Արայիկ Բաղդադյան. «Փոփոխությունները չեն կարող բոլոր ըմբիշների սրտով լինել»

արայիկ2013-ի մրցաշրջանը հաջող էր Հայաստանի ըմբիշների համար: Բարձր արդյունքներ ցույց տվածներից 7-ը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացայի անցկացրած հարցման արդյունքով, տեղ զբաղեցրին տարվա լավագույն մարզիկների  տասնյակում, իսկ առաջինը ճանաչվեց աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը: Հավաքականը սկսել է նոր մրցաշրջանի նախպատրաստությունը և հունվարի 13-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Մարզումները կշարունակվեն մինչև հւնվարի 27-ը: Նոր տարի է սկսվել, նաև նոր խնդիրներ են ծագել, քանի որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացան մարզիկների համար սահմանել է նոր քաշային կարգեր: Նախորդ մրցաշրջանի և առաջիկա անելիքների մասին զրուցեցինք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:

- Մարզական լրագրողները  ճիշտ են գնահատել, մարզաշխարհի ներկայացուցիչների տեսակետն էլ չի տարբերվում: Իրոք, Սաֆարյանը մեծ բարձունքներ է նվաճել և արժանիորեն է լավագույն ճանաչվել: Հայաստանի անկախացումից հետո նա մեր երկրի ներկայացուցիչներից երկրորդն է փառաբանված ազատ ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գևորգյանից հետո, որը նույն տարում ուժեղագույն է ճանաչվել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: 1997-ից հետո, եթե հիշողությունս չի դավաճանում, ոչ մի մարզաձևում այդպիսի մարզիկ չենք ունեցել:

 - Ինչո՞վ է պայմանավորված ըմբիշների ցույց տված կայուն, նաև բարձր արդյունքները:

- Տարեցտարի է առաջընթացը կատարվել, և դա սպասելի էր: Հայաստանի պատանեկան, երիտասարդական հավաքականների ըմբիշները նույնպես աշխարհի, Եվրոպայի առաջնություններում պարբերաբար հաջողությունների են հասել: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ըմբիշների համար ստեղծված են բոլոր պայմանները, և  որևէ այլ մարզաձևի ներկայացուցիչներ այդ առումով չեն կարող համեմատվել: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը մեծ ջանքեր է գործադրում: Ոչ միայն մարզիկների, մարզիչների, այլև թիմերին օգնող մյուս մասնագետների աշխատանքը գնահատվում է, վարձատրվում: Ի դեպ, մարզիկները տարիքն առնելով չեն շտապում հրաժեշտ տալ սպորտին` քաջ գիտակցելով, որ հաջողության հասնելու դեպքում անպայման նոր խրախուսական պարգևներ են ստանալու:

 - Նոր տարվա շեմին հայտնի դարձավ, որ 2014-ի սկզբից ըմբիշների համար նոր քաշային կարգեր են սահմանվել: Դա լրացուցիչ բարդություններ չի՞ առաջացնի:

- Ազատ ոճի ըմբիշները 2016-ի օլիմպիական խաղերում հանդես են գալու 57, 65, 74, 86, 97,125 կգ քաշային կարգերում: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ազատ ոճի ըմբիշները կարողություններն են փորձելու նաև 61 և 70 կգ քաշային կարգերում: Սպասում էինք, որ փոփոխություններ կլինեն, բայց  ոչ այդքան շուտ: Այդուհանդերձ, լավ է, որ մինչև  օլիմպիական խաղերը մարզիկները կկարողանան հարմարվել այդ քաշային կարգերին: Փոփոխությունները չեն կարող բոլոր ըմբիշների սրտով լինել: Հայաստանի հավաքականի այն մարզիկները, որոնք նախկինում 55 կգ քաշային կարգում էին ուժերը չափում, գոհ են, որ 57 կգ քաշային կարգում են հանդես գալու: Նրանք  6-7 կգ քաշ գցելու խնդիր ունեին, այժմ այդ առումով ջանքեր քիչ են թափելու: Իսկ ահա Դավիթ Սաֆարյանի համար այնքան էլ լավ չէ, քանի որ նա նախկինում հանդես էր գալիս 66 կգ քաշայինների մրցումներում, այժմ էլ հանդես է գալու 65 կգ քաշայինների պայքարում, այսինքն` մեկ կիլոգրամով էլ  պետք է պակասեցնի քաշը: Իսկ ըմբիշների համար մի քանի կիլոգրամ քաշ գցելը, կամ ավելի ծանրանալը, խնդիր է: Այնպես որ, փոփոխությունները չեն կարող աննկատ մնալ:

 հավաքական- Նախկինում ազատ և հունահռոմեական ոճերի ըմբիշները նույն քաշային կարգերում էին հանդես գալիս, այժմ դրանք տարբեր են. հունահռոմեական ոճի ներկայացուցիչներն օլիմպիական խաղերում հանդես են գալու 59, 66, 75, 85, 98, 130 կգ, իսկ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում նաև 71 և 80 կգ քաշային կարգերոմ: Անհասկանալի  է` ինչո՞վ է երկու մրցաձևերի քաշային կարգերի այս տարբերակումը պայմանավորված:

