Գազի հարցով ԱԺ հանձնաժողովի ստեղծումը կբացահայտի՞ խորհրդավոր գաղտնիքը

Putin-Armenia_46_2.12.2013Խորհրդարանն այսօրվա նիստի աշխատանքն ավարտեց գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմամբ: Հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով` օրակարգում ընդգրկվելու է երկու կարևոր հարց, որոնցից մեկը վերաբերում է 300 միլիոն դոլար պարտքի կուտակմանը, մյուսը` գազի մեծածախ գնի ու բնակչությանը վաճառվող գնի միջև գոյություն ունեցող մեծ տարբերությանը:

Պատգամավորը ԱԺ ամբիոնից նախ ներկայացրեց երկարատև ամիսների ընթացքում իր կողմից արված բացահայտումներն ու առկա մտահոգությունները մի շարք հարցերի շուրջ` մասնավորապես նշելով, որ 2011 թվականից սկսած` հինգ անգամ տեղի է ունեցել գազի գնի թանկացում, սակայն հասարակությունն իմացել է ընդամենը երկուսի մասին: «Գաղտնի է պահվել 300 մլն դոլար պարտքի մասին տեղեկատվությունը, ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի 20 տոկոսը պարտքի դիմաց տալու մտադրությունը և այլն»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե տեղեկություններ ունի՞` այսօրվա դրությամբ պարտք կուտակվո՞ւմ է, թե ոչ: Մանուկյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը չունի` միաժամանակ հիշեցնելով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, որ մինչև 2018 թվականը ունենալու ենք 600 միլիոնի բեռ: Մանուկյանն ասաց, որ հայտնի չէ, թե խոսքն ինչ բեռի մասին է. «Սա հայ ժողովրդի պատմության մեջ ամենախորհրդավոր, ամենագաղտնի պայմաններում արված գործարնքն է: Պետք է բացահայտենք դա, ամոթ է ուղղակի»,-ասաց Մանուկյանը:

ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ հարցրեց, թե աշխարհի որևէ այլ երկրում նման պայմանագիր երբևէ կնքվե՞լ է, թե ոչ. «Այս պայմանագրով մեր Սահմանադրությունը դառնում է առ ոչինչ: Ես կոչ եմ անում մեր քաղաքական մեծամասնությանը` եկեք հասկանանք,  ինչ է կատարվում: Մենք կորցրել ենք մեր էներգետիկ սուվերենությունը»:

Արամ Մանուկյանը, անդրադառնալով միջազգային պրակտիկային, ասաց, որ սովորաբար նմանատի պայմանագրերը կնքվում են 5 տարով, և եթե դրական են լինում, երկարաձգում են. «Սա քաղաքական նվաստացման պայմանագիր  է, որից երեսուն տարի պետք է կախված լինենք: Եկե´ք մեզ և ձեզ համար բացահայտենք բոլոր գաղտնիքները»,-կոչ արեց նա քաղաքական մեծամասնությանը:

Նույն կոչով հանդես եկավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոոր Վահան Բաբայանը:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ սա ավելին է, քան հանձնաժողովը. «Մենք բառի բուն իմաստով փորձելու ենք փրկել հանրապետությունը»,-հայտարարեց նա:

Պատգամավորի խոսքով` այդ համաձայնագիրը փակում է Հայաստանի էներգետիկ զարգացումը:

Անդրադառնալով բնակիչներին վաճառվող գազի բարձր գներին` Բագրատյանը դրա հետ կապված երեք պատճառ նշեց. «Ամեն ընտրություններից առաջ գազաֆիկացնում են տարածքներ, որի անհրաժեշտությունը չկա, արդյունքում հանրապետությունը գազաֆիկացված է 95 տոկոսով, մինչդեռ գազ օգտագործում է բնակչության 65 տոկոսը»:

Երկրորդ պատճառը, ըստ նրա, գազապաստառների ծավալների ընդլայնումն է, երրորդը` ՀայռուսԳազարդի ներկայացուցչական ահռելի ու անիմաստ ծախսերը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հայտարարեց, որ հանձնաժողովի կողմից ստացված լավագույն արդյունքը կլինեն այն  դասերը, թե ապագայում ինչպես պետք է բանակցել կամ ինչպես չպետք է բանակցել:

«Եկեք 2014-ը դարձնենք համագործակցության և կասկածների փարատման տարի` նպաստելով մեր երկրի զարգացմանը»,-հորդորեց Թևան Պողոսյանը` նշելով, որ պետք է ձեռք ձեռքի գնալ այս հարցի լուծմանը:

Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Երբ ձեզ պետք է, ասում եք` եկեք համագործակցենք,  բա մի քիչ առաջ, որ կռիվ էիք անում, ինչի՞ չէիք ձեռք ձեռքի տված համագործակցում»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով` կառավարությունը հայտնվել է ազնվության դեֆիցիտի մեջ և պետք է միահամուռ ջանքերով պայքարել դրա դեմ:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես կողմ է հանձնաժողովի ստեծմանը:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի խոսքով` ամենամեծ խնդիրն այն է, որ 2014 և 2015 թվականներին աշխարհում փոխվելու է գազի գնի փիլիսոփայությունը, մինչդեռ Հայաստանը կախված է մնալու այդ պայմանագրից, որի տակ «ճկռելու են մեր թոռները»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով` ստեղծվել է «շիլաշփոթ» իրավիճակ, որը կարող է կարգավորել ստեղծվելիք հանձնաժողովը:

Գազային համաձայնագրերը շտապեցին պաշտպանել հանրապետականներ Վարդան Այվազյանը, Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը: «Հեչ պետք է չի ստեղ կողմ և դեմ բաներ անենք: Մենք նույն նավի մեջ ենք: Նավը պետք է գա իր խաղաղ ափերին»,-ասաց Գեղամյանը:

Խոսրով Հարությունյանն էլ համոզված է, որ հանձնաժողովը կդառնա քաղաքական շահարկումների առարկա, և կկորչեն նաև այն բարի նպատակները, որ դրված էին հանձնաժողովի առջև. «Եկեք մտածենք մշակել առաջարկություն աուդիտ անցկացնելու վերաբերյալ, ստանանք դրա մասնագիտական արդյունքները և հետո դրանց քաղաքական գնահատականներ տանք: Իսկ մինչ այդ ես կասկածում եմ, որ հանձնաժողովը կարող է դրական արդյունք տալ: Եկեք լինենք ավելի օբյեկտիվ»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց. «ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը դեմ չեն նման քայլերի, ուղղակի դուք ձևաչափը ճիշտ չեք ընտրել: Նախ ինձ առաջարկեիք, խմբակցությունների ղեկավարներով նստեինք, քննարկեինք` արժե նման հանձնաժողով ստեղծել թե ոչ: Ես համոզված եմ, որ եթե կան ապօրինություններ, ապա պետք է բացահայտել, ճշտել և պատժել: Մենք այդ հարցին ապագայում անդրադառնալու ենք և իրականացնելու ենք մեր բոլորի ցանկությունը»:

Խմբակցություններն ամփոփիչ ելույթում իրենց վերջնական տեսակետը կհայտնեն վաղը:

 

Անկախ

Tags: , , ,