Մարզիկների դերը` հաղթանակած պատերազմներում

haxtanaki orՄայիսի 9-ին  մեր ժողովուրդը նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակի   68  և  Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձը : Հաղթանակների գործում մեծ է հայ մարզիկների դերը:

Չնայած պատերազմական վիճակներին Հայաստանում ֆիզկուլտուրային աշխատանքները չդադարեցին:

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում, 1943 թ.  հոկտեմբերի 9-ին , Հայաստանի ժողկոմխորհը / կառավարությունը /  որոշում ընդունեց միջնակարգ դպրոցներում ունենալ ֆիզիկական դաստիարակության ղեկավարներ, ստեղծել 10  նոր մարզադպրոցներ և այլն : Նույն թվականի հուլիսին որոշվեց  և 1945-ին սկսեց գործել   ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

Պատերազմի հինգ տարիների ընթացքում մեր երկրում պատրաստվեց  11 հազար 645 դահուկորդ ,  15 հազար 528 լողորդ ,  25 հազար 843 մենապայքարային մարզիկ , 42 հազար նռնականետորդ և այլն: Հայաստանում  ֆիզկուլտուրային կոլեկտիվների թիվը հասավ 777-ի , իսկ մարզիկների քանակը ` 33 հազար 451-ի :

Հաղթանակի ոգով են ռազմի դաշտ մեկնել  աննկուն հայ մարզիկները: Բոլորին է հայտնի Հրանտ Շահինյանի ` օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի  անունը: Բայց երևի քչերը գիտեն, որ ,, նժույգի արքան ,, Խորհրդային բանակի կազմում մարտնչել է ֆաշիստական հրոսակների դեմ  հյուսիսկովկասյան ռազմաճակատում  և 1943-ին ազդրից ծանր վիրավորվել է:

 

Պատերազմի ավարտից հետո Հրանտ Շահինյանը հենակներով վերադարձավ մարզադահլիճ : Կամքով արի մարտիկն ու մարզիկն ուժ գտավ  վերականգնելու հաշմված ոտքը և դեռ ավելին` Հելսինկիում 1952-ին կայացած  օլիմպիական  խաղերում նվաճեց երկուական ոսկե և արծաթե մեդալներ :

Հայոց մարզաշխարհի մարդկանց դերն անուրանալի  է նաև արցախյան հերոսամարտում : Հենց միայն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 23 շրջանավարտներ և ուսանողներ հերոսաբար ընկան մարտադաշտում: Նրանք խաղային, մենապայքարային, ջրային , կիրառական մարզաձևերի ներկայացուցիչներ են  և նրանց հիշատակը   հավերժացնում  է հարազատ բուհի բակում վեր խոյացած խաչքար – հուշարձանը:

Հարգանք և խոնարհում  պատերազմներում ընկած   հայոց   մարզաշխարհի մարդկանց  հիշատակին:

ՀԱՕԿ-ը  մարզաշխարհի մարդկանց անունից շնորհավորում է պատերազմներից հաղթանակով վերադարձած մեր քաջարի զավակներին,  մաղթում քաջառողջություն և երկարակեցություն:

  ՀԱՕԿ –ի լրատվության բաժին