168.am-ը զրուցել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ:Անկախը իր ընթերցողներին է ներկայացնում այդ ուշագրավ հարցազրույցը.
- Նախ՝ խնդրեմ պատմեք, թե ինչ է անում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը:
- Այժմ մեր գործունեությունը հիմնականում ծավալվում է մի քանի հիմնական խնդիրների շուրջ. առաջինը՝ ճիշտ ներկայացնել հայրենադարձության գաղափարը և հնարավորությունները սփյուռքում: Այսինքն` մենք ներկայացնում ենք կոնկրետ մարդկանց պատմությունները, թե ինչպես են նրանք տեղափոխվել Հայաստան, ինչով են զբաղվում, ինչ ռեալ դժվարությունների են հանդիպել Հայաստանում և ինչ խորհուրդներ են տալիս նոր տեղափոխվածներին, և նշում, թե, օրինակ, ինչ առավելություններ ունեն այստեղ: Այս ամենի վերաբերյալ մենք ֆորումներ ենք կազմակերպում տարբեր համայնքներում, լինի դա ինտերնետի միջոցով, կամ էլ անձամբ գնում և մասնակցում ենք տարբեր միջոցառումների և այնտեղ ներկայացնում հայրենադարձության կարևորությունը տարբեր երկրներում և քաղաքներում: Ճիշտ է, ծախսը մեծ է, և շատ տեղերում չենք կարող նմանատիպ միջոցառումներ կազմակերպել, սակայն այս տարի մենք ծրագրել են 6 համայնքներում նմանատիպ միջոցառումներ կազմակերպել և ներկայացնել ոչ միայն Հայաստան տեղափոխվելու հնարավորությունները, այլ նաև կամավորական ծրագրերը Հայաստանում, որին նաև դրսի հայերը կարող են մասնակցել: Օրինակ, հաճախ շատերը գալիս են՝ որպես կամավոր, իսկ հետագայում որոշում են կայացնում մշտապես մնալ հայրենիքում, թեև այդ նպատակը մինչ գալը երբևէ չեն ունեցել: Այստեղի կրթական հնարավորությունները, օրինակ`Հայաստանի Ամերիկյան համալսարանը կամ Սլավոնական համալսարանը, հատկապես մեր այն հայրենակիցների համար, ովքեր հայոց լեզուն չգիտեն կամ հայերենին լավ չեն տիրապետում, նույնպես բավական լավ հնարավորություններ են ընձեռում, և այդպիսով շատերն ուսումը փորձում են համատեղել հայրենիքում ապրելու հետ: Բացի այդ, այնպիսի ծրագրերը, ինչպիսք են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» ավագ դպրոցը, Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը և այլն, շատ կարևոր են այս գործում: Կարծում եմ՝ այդ բոլոր ծրագրերով պետք է և կարելի է մարդկանց կապել Հայաստանի հետ: Կարևոր հարց է նաև այն, որ, երբ մարդն արդեն մտածում է և որոշում է կայացրել տեղափոխվել Հայաստան առաջիկա տարիներին, ապա մենք արդեն իսկ սկսում ենք այդ մարդկանց հետ աշխատել, փորձում ենք հասկանալ, թե որոնք են նրանց հիմնական հուզող հարցերը, որոնք կարող են շատ տարբեր լինել, օրինակ`անձնական իրերն ինչպե՞ս տեղափոխել, որպեսզի կարողանան օգտվել այն արտոնությունից, որ մեր պետությունը տրամադրում է, կամ, օրինակ` ի՞նչ անել այժմյան իրենց բնակարանի հետ, որ Նյու Յորքում է կամ այլուր. արդյո՞ք ամեն ինչ արժե վաճառել, և այլն, ինչպես աշխատանքի տեղավորվել Հայաստանում, լեզու սովորել, եթե չգիտեն, և այլն: Մենք այս ամենի վերաբերյալ, առնվազն հիմնվելով տարբեր մարդկանց փորձառության վրա, տալիս ենք խորհուրդներ, որոնց կարիքը նրանք իրականում շատ ունեն, իհարկե, մենք կարող ենք միայն օգնել մեր խորհուրդներով, սակայն, ի վերջո, նրանք պետք է որոշեն՝ վերադառնալ հայրենիք, կամ ոչ:
- Հայաստանում գործազրկության ցուցանիշը ցածր չէ, պաշտոնական տվյալներով՝ մոտ 32.5%: Այս պարագայում Ձեզ համար հայրենադարձներին այստեղ աշխատանքի տեղավորելը դժվար չէ՞, արդյոք գործարարներն օգնո՞ւմ են Ձեզ, թե՞…
- Այո, գործազրկությունը Հայաստանում շատ լուրջ խնդիր է, բայց եկեք հստակ հասկանանք, որ շուկայում շատ լուրջ դիսբալանս (անհավասարակշռություն) է տիրում: Oրինակ, մենք ունենք մոտավորապես 40 կազմակերպություն, որոնք մեզ պարբերաբար դիմում են և ամիսներով չեն կարողանում գտնել իրենց համար համապատասխան մասնագետի: Մի կողմից՝ մենք ունենք բազմաթիվ միջին մակարդակի տնտեսագետներ, իրավաբաններ, բժիշկներ, իսկ մյուս կողմից՝ մոտ 2 հազար թափուր աշխատատեղեր կան, օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որն այդպես էլ չի համալրվում նոր աշխատակիցներով: Այսինքն՝ ոչ պետությունը, և ոչ էլ հասարակությունը ճկուն