Լավագույնը` միջազգային հարթակում

տուրիզմՆախորդ տարի զբոսաշրջային ոլորտը բեկումնային էր մեր երկրի ճանաչելիության առումով: Վերելք է արձանագրվել ոչ միայն ներքին զբոսաշրջության, այլև նոր ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սոցփաթեթների իրականացման առումով: Ոլորտի պատասխանատուները նշում  են, որ տարեցտարի մեծանում է միջազգային շուկայում մեր երկրի ներկայացվածությունը, ինչը հնարավորություն է տալիս  ավելացնելու նոր զբոսաշրջիկների հոսքը:

Զարմանալիորեն մեր փոքր երկիրը դառնում է նախապատվելի աշխարհի տարբեր վայրերում ապրող զբոսաշրջիկների համար:  Դրա վկայությունն այս տարի միջազգային խոշոր ցուցահանդեսներին մեր երկրի մասնակցությունն էր: Եթե տարիներ առաջ հազվադեպ էր բախտ վիճակվում ընդգրկվել նման հեղինակավոր ցուցահանդեսներում, ապա այժմ մեծանում է ոչ միայն մասնակցության հնարավորությունը, այլև պատվավոր մրցանակներ շահելը:

Միայն այս տարի Հայաստանը մասնակցել է 15 խոշոր միջազգային ցուցահանդեսների, կազմակերպվել են 14 ճանաչողական այցեր զբոսաշրջային օպերատորների, լրագրողների համար։

Նախորդ տարվա ապրիլին ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով ճանաչողական նպատակով Հայաստանում էր National Geographic Traveler-ի խմբագրակազմը՝ գլխավոր խմբագրի մասնակցությամբ։ Ինչպես նշում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը, National Geographic Traveler-ի խմբի ճանաչողական այցը մի շարք նոր հնարավորություններ բացեց մեր երկրի համար՝ խթանելով զբոսաշրջության ոլորտը և նրա ներկայացվածությունը միջազգային շուկայում։ Ինչպես վստահեցրեց հիմնադրամի տնօրենը, իրենք այդ ժամանակահատվածում հնարավորություն ունեցան լավագույնս ներկայացնելու մեր երկիրը՝ որպես զբոսաշրջային ուղղություն։ Նրանք կարողացել են ծանոթանալ մեր երկրի մշակույթին, ավանդույթներին, պատմությանը և իրենց տպավորությունները հրապարակել Natinonal Geographic Traveler-ում։ Այնուհետև մեր երկիրն ընդգրկվել է National Geographic Traveler-ի կազմակերպած «Լավագույն զբոսաշրջային ուղղությունների» մրցույթում և հաղթող ճանաչվել։

Մրցույթի արդյունքները ստացվել են առցանց անցկացված քննարկումներով, որոնց մասնակցել է շուրջ 65 հազար մարդ։  Եվ ինչպես ուրախությամբ արձանագրում է ՀԱՄՀ-ի տնօրենը, Հայաստանը «Տարվա հայտնություն» անվանակարգով ճանաչվել է լավագույնը միջազգային զբոսաշրջային շուկայում։

Հաջորդ մրցանակին մեր երկիրն արժանացել է Լոս Անջելեսում ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության հովանու ներքո անցկացված միջազգային պաստառների մրցույթում, որտեղ «Եվրոպա» անվանակարգում աշխարհի 44 երկրներից դարձյալ Հայաստանը ճանաչվել է լավագույնը: «Հայերի սիմֆոնիա» պաստառը, ինչպես նկատում է Արման Խաչատուրյանը, բազմիցս հրապարակվել և ցուցադրվել է տարբեր տեսահոլովակներով։

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի տեղեկացմամբ, «ժողովրդի քվեարկություն» անվանակարգում 2011 թ. Հայաստանը ևս զբաղեցրել է առաջին տեղը։ Նշենք, որ այս մրցույթը կազմակերպվում է երկու տարին մեկ, իսկ այդ ժամանակահատվածում անընդհատ խոսվելու և գովազդվելու է մեր երկրի մասին, մինչ նոր մրցույթի անցկացումը: «Միջազգային մրցույթներում լավագույն տեղերը զբաղեցնելը դեռ առաջիկայում ունենալու է իր դրական անդրադարձը»- համոզված է փոխնախարարը:

Հաջորդ ձեռքբերումը, որն արձանագրվել է զբոսաշրջության ոլորտում նախորդ տարի, աշխարհի  լավագույն 10 առաջարկվող երկրների ցանկում Հայաստանի հայտնվելն է: Նշենք, որ  գործում է Globe spots. com էլեկտրոնային կայքը, որը ստեղծել է ակտիվ ճանապարհորդների մի խումբ, որը զբաղվում է զբոսաշրջիկների շրջանում նոր զբոսաշրջային ուղղությունների լուսաբանմամբ։ Շրջագայելով և նկարագրելով աշխարհի տարբեր երկրներից իրենց ստացած տպավորությունները` նրանք որակավորում են դրանք և ըստ առաջնահերթությունների տեղադրում կայքում: Այդ էլեկտրոնային կայքում ներառվել է նաև  Հայաստանը` հայտնվելով Կուբայի, Պանամայի, Կանադայի, Պորտուգալիայի, Մոզամբիկի և այլ երկրների կողքին։  Ճանապարհորդների այդ խումբն առաջին հերթին գրավիչ է համարել Հայաստանի` առաջին քրիստոնյա երկիր լինելու հանգամանքը, հոգևոր տուրիզմի առկայությունը, գեղեցիկ բնաշխարհը, մարդկային գործոնը և հյուրընկալությունը։ Բացի այդ, նրանք համոզված են, որ հայերը բավական հմուտ են բաժակաճառերի և գեղեցիկ սեղան պատրաստելու տեսանկյունից:

Իսկ Ամերիկյան Forbes ամսագրի հրապարակումներից մեկում նախորդ  տարվա սկզբում արդեն ագրոտուրիզմի ոլորտում ամենագրավիչ երկրների ցանկում դարձյալ ընդգրկվել է  Հայաստանը՝ հայտնվելով Շրի-Լանկայի, Չեխիայի, Խորվաթիայի, ԱՄՆ-ի, Կիպրոսի, Իտալիայի, Լեհաստանի և այլ երկրների կողքին։ Այսինքն՝ ագրոտուրիզմի զարգացման տեսանկյունից զբոսաշրջիկներին սկսել է հետաքրքրել նաև Հայաստանը։

Մասնագետների դիտարկմամբ` միայն այդ ցուցահանդեսների շնորհիվ այս տարի գուցե ոլորտում աճը հասնի մինչև 22 տոկոսի:

Նախորդ տարվա հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 321279 զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343 263 մարդ։ Ամփոփվել են նաև վիճակագրական տվյալները մինչև նախորդ տարվա սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում: Ըստ այդմ, ոլորտում անցյալ տարի արձանագրվել է 12, 4 տոկոս աճ տուրիստական ներգնա այցելությունների առումով, իսկ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 677 906՝ նախորդ տարվա 603 հազար զբոսաշրջիկի դիմաց։ Աճ է արձանագրվել նաև ներքին և արտագնա տուրիզմում՝ կազմելով 11,6 տոկոս։ Նախորդ նույն ժամանակահատվածի 608 հազարի փոխարեն անցյալ տարի շրջագայությունների է մեկնել շուրջ 675 հազար մարդ։

 

Լ.Ն

Անկախ

Tags: ,