«Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, աշխարհում ընդունված ձև է». Վազգեն Մանուկյանը «Գրիբոյեդով» ակումբի մասին

Vazgen_ManukyanՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախի» հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց «Գրիբոյեդով» ակումբի, դրա մասնակիցների, քննարկման ձևաչափի, ինչպես նաև այդ քննարկումներին իր մասնակցության վերաբերյալ՝ անդրադառնալով ակումբի մասին մամուլում շրջանառվող հակասական լուրերին, թե իբր այն գործում է «կիսագաղտնի» և դրա անդամ է նաև Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իրեն հրավիրել են մասնակցելու ակումբի քննարկումներին անցյալ տարի, և տարվա ընթացքում մասնակցել է մի քանի հանդիպումների:

«Բանավիճային ակումբ է, ոչ ֆորմալ, ազատ ձևաչափով՝ ճաշի սեղանի շուրջ: Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, պարզապես այդ հանդիպումները լրատվամիջոցներով չլուսաբանելու ներքին պայմանավորվածություն կա, որպեսզի մարդիկ ավելի ազատ արտահայտեն իրենց տեսակետները, լինեն ավելի անկաշկանդ, բաց բանավեճ ծավալեն»,- ասաց նա՝ նշելով, սակայն, որ տեղյակ չէ, թե երբվանից է ակումբը գործում:

Մանուկյանն ասում է, որ մասնակիցների մեջ հիմնականում մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ են, գործարարներ, քաղաքագետներ, սակայն կազմն անընդհատ փոփոխվում է: «Ես, օրինակ, մի քանի հանդիպումների մասնակցել եմ,  շատերի ժամանակ էլ զբաղված եմ եղել և հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու: Կան մարդիկ, որոնց միշտ ես տեսնում: Բացի այդ, մասնակիցներն էլ իրենց հերթին կարող են որևէ մեկին հրավիրել: Ունեմ ծանոթներ, որոնք երկու տարի առաջ մասնակցել են, հետո որոշ դադար են տվել, դուրս են մնացել հրավիրյալների ցանկից, բայց եթե ուզենան` կարող են նորից մասնակցել: Այսինքն` ազատ, ճկուն ակումբ է, հատուկ անդամներ չկան»:

Վազգեն Մանուկյանը, օրինակ, մասնակցել է քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հետ հանդիպմանը, որի հետ քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր, այդ ընթացքում սուր բանավեճեր են ծավալվել իր ու Կուրղինյանի միջև: Մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ հանդիպմանը, որը բավականին հետաքրքիր է անցել: Ըստ Մանուկյանի` երիտասարդ նախարարը բավական լավ տպավորություն է թողել որպես ոչ սովորական չինովնիկ, որպես իսկական մշակույթի մարդ, մտածող մարդ:

Սովորաբար, քննարկումները վարում է ակումբի հիմնադիր, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը, սակայն նա քննարկումներից մեկին մասնակցել է նաև գլխավոր հրավիրյալի կարգավիճակով, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ղեկավար։ Մանուկյանն այդ հանդիպմանը նույնպես մասնակցել է:

ՀԽ նախագահը բավականին հետաքրքիր ու կարևոր է համարում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ հանդիպումը: Նշենք, որ այդ ինստիտուտը մեծ հեղինակություն ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում: Այն տասնյակ տարիներ քաղաքագետներ ու դիվանագետներ է պատրաստել Խորհրդային միության երկրների համար, այժմ էլ Ռուսաստանի համար է պատրաստում: Ի դեպ, Փենսիլվանիայի համալսարանի կողմից այդ հաստատությունը համարվել է 2013 թվականի աշխարհի տասը լավագույն համալսարանական գիտավերլուծական կենտրոններից մեկը:

Այդ հանդիպումներն ու քննարկումները Վազգեն Մանուկյանը կարևոր և օգտակար է համարում, մանավանդ որ շատ հարցեր քննարկվում են այնպիսի մարդկանց հետ, որոնք Ռուսաստանում բարձր դիրք են գրավում  և մեծ հեղինակություն են վայելում ՝ թե՛ իշխանությունների և թե՛ հանրության կողմից:

Նա նշում է, որ որոշ հանդիպումների ժամանակ քննարկումներ են ծավալվել նաև  Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի շուրջ: «Բավականին թեժ բանավեճեր են ընթացել: Մեր կողմից բարձրացվել է այն հարցը, որ դա չի տեղավորվում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մեջ: Իհարկե, այդ խոսակցությունները մնում էին որպես խոսակցություն,  բայց ռուսական կողմը գոնե հասկանում էր, թե դա ինչ մեծ դժգոհություն է առաջացրել մեր հասարակության մեջ»:

Ո՞րն է այդ ակումբների, մասնավորապես` ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծված «Գրիբոյեդով» ակումբի գլխավոր նպատակը: Այս հարցին Մանուկյանը պատասխանում է. «Դրանով ռուսները փորձում են շփվել Հայաստանի՝ ինչ-որ իմաստով մտավորական շերտի հետ, իրենց մտքերը քարոզել, իմանալ դիմացինի կարծիքը»:

Մանուկյանը կարծում է` լավ կլիներ, եթե նման ակումբներ  լինեին ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ՝ հիշեցնելով, որ նման ակումբներ կան աշխարհի շատ երկրներում: «Այդ հարցերում շատ ակտիվ է հատկապես Ֆրանսիան,  որն ակումբներ է ստեղծում աշխարհի տարբեր երկրներում, փորձում մերձեցնել մարդկանց Ֆրանսիայի դիրքորոշմանը, իմանալ դիմացինի դիրքորոշումը»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկրի հետ նման ակումբ ստեղծելն ավելի հեշտ է, քանի որ լեզվական խոչընդոտ չկա: «Երիտասարդները, իհարկե, բավական լավ են անգլերենին տիրապետում, բայց ավագ սերնդի ներկայացուցիչներից քչերն են այդ լեզվով ազատ շփվում: Ռուսաստանի հետ այդ խնդիրը չկա, և ավելի հեշտ է քննարկումներ ծավալել»:

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ մեր հասարակության զարգացման հետ մեկտեղ այդպիսի ակումբների թիվն էապես աճելու է. «Ժամանակակից աշխարհում ժողովուրդներն իրար հետ շփվում են ոչ միայն կառավարական մակարդակով, այլև հասարակության տարբեր շերտերի հետ զուգահեռ՝ մշակութային, տնտեսական, գիտական, գաղափարական և այլն: Հենց դրանով է պայմանավորված ժամանակակից աշխարհի միահյուսվածությունը»,- ամփոփեց նա:

Անկախ

Tags: ,