Ֆինանսների նախարարն ամփոփել է 2013 թվականի գործունեության արդյունքները

դավիթ սարգսյանԱյսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ամփոփեց 2013 թվականի գործունեության արդյունքները և ներկայացրեց 2014 թվականի գերակայությունները:

2013 թ.-ին պետական պարտքի կառավարման ոլորտում և բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նոր գործիք է ներդրվել. առաջին անգամ թողարկվել են արտարժույթով պետական պարտատոմսեր (եվրապարտատոմսեր)՝ 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 6.25% եկամտաբերությամբ, 7 տարի ժամկետով։ Սա առաջին քայլն է միջազգային կապիտալի շուկայում։ Ընդ որում, ֆինանսների նախարարության մասնագետների աշխատանքը բարձր գնահատականի արժանացավ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: (Հավելված 1)

Բացի դրանից, նախարարությանը հաջողվեց նախորդ տարեվերջին նաև էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոսմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները: Միջազգային փորձը վկայում է, որ արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էապես մեծ: Եվրապարտատոմսերի թողարկումից հետո, ձեռնարկած մի շարք միջոցառումների արդյունքում, արձանագրվել է պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազում՝ միջինում 4.5 տոկոսային կետով: Ֆինանսների նախարարությունը շարունակելու է քայլեր իրականացնել արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերության համաչափությունը պահպանելու ուղղությամբ: (Հավելված 2)
2013թ. ընդլայնվեց գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի կիրառությունը։ Ներկայումս պետական կառավարման բոլոր մարմիններն իրենց հաշիվները գանձնապետարանում կառավարում են էլեկտրոնային եղանակով՝ առանց գանձապետարան այցելելու: 2014 թ. էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Client-Treasury-ում, կընդգրկվեն նաև մարզային և համայնքային բոլոր հիմնարկները։ Նախորդ տարի է նաև ներդրվել էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ստուգման և ամփոփման համակարգչային նոր ծրագիր:
Նշենք, որ գանձապետարանում սպասարկվում են 4877 հաճախորդների (պետական մարմիններ, պետական հիմնարկներ, համայնքներ, ՊՈԱԿ-ներ) 30212 հաշիվներ: Գանձապետարանում հաշվառված են 51158 պայմանագրեր: Գանձապետարանը նաև ապահովել է բյուջեի ծախսային ծրագրերի կատարողականի օրական հրապարակումը ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում՝ ինտերակտիվ բյուջեի միջոցով:
2013թ.-ին պետական վճարումների էլեկտրոնային համակարգում ներառվել են ինչպես պետական տուրքի, տուգանքների, գույքահարկի վճարումների, այնպես էլ պետական բյուջեի հարկային պարտավորությունների վճարումները՝ դրանց իրականացումը հարկատուների համար առավել դյուրին և հարմարվետ դարձնելու նպատակով: Այսուհետ բոլոր հարկերը կարելի է վճարել էլեկտրոնային եղանակով՝ e-payments կայքի միջոցով առանց բանկ այցելելու։
Գնումների ոլորտը նախորդ տարվա ընթացքում ամբողջությամբ կանոնակարգվել է: Առաջին անգամ մշակվել և հրապարակվել են «Գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերը», ինչը բավական հեշտացնում է պետական պատվիրատուների գործողությունները գնման ընթացակարգերի կազմակերպման հարցում և փոքրացնում տեխնիկական սխալներ գործելու հավանականությունը: 2013թ.-ից սկսած՝ խոշոր կազմակերպություններին պետական գնումներին մասնակցելու հնարավորություն է ընձեռվում միայն իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորի կողմից տրամադրված դրական եզրակացության պարագայում: Այսպես, 940 խոշոր ընկերությունից միայն 511-ն էին իրենց ֆինանսական հաշվետվություններում ամբողջությամբ բացահայտել անհրաժեշտ տեղեկատվությունը և իրավունք ստացել մասնակցելու պետական գնումներին:
