Արմեն Աշոտյանը ներկայացրել է 2014 թվականի գերակա խնդիրները ԿԳ ոլորտում

արմեն աշոտյանՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ “2014 թվականի գերակա խնդիրները և ծրագրերը” թեմայով: Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարվա այն անելիքները, որոնք, ըստ Ա. Աշոտյանի, թույլ կտան ևս  մեկ քայլ առաջ տանել կրթական բարեփոխումները: Նախարարի խոսքով` այս տարի առաջարկվել են այնպիսի գերակա խնդիրներ, որոնք մի կողմից` նախորդ տարիների բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են, մյուս կողմից` նոր ակնկալիքներ են ձևավորում շահառուների մոտ:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես, ընթացիկ տարվա ընթացքում կշարունակվի դասագրքերի փորձարկման գործընթացը. մեկ տարի շուրջ 80 դպրոցում կփորձարկվեն դասագրքերը, ապա կլրամշակվեն և նոր միայն կմտնեն դպրոց: “Այս գործընթացը մեզ թույլ է տվել կտրուկ նվազեցնել դասագրքերում առկա անճշտությունների և վրիպակների քանակը և պատահական չէ, որ վերջին տարիներին հասարակությունը և մասնագիտական հանրույթը լուրջ դժգոհություններ չունի` դասագրքերի որակի հետ կապված”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս տարի կլրամշակվի նաև դպրոցների վարկանիշավորման համակարգը, որը հասարակությանը կմատուցի առավել ճշգրիտ և արժանահավատ տեղեկատվություն:

Բացի այդ, նախատեսվում է շարունակել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու գործընթացը: Ըստ Ա. Աշոտյանի` նախորդ տարի արտադրության է դրվել հայկական առաջին պլանշետը, որը կարող է դառնալ այն հիմնական կրթական գործիքը, որի միջոցով 2015 թվականից առաջին դասարանցիները կունենան առավել հագեցած կրթական ծրագրեր` մեկը պարտադիր կրթական չափորոշչին համապատասխան, մյուսը` հավելյալ ուսուցողական: “Ազգային երգ ու պար” առարկայի փորձնական դասավանդումը մի շարք դպրոցներում ևս ընդգրկված է գերակա խնդիրների շարքում. փորձնական փուլ անցնելուց հետո այն նախատեսվում է դարձնել պարտադիր առարկա: Այդ կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` կազմված լավագույն մասնագետներից, ովքեր էլ կմշակեն առարկայի ուսումնական  պլանը:

Հաջորդ գերակա խնդիրը հանրակրթության ոլորտում 9-ամյայից անցումն է 12-ամյա պարտադիր, այդ թվում`  մասնագիտական կրթության: Ըստ նախարարի` այդ ուղղությամբ այս տարվա բյուջեում նախատեսված են բավականաչափ միջոցներ, ինչպես նաև առկա է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն: Ա. Աշոտյանը կարևորել է նաև ազգային փոքրամասնությունների համար իրականացվող միջոցառումները` մայրենի լեզվով դասավանդման որակի բարձրացման, դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ: Անդրադառնալով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են տարիներ առաջ մեկնարկած բարեփոխումները` ԵՄ-ի և այլ միջազգային գործընկերների օժանդակությամբ: “Ոլորտը տարեցտարի առավել պահանջված է դառնում:  ՀՀ կառավարությանը հաջողվել է ընթացիկ տարվա համար ԵՄ-ի համապատասխան ֆոնդերից 6 մլն եվրո դրամաշնորհ հատկացնել գյուղատնտեսական քոլեջներին` վերջիններս արդիականացնելու և դրանք տնտեսության համար առավել պահանջված դարձնելու ուղղությամբ”,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ այս տարին ևս ոլորտի համար ձեռքբերումների տարի կլինի:

Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում որպես գերակա խնդիր Ա. Աշոտյանը կարևորել է Բոլոնիայի գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների շարունակականության  ապահովումը: Մասնավորապես, ընդգծվել է Որակավորումների ազգային շրջանակի ներդրման շարունակականության խնդիրը: “ՈԱՇ-ն այն առանցքն է, որը թույլ կտա հայկական բուհերի դիպլոմների առավել լայնածավալ և լիարժեք ճանաչում ԵՄ երկրներում` ըստ համապատասխան մակարդակների: Որպես գերակա խնդիր` պետք է նշել նաև սոցիալական խոցելի խմբերի ուսանողների կրթության հարցը: Նախորդ տարի մեկնարկել են մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք կշարունակվեն ընդլայնվել նաև այս տարի: ԱԺ-ում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի` կսահմանվեն ուսանողական զեղչերի պարտադիր  նվազագույն շեմերը և սոցիալական խմբերի համար օրենքով երաշխավորված զգալի  զեղչերը:

Առաջիկայում նախարարությունը կներկայացնի ուսանողների սոցիալական կարիքների գնահատման հետազոտություն, որտեղ առավել ընդգրկուն ներկայացված են ուսանողության խնդիրները, այդ թվում` հանրակացարանի, ճաշարանի,  ուսման վարձի, տրանսպորտի, որն իր հերթին  թույլ կտա կառավարությանն առավել հստակ պատկերացնել` ինչ սոցիալական խնդիրներ ունի ուսանողությունը և որտեղ հատկապես կենտրոնացնել կառավարության ջանքերը”,-նշել է նախարարը` ընդգծելով նաև Նորարարությունների հիմնադրամի իրականացրած նախագծերը, որոնց համար 10 բուհերի զգալի լրացուցիչ ֆինանասավորում է տրամադրվել` ավելի արդիական կրթական միջավայր ստանալու համար:

Ըստ Ա. Աշոտյանի` ոլորտում գերակա է նաև հակակառուպցիոն ռազմավարության միջոցառումը, որը նախարարի խոսքով` դեռ երկար ժամանակ պարտադիր պայման է լինելու և կրելու է շարունակական բնույթ: Այս կապակցությամբ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հասարակության աջակցության կարիքը: “Մենք ունակ ենք լսել հասարակության ձայնը և մեր որոշումների կայացման գործում այդ ձայնը դարձնել որոշիչ, եթե այն փաստարկված է: Այսպիսի հետադարձ կապ հասարակության հետ մենք երբեք չենք ունեցել, և որոշումների կայացման գործընթացում նման տեսակի թափանցիկություն և մատչելիություն երբեք չի եղել, այդ թվում` կրթության ոլորտում”,-նշել է Ա. Աշոտյանը:

Անդադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին Աշոտյանն ասել է. «Կարիք չկա 1998-2008 թթ.-ի ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների հետ կապված ունենալ նման սուր արձագանք, քանի որ որևէ ենթատեքստ այդ գնահատականների ու վերլուծականների մեջ չկա»:

Նրա խոսքերով` այդ թվականներին էլ ՀՀԿ-ը եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը: «1998թ-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո իշխանության կոնֆիգուրացիան ՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, երեքից երկուսը հանրապետականամետ կամ հետո հանրապետական դարձած մարդիկ էին: Իսկ 2003թ-ի նախագահական ընտրություններից հետո հիշում եք իշխանության կոնֆիգուրացիան` Ռոբերտ Քոչարյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան: Այդ տարիները նաև մեր տարիներն են` հաջողությունների, խնդիրների, տնտեսական վերելքի, հասարակաքաղաքական փոփոխությունների, և կարիք չկա նման սուր արձագանքի, քանի որ դա մեր ընդհանուր պատմությունն է և զարմանալի է այդ գնահատականը հատկապես երկրի երկրորդ նախագահի կողմից»,-ասել է  Ա.Աշոտյանը:

Ըստ Ա. Աշոտյանի` իր համար հաճելի է, որ ՀՀ երկրորդ նախագահը հիշատակել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը, բայց չգիտի, թե որքանով էր այն անկեղծ: «Հետաքրքիր է, թե երբ է Ռ.Քոչարյանը վերջին անգամ այցելել պանթեոն, չգիտեմ, գուցե սխալ եմ»,- ասել է  նա` հավելելով, որ ՀՀԿ-ն գնահատում է անցյալը, բայց կառուցում է ապագան. «Կարիք չկա սեփական ցավդ դարձնել ուրիշի հիվանդություն, մենք նման խնդիր չունենք»:

Անկախ

 

Tags: , , ,