«Մայրաքաղաքին բնորոշ կենդանական աշխարհը գնալով ոչնչանում է». Սիլվա Ադամյան

«Թռչնասերների կենտրոն»Երևանում շինարարության տեմպերի աճի և կանաչ տարածքների կրճատման հետևանքով երգեցիկ թռչունների որոշ տեսակներ անհետացել են:
Այնպիսի թռչնատեսակներ, ինչպիսիք են վարդագույն սարյակը, բեղավոր երաշտահավը, շիկապոչ սոխակը, փոքր երաշտահավը, ջրածիծառը, կանաչ գոտիների կրճատման արդյունքում պարզապես հեռացել են այլ վայրեր: Դրանց փոխարեն Երևանում գնալով ավելանում են ագռավներն ու կաչաղակները, որոնք քաղաքի աղտոտման յուրօրինակ ցուցիչ են: Դրանց պոպուլյացիայի աճի պատճառը «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավար Սիլվա Ադամյանի խոսքով` քաղաքի կառուցապատումն է, կանաչ գոտիների ոչնչացումը: Այդ թռչուններն արագ են բազմանում այնտեղ, որտեղ աղբը շատ է: Դրանք կարող են սնվել երգեցիկ թռչունների ձվերով, ինչը մեծ վնաս է պատճառում բնությանը:
Քաղաքի աղտոտումը նույնպես մեծ առնչություն ունի երգեցիկ թռչունների կորստի և ագռավների ու կաչաղակների բնադրման հետ: Ինչքան քաղաքն աղտոտվի, այնքան այդ թռչունների քանակը կավելանա: Վերացնելով պուրակներն ու անտառները՝ մենք վերացնում ենք նաև երգեցիկ թռչուններին:
«Մենք կենսամիջավայրի փոփոխության լուրջ խնդիր ունենք մայրաքաղաքում: Մայրաքաղաքին բնորոշ կենդանական աշխարհը գնալով ոչնչանում է: Կլիմայական փոփոխությունների և կենսամիջավայրի փոփոխության հետ պակասել է մանգաղաթև կոչվող թռչնատեսակը, վարդագույն սարյակների քանակության անկում է նկատվել, պոպուլյացիան քիչ է: Այն թռչունները, որոնք ժամանակին բնադրվել են Երևանում, այսօր չունեն բնադրավայրեր: Սյն կենսամիջավայրը, որը ստեղծվել է Երևանում, թույլ չի տալիս, որ այդ թռչունները բնադրվեն: Մյուս տեսակները, որոնք ոչնչացման շեմին են, մանր և երգեցիկ թռչուններն են, որոնք բնակվում են այգեպատ տարածքներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:
Նրա խոսքով՝ 80-ականներին Երևանում եղել է 151 տեսակի թռչուն, այսօր մնացել է 122 տեսակ, որը լուրջ կորուստ է: Պատճառն այն է, որ մեզ մոտ էկոլոգիական աղետ է, և քաղաքը գնում է դեպի անապատացում:

Անկախ

Tags: , ,