«Առանց Իրանի ներգրավվածության «Ժնև-2» համաժողովին ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելը չափազանց բարդ կլինի». Արամ Մանուկյան

Ժնև-2Հունվարի 22-ին կայացած «Ժնև-2» համաժողովին ներկայացված էր թե’ ընդդիմադիր կողմը, իհարկե, որոշ վերապահումներով, թե’ պաշտոնական կառավարությունը և թե’ շահագրգիռ հիմնական ուժերը, բացառությամբ Իրանի: Քաղաքական վերլուծաբան Արամ Մանուկյանի կարծիքով` ի սկզբանե, «Ժնև-2»-ում արդյունքներ գրանցելու համար բավական նախադրյալներ չկային: Մի կողմից դա պայմանավորված էր կողմերի կոշտ դիրքորոշմամբ, նրանք պատրաստ չէին փոխզիջումների, մյուս կողմից, բանակցություններին ամբողջությամբ ներկայացված չէր սիրիական ընդդիմությունը:

Այդ մասին, կոնֆերանսի բացման խոսքում ասաց նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` կարևորելով ընդդիմադիր ողջ զանգվածի մասնակցությունը բանակցություններին` որոշակի արդյունքներ գրանցելու համար: «Բանակցություններում չափազանց կարևոր տեղ կարող էր զբաղեցնել Իրանը, որը անմիջական մասնակցություն է ունենում Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Առանց Իրանի ներգրավվածության համաժողովին ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելը  չափազանց բարդ կլինի: Կողմերի պատրաստակամությունը բանակցային սեղանի շուրջ նստել և փորձել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար քաղաքական լուծումներ փնտրել, կարելի է գնահատել դրական: Պետք է նկատել, որ բանակցությունների ընթացքում շատ խոսվեց սիրիական խնդիրների մասին, սակայն դրանց լուծման ուղղությամբ որևէ քայլ չառաջարկվեց կամ չհստակեցվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Մանուկյանը:

Բանակցությոնների հաջորդ փուլը նախատեսվում է փետրվարի 10-ին, որի ժամանկ կարելի է ակնկալել որոշ համաձայնությունների ձեռքբերում, մասնավորապես հումանիտար օգնության ցուցաբերում: Վերլուծաբանի խոսքով` դա մի կողմից չի հակասի հիմնական դերակատարների շահերին, մյուս կողմից էլ բանակցային գործընթացի մասնակիցներին թույլ կտա գրանցել շոշափելի դրական տեղաշարժ, ինչը լավ նախադրյալներ կստեղծի բանակցային գործընթացի շարունակականության համար:

 

 Անկախ

Tags: , , ,