Ոլորտում կարևոր քայլ էր ավտոմատացված Գնումների Միասնական Անվանացանկի (CPV) ներդրումը, կամ այլ կերպ ասած` գնումների անվանացանկի կոդավորման մեխանիզմը: Նախկինում պետության կողմից կատարվող գնումների գործընթացում բավական բարդ և գրեթե անիրական աշխատանք էր ըստ գնման առարկաների հաշվառումն ու վիճակագրություն վարելը, քանի որ միևնույն գնման առարկան տարբեր պատվիրատուներ կարող էին բնութագրել կամ անվանել տարբեր կերպ: Նոր ներդրված համակարգով այս խնդիրն ամբողջությամբ լուծվում է, քանի որ այն միասնական է բոլոր պատվիրատուների համար: Բացի դրանից, նախկինում գնման առարկաների կոդավորումն իրակացվում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման ու չափագիտության կենտրոնի միջոցով և խլում 1.5-2 ամիս: Մինչդեռ նոր համակարգի ներդրմամբ պատվիրատուն անվանացանկն այլևս ստանդարտացման ու չափագիտության կենտրոն չի ներկայացնում՝ խնայելով նշված ժամանակը:
Գործարկվել է նաև էլեկտրոնային գնումների համակարգը. տարեսկզբից բաց ընթացակարգերով և շրջանակային համաձայնագրերի միջոցով գնումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով: Պատրաստվել են էլեկտրոնային գնումների ուղեցույց, ձեռնարկ պատվիրատուների համար, հայտարությունների ու հրավերների օրինակել ձևեր:
Առաջին անգամ կազմվել ու ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակվել է 2012թ-ի գնումների տարեկան հաշվետվությունը: Ընդ որում, կայքում հրապարակվել են նաև գնումների վերաբերյալ աճողական՝ եռամսյակային, կիսամյակային ու իննամսյա հաշվետվությունները, գնումների որակավորված մասնագետների ցանկերը (նրանց թիվը կազմում է 737 նախորդ տարվա 504-ի համեմատ), պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կարգով կատարած կամ չկատարած կազմակերպությունների ցանկը (սև ցուցակ): Սև ցուցակում ընդգրկված կազմակերպություններն իրավունք չունեն մասնակցել ՀՀ պետական մարմինների ու այլ պատվիրատուների կողմից կազմակերպված գնման գործընթացներին: 2013թ.-ից պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գնումների բոլոր պայմանագրերը արդեն համացանցում հասանելի են, ցանկացած հետաքրքրված անձ կարող է դրանք տեսնել: Արդյունքում բարձրացել է գնումների գործընթացի թափանցիկությունը:
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են հիմնական սպառման շուրջ 350 անուն ապրանքների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները. ըստ այդմ, արգելվում է ՀՀ պետական կառավարման մարմիններին ձեռք բերել նշված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող կամ առավելագույն գները գերազանցող ապրանքներ: Նախկինում պետական մարմինները միևնույն գնման առարկան՝ օրինակ թուղթը, կարող էին պլանավորել ցանկացած տեսակի և որակի, ուստի նաև ցանկացած գնով, ինչը տվյալ համակարգի ներդրմամբ բացառվեց: Ընտրանքային կարգով ուսումնասիրության են ենթարկվում պետական մարմինների գնումների հայտարարությունները և տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև արդեն իսկ կնքված պայմանագրերը, որոնք պետական մարմինները ներկայացնում են գանձապետարան գրանցման:
Բարելավվել է պետական գնումների բողոքարկման գործընթացը: Մասնավորապես, նախկինում հանդիպում էին դեպքեր, երբ բողոքող կողմը հրաժարվում էր իր բողոքից, ինչի արդյունքում բողոքարկման հանձնաժողովը նման գործերը թողնում էր առանց քննության: Ներկայումս, անկախ այն հանգամանքից՝ բողոքող կողմը հրաժարվում է իր բողոքից թե ոչ, բողոքարկման հանձնաժողովը պարտավոր է իրականացնել տվյալ գործի ուսումնասիրություն և հրապարակել եզրակացություն: 2013թ. ընթացքում ստացվել է 49 բողոք, որից 19-ի մասով բողոքը բավարարվել է հօգուտ մասնակցի, 20 բողոք մերժվել է, իսկ 10-ը՝ թողնվել է առանց քննության՝ մասնակցի կողմից բողոքը հետ վերցնելով պայմանավորված (ներկայումս արդեն բողոքարկման հանձնաժողովը եզրակացություն կհրապարակի նաև նման դեպքերում): 2012 թ. ստացված բողոքների թիվը 38-ն է, որից 17-ը բավարարվել է, 11-ը մերժվել և 10-ը չի քննվել:
2013թ. պետական հատվածում սկիզբ դրվեց ներքին աուդիտի նոր համակարգի գործունեությունը: Ստեղծվել են շուրջ 100 ներքին աուդիտի ստորաբաժանումներ, ընդ որում 56 պետական մարմիններից 52-ում, իսկ 48 քաղաքային համայնքներից՝ 45-ում: Ներքին աուդիտի համակարգում ընդգրկվել են 213 աուդիտորներ՝ նախորդ տարվա 188-ի համեմատ, որոնք ուսուցանվել են ու շարունակ մասնակցել են վերապատրաստման ծրագրերի: Աուդիտի գործողության ոլորտն ընդլայնվել է և ընդգրկում է կազմակերպության գործունեության ցանկացած ոլորտ` նախկին ֆինանսական ոլորտի փոխարեն: Կանոնակարգվել են ներքին աուդիտորների արտաքին գնահատաման գործառույթները: Այսուհետ, արտաքին աուդիտորները ենթարկվելու են արտաքին գնահատման ֆինանսների նախարարության կողմից:
Հաշվապահական հաշվառման ոլորտում նախորդ տարի իրականացվել է միջազգային ստանդարտներում 2009-2013թթ. ընթացքում կատարված փոփոխությունների թարգմանությունը և հրապարակվել, ինչի արդյունքում ներկայումս ՀՀ-ում կիրառվող ստան¬դարտ¬ները համապատասխանում են 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող հաշվապահական միջազգային ստան¬դարտներին:
Մշակվել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրառումն ապահովելու նպատակով և «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին համապատասխան հաշվառում վարելու նպատակով: 2013թ.-ից հաշվապահների և աուդիտորների որակավորման քննությունների անցկացումն իրականացվում է համակարգիչների միջոցով: Իսկ աուդիտորների որակավորման քննությունների անցկացումը պատվիրակվել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիային՝ մասնագիտացված կառույցի դերի բարձրացումն ու լիազոր մարմնի հետ արդյունավետ համագործակցության ապահովելու համար:
Նախորդ տարվա ընթացքում դադարեցվել են 5 աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիաների գործողություններ, որոնցից 2-ը՝ աուդիտի ստանդարտների պահանջները չպահպանելու և դրա արդյունքում ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն տրամադրելու հիմքով, իսկ 3-ը՝ իրենց դիմումի համաձայն: Աուդիտի ստանդարտների պահանջները չպահպանելու և դրա արդյունքում ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն տրամադրելու հիմքով դադարեցվել է 7 որակավորված աուդիտորի վկայականի գործողություն:
2013 թ. արդյունավետ է գործել Հարկային և մաքսային հարցերով գանգատարկման միջգերատեսչական խորհուրդը, որը 22 նիստերի ընթացքում քննարկել է ՀՀ ԿԱ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովներում քննարկված, սակայն մերժված կամ մասնակի բավարարված 82 դիմում-գանգատ: Դրանցից 14-ը ամբողջոթյամբ և 5-ը մասնակիորեն խորհուրդը համարել է հիմնավոր, 1-ը կասեցվել է, 5-ը թեև համարվել է ոչ հիմնավոր, սակայն հարկային մարմնին առաջարկվել է այդ գանգատներին առնչվող որոշումների նախագծերում փոփոխություններ կատարել, իսկ 57-ը համարվել է ոչ հիմնավոր: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչև խորհրդի ստեղծումն ընկած 10 ամսվա ժամանակահատվածում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովը բավարարել է ներկայացված դիմում-գանգատների ընդամենը 11.3 տոկոսը, իսկ խորհրդի ստեղծումից հետո ընկած նույն ժամանակահատվածում` արդեն 50 տոկոսը:
Ի տարբերություն նախորդ տարիների, ծրագրային հսկողության փոխարեն 2013թ-ին հիմնական շեշտը դրվել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման վրա, որի արդյունքում էապես բարձրացել է ֆինանսների նախարարության կողմից բյուջեի կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը: Մասնավորապես, 2012թ-ի ընթացքում հատուկ հանձնարարականներով իրականացվել են 15 ստուգումներ և ուսումնասիրություններ (ընդհանուր քանակի 21%-ը), իսկ 2013թ. իրականացվել են շուրջ 29 ստուգումներ և ուսումնասիրություններ (ընդհանուր քանակի շուրջ 35%-ը): Արդյունքում Տեսչության կողմից իրականացրած հսկողության ընթացքում արձանագրված գումարներից 2012թ-ին վերականգնված 1.1 մլրդ դրամի դիմաց 2013թ. վերականգնվել է 2.3 մլրդ դրամ: 2013թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 6 գործեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, 5-ի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ:
Նախարարությունը որդեգրել է երիտասարդ կադրերով աշխատակազմը համալրելու մոտեցում. 2013 թվականին աշխատանքի է ընդունվել 80 աշխատակից, որոնք հիմնականում ԲՈՒՀ-երը գերազանցությամբ ավարտած երիտասարդներ են: Նախարարությունն արդեն մի քանի ամիս է՝ ունի նոր կայք, նախատեսվում է շուտով գործարկել նաև գնումների նորացված կայքը:
Բացի այն, որ հաջորդ տարի շարունակվելու են 2013 թ. սկսած աշխատանքներն ու նշած բարեփոխումները, 2014 թ. ընթացքում մեր հիմնական նպատակներն են լինելու.
ա) Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցումը Մաքսային միության մաքսային օրենսդրությանը՝ պայմանավորված միությանն անդամակցությամբ:
բ) Որպես գերակա ուղղություն՝ շարունակվելու են պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները: Սա կարևոր քայլ է, քանի որ պետք է պատրաստ լինենք 2016 թվականից մասնակի, իսկ 2018 թվականից` ամբողջությամբ ծրագրային բյուջետավորմանն անցնելուն: Այս համատեքստում կմշակվեն բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) կազմման նորացված մեթոդական ցուցումները և դրա կիրառման հետ կապված խորհրդատվություն կտրամադրվի համապատասխան գերատեսչություններին: Արդյունքում ակնկալվում է ունենալ փորձարարական 10 գերատեսչությունների կողմից 2015-2017 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հետ մեկտեղ ստեղծված 37 բյուջետային ծրագրերի նկարագրեր (անձնագիր), ինչպես նաև ոչ ֆինանսական ցուցանիշների համակարգի վերանայված և լրամշակված տարբերակ:
գ) 2014 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը կհրապարակի ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգում իրականացված գնահատման վերջնական հաշվետվության արդյունքները, որոնց հիմք կդառնան պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների թիրախների վերանայման և ճշգրտման համար:
Հայաստանի Հանրապետության հանրային ծախսերի և ֆինանսական ծախսերի հաշվետվողականության (ՀԾՖՀ) գնահատման աշխատանքներն իրականացվել են 2013 թվականի մայիսից նախարարության համակարգմամբ և դոնոր համայնքի աջակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունում, Պետական եկամուտների կոմիտեում, Ազգային ժողովում և Վերահսկիչ պալատում՝ ՀԾՖՀ քարտուղարության որակի երաշխավորման գործընթացին պահանջներին համապատասխան: Այս աշխատանքները նպատակ ունեն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքը, համակարգի շարունակական և անաչառ գնահատումը, բացահայտել համակարգում առկա բացերը և այդ ուղղությամբ ձեռնարկել միջոցառումներ:
Նման գնահատում իրականացվել է նաև 2008 թվականին:
դ) Այս տարվա առաջնահերթություններից է լինելու նաև Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակումը:
Կառավարության 2014 թվականի ծրագիրն ապահովելու նպատակով նախարարությունն այս տարի կիրականացնի մի քանի միջոցառումներ:
1) Մասնավորապես, կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով, կվերանայվեն ոչ մետաղական օգտակար հանածոների բնօգտագործման վճարների դրույքաչափերը: Վճարների այս տեսակները փոխվել են վերջին անգամ 2011թվականին, մինչդեռ պինդ օգտակար հանածոների շուկայական գները այդ ժամակահատվածում բավականին բարձրացել են:
2) Նախատեսվում է տարեվերջին արդեն ունենալ «Բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցը՝ ամրագրելով առանձին գերատեսչությունների կողմից փորձարարական կարգով կազմվող բյուջետային ծրագրերի նկարագրերի համար իրավական հիմքը: Սկսած 2010 թվականից՝ ֆինանսների նախարարության հետ համատեղ առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով կազմել են 27 բյուջետային ծրագրերի նկարագրեր, մինչև 2016 թվականը նշված համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է ստեղծել ևս 43 բյուջետային ծրագրերի նկարագիր:
3) Նախարարությունը նախատեսում է առաջիկայում ներդնել և գործող համակարգերին ինտեգրել պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակը կրճատելու և առավել որակյալ հաշվետվություններ ստանալու նպատակով:
4) «Ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգով ներքին աուդիտի իրականացման կարգը հաստատելու մասինե որոշման ընդունմամբ, որը նույնպես ծրագրվում է ընթացիկ տարում, հնարավոր կլինի գործարկել ներքին աուդիտի տեղեկատվական միասնական համակարգը: Թեև ներքին աուդիտի համակարգը ներդրվել է, սակայն դեռ պետական կառավարման մարմիններում ու քաղաքային համայնքներում համակարգի աշխատանքը ավտոմատացված չէ, ինչը որոշակի դժվարություններ է առաջացնում ներքին աուդիտորների և լիազոր մարմնի կողմից ներքին աուդիտի մոնիթորինգի ու համակարգման աշխատանքներն իրականացնելու համար:
5) Տեղեկատվական միասնական էլեկտրոնային բազա է նախատեսվում ստեղծել նաև պետական ոչ առևտրային ընկերությունների համար: Սա կարևոր է այն առումով, որ բյուջետային պլանավորման գործընթացում ՀՀ ֆինանսների նախարարությունը օգտվում է ՊՈԱԿ-ների լիազորված մարմինների կողմից ներկայացվող ոչ ֆինանսական ցուցանիշներից (օրինակ` ուսուցիչների կամ աշակերտների փաստացի քանակը): Երբեմն ֆինանսների նախարարության ու ՊՈԱԿ-ների լիազորված մարմիններում ոչ ֆինանսական բնույթի ցուցանիշները չեն համապատասխանում՝ պայմանավորված այդ ցուցանիշներում կատարված փոփոխություններով, ներկայացման ժամկետով և այլն: Միասնական համակարգը կշտկի այդ անհամապատասխանությունն ու նաև կնպաստի պետական բյուջեի ճշգրիտ պլանավորմանը, ՊՈԱԿ-ների ցուցանիշների վերլուծություն և մոնիթորինգ կատարելուն:

Անկախ

Tags: ,