ԱԺ ոչ իշխանական 4 ուժերն ուզում են իմանալ ընդամենը 3 պարզ հարցի պատասխան

azԽորհրդարանն ավարտեց գազի հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: Բոլոր խմբակցությունները հայտնեցին իրենց վերջնական դիրքորոշումը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ հանձնաժողով ստեղծելը թույլ կտա պարզել այնպիսի հարցեր, թե որտեղի՞ց առաջացավ 300 միլիոն դոլլարի պարտքը, ինչո՞ւ է գազը սահմանից սպառողին հասնում 110 տոկոսով թանկացած (ՀՀ է մտնում 189 դոլարով, սակայն 204 դոլար էլ ավելանում է մինչ սպառողին հասնելը), ինչո՞ւ է կնքվել 30 տարվա գազային պայմանագիր՝ ռուսական կողմին նման մեծ արտոնություններ տալու գնով:

images (1)«Հակաօրինական, հակապետական, հակասահանադրական ճանապարհով Հայաստանն արտաքին պարտք է կուտակել: Եկեք ինձ ապացուցեք, որ սխալ եմ ասում»,-նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ չորս ոչ իշխանական քաղաքական ուժեր արդեն միասնական օրակարգ են ձևավորել, որը դեռևս պետք է ընդլայնվի. «Եթե իշխանությունը չի գիտակցում այս իրավիճակը, ապա այդ չորս խմբակցություններին կմիանան նաև արտախորհրդարանական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը, և լիակատար իշխանափոխություն տեղի կունենա»:

Ըստ Հակոբյանի՝ մեծամասնությունը պետք է օգտվի այդ հանձնաժողովի աշխատանքներից, եթե իսկապես գործել է օրենքի դաշտում և ճակատը պարզ է: Այդ դեպքում ընդդիմությունն էլ կասի՝ բռավո:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այս քննարկումը դաշնակցության համար դեժավյու է հիշեցնում: Նա փորձեց թարմացնել մեծամասնության հիշողությունը և հետ գնաց դեպի 2010 թվական, երբ դաշնակցությունն առաջարկել էր ստեղծել նույնատիպ հանձնաժողով՝ գազամատակարարման համակարգի հետ կապված. «2010 թվականին բառ առ բառ կրկնվում էր այն իրավիճակը, որ հիմա գոյություն ունի: Նույն խնդիրներն են: Բայց Էն ժամանակ մեզ պատասխանում էին՝ եթե այդ հանձնաժողովի անհրաժեշտությունը տեսնենք, չենք ստեղծի՞»:

images (2)Ռուստամյանին այդ պատասխանը մի անեկդոտ է հիշեցնում. «Մեկը իջնում է ավտոբուսից, հսկիչն ասում է՝ տոմսդ, ասում է՝ ի՞նչ տոմս, ես ավտոբուսից չեմ իջել: Հսկիչն ասում է՝ ո՞նց թե չես իջել, ես տեսել եմ: Մարդն ասում է՝ լավ, եթե ավտոբուսից եմ իջել, բա իմ տոմսն ո՞ւր է…ձեր ասածը նույն բանն է»:

Արմեն Ռուստամյանը համոզված է, որ եթե  չորս տարի առաջ այդ հանձնաժողովը ստեղծված լիներ, այսօր այս վիճակում չէինք լինի. «Մենք կանխատեսում էինք չորս տարի առաջ, եթե այս ամենը չանենք՝ ինչ է լինելու: Մենք ասում էինք, որ Ազգային ժողովը պարտավոր է այդ ամենը վերահսկել, դրանից Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն էլ ավելի ճիշտ հունի մեջ կլինեին»,-ասաց նա:

Նրա կարծիքով՝ աշխարհում որևէ տեղ նման պայմանագիր կնքված չէ, ավելին, պատգամավորը գտնում է, որ շատ ավելի արժանավայել կլիներ, եթե այդ քսան տոկոս բաժնեմասը ուղղակի նվիրվեր ռուսներին. «Իսկ հիմա համ նվիրում են, համ էլ մոնոպոլ իրավունքներ են տալիս»:

Նա հիշեցրեց, որ գազամատակարարման, էներգետիկ բնագավառը մեր երկրի ներքին անվտանգության խնդիրն է, ինչն ամրագրված է մեր անվտանգության ռազմավարության մեջ, սակայն այսօր այդ անվտանգությունը ռիսկի է ենթարկվում:

загруженное (2)ՀԱԿ-ի կողմից ամփոփիչ ելույթում Լևոն Զուրաբյանը իշխող կուսակցությանն ասաց, որ իրենք Դանտոններ, արյունախում հեղափոխականներ չեն, և իրենց նպատակն այն չէ, որ արյուն թափեն ու գլուխներ կտրեն. «Մեր ուզածն ընդամենը ճշմարտությունը հասկանալն է: Այդ ո՞նց է ստանցվում, որ աշխարհի ամենաէժամն գազը ստաացող ժողովուրդն այդ նույն աշխարհում ամենաթանկ գինն է վճարում գազի դիմաց: Մարդիկ շոկի մեջ են, ես էլ եմ շոկի մեջ ընկել, երբ ստացել եմ իմ գազի հաշիվը»:

Սակայն, ըստ Զուրաբյանի, շոկն ավելի է խորանում, երբ մարդիկ հասկանում են, որ դա իշխանությունների ոչ կոմպետենտ, կոռուպցիոն բնույթի հետևանքով է:

Նա անհրաժեշտ է համարում նաև անկախ մարմնի ստեղծումը, որը կհետազոտի գազի որակը, քանի որ ներկա ընկերություններին պատգամավորը չի վստահում:

Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա Զուրաբյանի խոսքով՝ դա ստեղծել է սպառնալիքներ պետական պարտքի կառավարման առումով:

Անդրադառնալով ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասի վաճառքին՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ պետական սեփականության ապօրինի վաճառք է տեղի ունեցել, քանի որ խախտվել է պետական սեփականության մասնավորեցման մասին օրենքը: «Կատարվել է աղաղակող հանցագործություն, գանձագողություն, թալան: Եթե կառավարությունն ու իշխող կուսակցությունը պատրաստ են շիտակ երկխոսության հասարակության հետ և պատրաստ են պատասխանատվության կանչել կառավարությանը, ապա պետք է պատրաստ լինեն նաև ընդունել հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Ժողովուրդը սպասում է այս հարցերի պատասխաններին»,-ամփոփեց նա:

загруженное (3)ՕԵԿ տեսակետը ներկայացրեց Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով՝ եթե այս հարցի շուրջ ստեղծվի հանձնաժողով, ապա պարբերաբար պետք է նման հանձնաժողովներ ստեղծվեն նաև այլ հարցերի համար, օրինակ՝ ՀՀ-ի և Եվրամիության միջև վիզաների խնդրի, Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի և այլն:
«Ի՞նչ է, Ազգային ժողովում այլ մեխանիզմներ չկա՞ն,-հարցրեց Շահգելդյանը՝ ինքն էլ տալով այդ հարցի պատասխանը,-լսումների մեխանիզմը, պատգամավորական հարցապնդման իրավունքը: Բացի այդ, գոյություն ունեն միջխորհրդարանական, միջկառավարական  հանձնաժողովներ Ռուսաստանի և Հայաստանի միջև, ԱԺ նախագահին կից էլ կարելի է ստեղծել խումբ՝ հրավիրելով տարբեր մասնագետներ և հարցը համակողմանիորեն քննարկել: Պարտադիր չէ հանձնաժողով ստեղծել»:

Այնուհետև Շահգելդյանը նշեց, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն ունի բազմաթիվ կողմեր, և գազի մատակարարումը դրանցից ընդամենը մեկն է: «Հարցադրման մի շարք կետեր հարցականի տակ կդնեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Մենք կողմնակից ենք հարցի քննարկմանը, սակայն դեմ հանձնաժողովի ստեղծմանը: Դրա ազդեցության մասին էլ պետք է մտածենք՝ միջպետական հարաբերությունների տեսանկյունից»:

images (3)ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որը քննադատության հիմնական թիրախ դարձրեց կառավարությանը. «Նորմալ երկրներում նման կառավարության ղեկավարը հրաժարական է տալիս, բայց մեր երկրում ստախոսությունը, սեփական ժողովրդին խափելը, քցելը խաղի նորմ է»:

Անդրադառնալով Մհեր Շահգելդյանի կողմից արված առաջարկություններին՝ այլ մեխանիզմներով հարցը քննարկել, նա ասաց. «Մեզ մի սովորեցրեք մեր աշխատանքներն ինչպես կազմակերպենք: Եթե մեր հիմնավորումներն ու բարձրացրած հարցերը համարում եք օրինական և դուք էլ եք ուզում ստանալ այդ հարցերի պատախանները, ի՞նչն է խանգարում՝ գաք և մասնակցեք այդ հանձնաժողովի աշխատանքներին»:

загруженное (4)ՀՀԿ խմբակցության տեսակետն արտահայտեց Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ համաձայնագիրը, որ կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, ուղղված է մեր շարքային քաղաքացիների հանապազօրյա խնդրի լուծմանը և մեր տնետության տևական ժամանակ կայուն զարգացմանը:

Ինչ վերաբերում է գազի գնագոյացման, սպառողին թանկ հասնելու և այլ խնդիրներին, ապա Մինասյանը համոզված է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը կարող է այս ամբիոնից պատասխանել բոլոր հարցերին. «Բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ձեզ պետք չեն այդ պատասխանները, ձեզ այլ բան է հետաքրքիր»:

ՀԾԿՀ նախագահն այսօր Մինասյանին է ներկայացրել 35 երկրների տվյալներ, որոնց մեջ Հայաստանի սպառողը տասներորդն է իր կողմից սպառող գազի վճարման տեսանկյունից, իսկ Հայաստանի տնտեսվարողը՝ վեցերորդը:

images (4)Հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն, ամփոփելով քննարկումը, հայտարարեց. «Ինձանից լավ հայ-ռուսական հարաբերությունները պահպանելու կողմնակից չլինեք: Մենք միայն ասում ենք՝ սահմանից այս կողմ տեղի է ունենում գողություն, որտեղի՞ց է առաջանում այդ երկու հարյուր դոլարը: Դա ռուսների հետ ի՞նչ կապ ունի: Կամ ի՞նչ կապ ունեն ռուսները այդ 300 միլիոն դոլարի պարտքի հետ: Ընդհակառակը, ես ուզում եմ այս ամենը պարզվի, ռուսներն էլ հասկանան, թե ինչ անլուրջ  գործընկերների հետ գործ ունեն: Այնպես որ, խուսափել այս հանձնաժողովից, ուղղակի չի կարելի»:

Հարցը քվեարկության կդրվի վաղը:

 

Անկախ

Tags: , , , , , , ,