- Անկեղծ ասած, ինձ համար էլ է անհասկանալի է: Երկու մրցաձևերի ներկայացուցիչներն էլ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կազմում են: Թե ինչու է կազմակերպության ղեկավարությունն դա նպատակահարմար համարել` պարզ չէ:

 - Առաջիկա ծրագրերի մասին ի՞նչ կասեք:

- Ապրիլի 1-ին Ֆինլանդիայում մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը: Աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբերի 7-14-ը Ուզբեկստանում: Մինչև այդ փորձությունները, ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք, մեր ըմբիշները կարողությունները կփորձեն միջազգային մրցաշարերում: Փետրվարի 5-7-ն Իրանում մասնակցելու ենք միջազգային մրցաշարի: Ապա մերոնք հանդես կգան Թուրքիայում: Մարտի 15-17-ը ԱՄՆ-ում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը, սակայն կներկայանանք երկրորդ կազմով, քանի որ մեր առաջատար ըմբիշները նախապատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը: Աշխարհի գավաթի խաղարկությունում ուժերն են չափելու աշխարհի առաջնությունում 1-10-րդ տեղերը գրաված հավաքականները: Այդ ստուգատեսում Հայաստանը 9-րդն էր: Ապա հաջորդում էր Թուրքիայի ընտրանին: Ադրբեջանի հավաքականը, որի կազմում մեծ թվով լեգեոնականներ կան, 11-րդն էր:

 - Հնարավո՞ր է, որ որևէ հավաքական հրաժարվի, և սահմանակից երկրի ներկայացուցիչները ևս պատվիրակներ ուղարկեն:

- Հրաժարվելու դեպքում մեծ տուգանքներ պետք է վճարել, իսկ դա ձեռնտու չէ: Մեր երկրի հավաքականից ԱՄՆ-ում սպասելիքները մեծ չեն լինի, սակայն երիտասարդ ըմբիշները մասնակցելով` մրցափորձ ձեռք բերելու լավ հնարավորություն կստանան:

 - Մեր թիմի առաջատարը` Սաֆարյանը, Կրասնոդարում է բնակվում: Նա իր բնակավայրում մարզվո՞ւմ է:

- Եթե ուսումնամարզական հավաք չկա, ապա Դավիթն ամենօրյա պարապմունքներ է անցկացնում Կրասնոդարում: Մեր ըմբիշին մարզում է Աբդուլ Մահոմեդովը: Նա դաղստանցի է, փորձառու ըմբիշ է եղել, լավ մարզիչ, Սաֆարյանի հետ երկար տարիներ աշխատում է: Հայաստանի հավաքականը տարվա ընթացքում 110 օր ուսումնամարզական հավաք է անցկացնում, 40-50 օր էլ մրցաշարերի է մասնակցում: Դավիթը տարեվերջին որպես պարգև 4-սենյականոց բնակարան ստացավ Երևանի կենտրոնում, այնպես որ նա առաջիկայում ավելի շատ է Հայաստանում անցկացնելու, նաև մարզվելու:

 - Հավաքականի կազմում, Սաֆարյանից բացի, ովքե՞ր ներուժ ունեն, որ հույսեր են ներշնչում` մեծ հաջողությունների կհասնեն:

- Արթուր Առաքելյանը (61 կգ) Եվրոպայի առաջնության շեմին` երկու օր առաջ, վնասվածք ստացավ և չմասնակցեց: Բայց նրան վստահեցինք, որ հանդես գա աշխարհի առաջնությունում, և շատ մոտ էր հաջողությանը: Մի շարք տպավորիչ հաղթանակներից հետո Արթուրը զիջեց իրանցի ըմբիշին: Մուսա Մուրթազալիևը (85 կգ) 2013-ին իրեն լավ դրսևորեց, թեև ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ժամանակ ստամոքսի խանգարումից հետո լուրջ խնդիրներ էր ունեցել: Մուսան բավարարվեց աշխարհի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսով, թեև կարող էր  նաև ճանաչվել չեմպիոն: Աշխարհի ապագա չեմպիոնի հետ գոտեմարտում Մուրթազալիևը 7 միավորի առավելություն ուներ, բայց ֆիզիկական պատրաստվածությունը չբավականացրեց: Նրանից նոր մրցաշրջանում ևս կայուն մրցելույթներ և նորանոր հաջողություններ ենք ակնկալում: Ընդհանրապես սպասելիքներ ունենք հավաքականի բոլոր անդամներից:

 - Հավաքականում տեղ զբաղեցնելու համար մրցակցություն կա՞:

- Թեև քաշային կարգերի թիվը 7-ից հասել է 8-ի, մրցակցությունը մեծ է: Չանտեսենք, որ օլիմպիական խաղերում ընդամենը 6 քաշային կարգեր են: Այնպես որ 61 և 70 կգ քաշային մեր ըմբիշները  կարող են նաև բախտ որոնել 65 և 74 կգ քաշայինների մրցաշարերում, իսկ դա ավելի կսրի մրցակցությունը:

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Tags: ,