Խորհրդարանում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրը, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Տարվա անելիքները ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Նազարյանին հարցերով դիմելու համար: Առաջինը հասցրել էր հերթագրվել ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա Ռոբերտ Նազարյանից հետաաքրքրվեց, թե աշխարհում կա՞ որևէ այլ երկիր, որտեղ ներկրված գազի գինը սպառողներին է հասնում կրկնակի գնով, ինչպես Հայաստանում է:
Ռոբերտ Նազարյանը, որը կարծես սպասում էր այդ հարցին և իր մոտ գրավոր ուներ հարցի պատասխանները, նախ հայտարարեց, որ Հայաստանում գազի գնագոյացման մեթոդները համպատասխանում են աշխարհի լավագույն փորձին. «Երբ խոսում ենք մեր սպառողների մասին, միշտ վերցնում ենք բնակչությանը, իսկ մյուսներին` մոռանում,-ասաց Նազարյանը,- մասնավորապես գազի համակարգում ունենք երկու սպառողական խումբ` մինչև 10 000 խմ գազ սպառողներ և 10 000-ից ավելի սպառող բաժանորդներ»:
Ըստ Նազարյանի` պետք է դիտարկել սպառողական երկրորդ խմբին, որին գազը հասնում է 278 դոլարով, և մարժան կազմում ընդամենը 30 դոլար: «Մեր մեթոդիկայում ամրագրված է, որ յուրաքանչյուր սպառողական խումբ պետք է սպառի իր ստեղծած ծախսերի համար: Բնակիչների համար ծախսերն ու ներդրումերը շատ ավելին են: Չնայած որ բնակիչները մատակարարված գազի ընդամենը 30 տոկոսն են սպառում, սակայն նրանց բաժին է ընկնում ծախսերի 60 տոկոսը»:
Այնուհետև Ռոբերտ Նազարյանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին հիշեցրեց, որ երբ 1992 թվականին Էկոնոմիկայի նախարարն էր, ինքը նրանից շատ բան է սովորել` մասնավորապես այն, որ սուբսիդավորումը լավ բան է, բայց խաչաձև սուբսիդավորումը` ոչ. «Հավատարիմ մնալով այդ դասին` մենք խաչաձև սուբսիդավորումից փորձել ենք հեռու մնալ»,-ասաց Նազարյանը:
Ինչ վերաբերում է աշխարհի այլ երկրներում սպառողներին կրկնակի ավելի թանկ հասնող գազի գնի օրինակներին, ապա Ռոբերտ Նազարյանը դրանք ևս ուներ ձեռքի տակ, օրիանկ` Դանիան, Շվեդիան, Իտալիան…
Ցավոք, հայտարարվեց ընդմիջում, և Նազարյանի թվարկումը կիսատ մնաց:
Անկախ
Tags: Ազգային ժողով, գազի գին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հովհաննես Մարգարյան, Ռոբերտ Նազարյան