չեն այս հարցում և չեն հասկանում, որ, ենթադրենք, եթե պետք են ծրագրավորողներ, ապա ընտանիքը պետք է դրա մասին մտածի, ոչ թե, օրինակ, իրենց երեխային մի կերպ տնտեսագետ դարձնեն, նախ՝ կաշառք տալով, որ ընդունվի, իսկ այնուհետև՝ կաշառք տալով, որ ավարտի, և արդյունքում շատ անգամ այդ շրջանավարտը, որ դուրս է գալիս համալսարանից, առանձնապես գիտելիքներ չի ունենում: Իհարկե, յուրաքանչյուր հայրենադարձի համար, ով դիմում է մեզ, մենք չենք կարող աշխատանք ապահովել, որովհետև երբեմն հանդիպում են շատ նեղ մասնագիտացում ունեցող մարդիկ՝ գիտնականներ և այլք, իսկ մենք նրանց փորձում ենք բացատրել, որ իրենք այդ կերպ Հայաստանում չեն կարող իրենց պահել, և պետք է մեկ այլ նոր բան սկսել կամ փոխել իրենց ոլորտը: Այսօր աշխարհը զարգանում է, և մենք դեպքեր ունենք, երբ մարդիկ ֆիզիկապես գտնվելով Հայաստանում՝ աշխատում են դրսի շուկաներում: Օրինակ` ՏՏ ոլորտում: Մենք այդ ձևաչափերը ևս շատ ենք խրախուսում, այնպես որ ոլորտը և աշխատավարձերի մակարդակը Հայաստանում խնդիր է, սակայն կրկին պետք է նշեմ, որ կան որոշ նիշաներ, որտեղ որ շատ լուրջ պակաս կա մասնագետների, օրինակ՝ մարքետինգի ոլորտի մասնագետների, ՏՏ ոլորտի մասնագետների, ռիսկերի կառավարիչների՝ բանկային ոլորտում, և այլն: Որքան ավելի զարգացած են կազմակերպությունները, և նրանց արտահանման ուղղվածությունն ուժեղ է, այդքան ավելի ժամանակակից է նրանց մոտեցումը, օրինակ, մենք մի դեպք ունենք, երբ մի հայ աղջիկ Ֆրանսիայից skype-ով հարցազրույց անցավ Հայաստանում գործող նմանատիպ մի ընկերությունում և նոր տեղափոխվեց Հայաստան: Մենք ձգտում ենք, որ ապագայում մենք կարողանանք նման ձևով օգնել մարդկանց, որպեսզի մինչև Հայաստան տեղափոխվելը նրանք կարողանան աշխատանք գտնել, և նոր միայն վերադառնան:
- Այժմ Հայաստանում արտագաղթի տեմպերը բավականին բարձր են, այս իրավիճակում Ձեր գործն արդյոք չի՞ դժվարանում: Եվ ընդհանրապես հետաքրքիր է, ինչպե՞ս եք կարողանում, կոպիտ ասած , «համոզել» ու մարդկանց բերել Հայաստան:
- Այդ «համոզել» բառը սխալ է, մենք ոչ ոքի չենք համոզում: Իհարկե, հասկանում եմ ձեզ շատ լավ, բայց եկեք նախ հասկանանք, թե ո՞վ է հիմնականում արտագաղթում: Արտագաղթում են ոչ բոլորը, բայց մեծամասամբ այդ արտագաղթը տեղի է ունենում դեպի Ռուսաստան, իսկ հիմնականում գնում են գրեթե նույն պրոֆիլի մարդիկ: Իհարկե, նրանցից ոչ բոլորն են տեղափոխվելով Ռուսաստան՝ լավ ապրում, բայց իրենք այնտեղ, այսպես ասած, «վիզ են դնում»` ամեն ինչ անում են այնտեղ, որպեսզի փորձեն ապահովել իրենց գոյատևումը: Ցավոք սրտի, նույն ջանքերը ես չեմ տեսնում, որ մարդիկ գործածեն Հայաստանում, և թեկուզ այնտեղ` Ռուսաստանում, միգուցե ավելի շատ գումար են վաստակում, բայց ապրում են շատ ավելի ոչ բարեկեցիկ պայմաններում և շատ ավելի ցածր մակարդակից են սկսում: Դեռ չեմ խոսում նրանց նկատմամբ այնտեղի հասարակության վերաբերմունքի մասին: Ի դեպ, այդ արտագաղթի մասին է խոսում նաև այն, որ Ռուսաստանից եկող տրանսֆերտները գնալով նվազում են, քանի որ շատերն արդեն մտածում են ոչ թե գումարը Հայաստան ուղարկելու մասին, այլ իրենց ընտանիքին վերցնում և տանում են իրենց մոտ՝ Ռուսաստան, իսկ դա բավականին լուրջ աղետ է մեզ համար: Իրականում մեր հույսն այն է, որ հայրենադարձները տեղափոխվելով Հայաստան և բերելով նոր գաղափարներ և նոր մոտեցումներ, նոր գիտելիք ու նոր փորձառություն՝ իրենց բնորոշ էներգիայով կարողանան ապագայում ձևավորել և զարգացնել ինչ-որ նոր ալտերնատիվ ուղղություններ և այդպիսով աշխատատեղեր ստեղծել նաև տեղացիների համար: Այդպիսով մենք կարող ենք ունենալ ոչ թե մեկ «Այբ» կամ «Թումո», այլ մի քանիսը, ինչը համակարգային փոփոխություններ կբերի մեր երկրում որոշակի կոնկրետ ոլորտներում: Ես չեմ ասում, թե հայրենադարձներն ինչ-որ արտոնյալ մարդիկ են, բոլորովին, սակայն նրանք կարող են նպաստել մեր երկրում տարբեր ուղղությունների զարգացմանը, քանի որ նրանց զգալի մասը շատ ակտիվ է ոչ միայն հասարակական տարբեր շարժումներում, այլև բիզնես ոլորտում:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Tags: Վարդան Մարաշլյան, Վերադարձ Հայաստան