկան էր», հիշելով նրա` է՛ն օրվա դեմքը, որ լուսավոր հայտնվեց մութ փողոցում ինձ քաշքշող կգբշչնիկների դեմ ու կուրծքը աքլորավարի առաջ տալով` ասաց` էդ ո՞ւմ կնոջ վրա եք ձեռք բարձրացնում:

 

Վիոլետ Գրիգորյան